Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ջավադյան. «Մեր կողմից արդեն իսկ գործի դրված միջոցառումները երաշխավորելու են ֆինանսական շուկայում կայունությունը»

Դեկտեմբեր 26,2014 21:12

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ պարոն Արթուր Ջավադյանի ելույթը Կենտրոնական բանկում 2014 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ

Ողջունում եմ բոլորիդ ավանդական դարձած այս տոնական միջոցառման կապակցությամբ: Ուրախ եմ, որ հաջողվեց վերջին շրջանում ֆինանսական շուկաներում հավասարակշիռ վիճակը վերականգնել և կայուն պայմաններում դիմավորել ամանորը: Մեր քաղաքացիների և տնտեսվարողների մոտ դեռևս կան մտավախություններ գալիք տարվա առաջին ամիսների հետ կապված, սակայն մեր կողմից արդեն իսկ գործի դրված միջոցառումները երաշխավորելու են ֆինանսական շուկայում կայունությունը:

Ցանկանում եմ երախտիքի խոսքս ուղղել մեր այն քաղաքացիներին և տնտեսվարողներին, ովքեր վստահում են դրամին` մեր անկախության և պետականության կարևոր խորհրդանիշներից մեկին և շեշտել անկախ միջազգային փորձագետների կարծիքը, որ հայկական դրամը զարգացող երկրների և հատկապես մեր տարածաշրջանի երկրների ամենակայացած արժույթներից է: Նրանք, ովքեր վստահեցին ազգային արժույթին և անհարկի գործարքներ չիրականացրեցին, զերծ մնացին արտարժույթի փոխարկումների արդյունքում առաջացած վնասներից:

Ներկայումս էլ շատ տնտեսվարող սուբյեկտներ փորձում են արհեստականորեն, զանազան ուղիներով ձևավորել դրամի արժեզրկման սպասումներ՝ փորձելով մեղմել իրենց իսկ սպեկուլյատիվ գործարքների արդյունքում ձևավորած վնասները: Ժամանակն է համապատասխան դասեր քաղելու:

Թե՛ աշխարհում, թե՛ տարածաշրջանում ընթացող տնտեսական և քաղաքական խորը կառուցվածքային տեղաշարժերն իրենց խտացված անդրադարձն են թողնում Հայաստանի տնտեսության վրա: Սակայն, Հայաստանի տնտեսությունը տարբերվում է իր հիմնարարներով և այդ առումով Ռուսաստանի տնտեսության ազդեցությունը, կամ վերջինիս բանկային համակարգի խնդիրները չեն կարող ամբողջությամբ տեղափոխվել մեր տնտեսություն: Դա պարզապես անհնար է:

Միևնույն ժամանակ, նոր մոտեցումներ և ճկունություն է անհրաժեշտ աշխարհում առկա մարտահրավերներին արձագանքելու և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի հիմքերը ամրապնդելու համար: Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆինանսական շուկայի տարերային զարգացումները միայն ստանդարտ մոտեցումներով չէին կարող հաղթահարվել: Մենք գիտակցում ենք, որ գործում ենք նոր միջավայրում, որտեղ անհրաժեշտ է հաշվի նստել նաև հասարակության վարքագծի արագ փոփոխությունների հետ:

Երկարաժամկետ տնտեսական աճի ձեռքբերման և դրա համար կարևոր նախապայման հանդիսացող գների կայունության ապահովման նպատակին էր ուղղված 2014 թվականի ընթացքում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական նվազեցման  քաղաքականությունը: Տարվա վերջի զարգացումները փոխեցին մեր քաղաքականության ուղղությունը, և այսօր կարող ենք արձանագրել, որ մեզ հաջողվեց զսպել ֆինանսական շուկայի գերարձագանքը և որոշակիորեն մեղմել գնաճային ճնշումները: Այս գործընթացն ուղեկցվեց պետական մյուս մարմինների և միջազգային ֆինանսական կառույցների հետ սերտ համագործակցությամբ:

Ֆինանսական կայունության տեսանկյունից անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ Հայաստանի ֆինանսական համակարգը բազմիցս ապացուցել է և տարեվերջին կրկին ապացուցեց ցնցումներին դիմակայելու իր ունակությունը: Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ չնայած բանկային համակարգը բավարար կապիտալացված է, 2015 թվականին էապես մեծացնելու ենք բանկային համակարգի կայունության պահանջները: Այն է՛լ ավելի կամրապնդի դրսից եկող ցնցումների նկատմամբ ֆինանսական համակարգի դիմադրողականությունը և կմեծացնի տարածաշրջանում բանկային համակարգի մրցունակությունը: Դրա համոզիչ ուղին բանկային համակարգի խոշորացումն է:

Ընդհանուր առմամբ 2014 թվականը ֆինանսական համակարգի համար նշանավորվեց որպես մարտահրավերներով լեցուն, սակայն նաև ձեռքբերումների տարի: Ֆինանսական համակարգը տարվա ընթացքում շարունակեց ցուցաբերել դինամիկ կայուն աճի միտումներ՝ իր դերակատարումն ունենալով տնտեսական աճի խթանմանը: Տարվա ընթացքում շարունակվել են պահպանվել տնտեսության իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման խորացման միտումները: Սա են փաստում ֆինանսական համակարգի ակտիվների ու վարկերի համախառն ներքին արդյունքի հետ հարաբերակցության ցուցանիշների 6 և 8 տոկոսային կետերով աճերը: Ներկայումս ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմում է 83%, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 50%` առաջ անցնելով տարածաշրջանի երկրներից:

Նշեմ նաև, որ այս տարի Կենտրոնական բանկը Կառավարության հետ համատեղ շարունակել է ակտիվ աջակցություն ցուցաբերել սոցիալական վարկային ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես հիփոթեքային, գյուղատնտեսական, զինծառայողներին, ուսանողներին, երիտասարդ տարբեր մասնագետներին տրվող և այլ վարկային ծրագրերով:

Կենտրոնական բանկը շարունակել է խորացնել համագործակցությունը տարբեր միջազգային կառույցների հետ` տարեվերջին կնքելով շուրջ 100 միլիոն դոլարի նոր պայմանագրեր: Մեր կողմից վարվող մակրոտնտեսական քաղաքականության դրական գնահատականով հանդես եկավ ԱՄՀ-ն՝ դեկտեմբերի 19-ին իր խորհրդում հաստատելով Հայաստանի և ԱՄՀ եռամյա համատեղ ծրագրի առաջին պարբերաշրջանի գնահատումը և դեկտեմբերի 23-ին Կենտրոնական բանկի հաշվին փոխանցելով ԱՄՀ վարկի հերթական տրանշը:

Ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ Կենտրոնական բանկը արդյունավետ աշխատելու պատրաստակամությամբ և բարձր պատասխանատվությամբ է մուտք գործում 2015 թվական:

Մեծարգո Նախագահ, հարգելի հյուրեր և գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Թող նոր՝ 2015 թվականը լինի խաղաղության, մարտահրավերների հաղթահարման և ձեռքբերումների տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031