Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրությունները վավերացնելու փորձ. ինչպե՞ս կարձագանքի ՀՅԴ-ն

Ապրիլ 25,2015 16:00

Հայոց ցեղասպանության խնդիրը մեր սեփական շահերի ծիրում քաղաքականապես արդիականացնելու հարցը, ըստ Արման Մելիքյանի, մենք դեռ նոր պետք է կարողանանք լուծել:

– Նախօրեին CNNturk-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահն ասել է. «Եթե Թուրքիան վավերացներ արձանագրությունները, ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելը Թուրքիային ուղղված քաղաքական ուղերձ էր։ Մենք հետ չենք կանչել մեր ստորագրությունը։ Եթե Թուրքիան վավերացնի, մենք էլ կվավերացնենք»։ Այն ամենից հետո, ինչ որ եղավ արձանագրությունների նախաստորագրմանը հաջորդած ժամանակաշրջանում եւ այս օրերին թուրքական մերժողականության պատին հերթական անգամ դեմ առնելուց հետո, իրատեսակա՞ն են Սերժ Սարգսյանի ակնկալիքները:

– Ժամանակը տարօրինակ խաղեր է խաղում մեկ օրվա հիշողության պաշար ու երեւույթների մակերեսային ընկալում ունեցող հանրույթների հետ: Այսօր մեզ մոտ ավելի շատ է խոսվում այդ արձանագրությունների շուրջ ծավալված տգեղ քաղաքական քաշքշուկով, քան դրանց իրական բովանդակության եւ հնարավոր երկուստեք վավերացման պատճառով հայկական կողմի համար սպասվող վնասակար բարոյական, իրավական ու քաղաքական հետեւանքների մասին: Չխորանալով տարատեսակ մանրամասների մեջ՝ ուղղակի հիշեցնեմ, որ արձանագրությունների վավերացումը Հայաստանի կողմից կնշանակի, որ նորանկախ Հայաստանն ինքն է արդեն հավանության արժանացնում Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրն ու ստորագրում Կարսի պայմանագրի տակ: Այս համատեքստում հետաքրքրական է, թե ինչպես կարձագանքի Դաշնակցությունը, որը ցնծությամբ էր ընդունել հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշումը:

– Ապրիլի 24-ի առիթով հայերին ուղղված ուղերձում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ասել է. «…պատասխանատվությունը ընդհանրացնելու ճանապարհով միայն թուրք ազգի վրա դնելը, անգամ դրան ատելության խոսք կցելը խնդիրներ է հարուցում եւ իրավունքի, եւ խղճի տեսանկյունից»: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է ակնարկում թուրք բարձրաստիճան պաշտոնյան:

– Սա թուրքական մերժողականության հիմքում դրված թեզերից մեկն է՝ ուզում են, որ եղած բյուրավոր զոհերի համար պատասխանատվությունը հավասարապես կիսվի ցեղասպան թուրքական վերնախավի ու ցեղասպանված հայ ժողովրդի միջեւ: Ներկայիս թուրք պաշտոնատարներն ասում են, որ ժամանակներն էին դաժան, եւ բռնություններն էլ փոխադարձ էին, ու հայերը, գուցե, անգամ ավելի շատ թուրքեր են սրի քաշել, քան իրենք են բնաջինջ եղել թուրքերի ձեռքով: Նման շեշտադրում կատարելով՝ թուրքական կողմը, փաստորեն, ասում է, թե հայերն ու թուրքերը հավասարապես են մեղավոր եւ հավասարապես էլ տուժել են դաժան ժամանակների դաժան բարքերի պատճառով եւ չպետք է միմյանց պարտք ու պահանջ ներկայացնեն կատարվածի համար, այլ պարտավոր են խաղաղ գոյակցության, հաշտության ու համերաշխության բանաձեւը միասին գտնել:

Բայց այդ բանաձեւը չի կարող գտնվել իրականությունն աղավաղող փաստարկումների միջոցով՝ դաժան ժամանակների դաժան բարքերին զոհ գնացած բյուրավոր հայերն ու թուրքերը սպանվել են թուրքական պետության կողմից հայ ժողովրդի հանդեպ զանգվածային բնաջնջման քաղաքականությունը կյանքի կոչելու՝ գործնականում կիրառելու ընթացքում: Սա երկու հավասարազոր ուժերի պայքար չէր, այլ թուրքական պետության կողմից իր հայազգի հպատակներին ոչնչացնելու փորձ, որին այդ հպատակներն իրենց հնարավորությունների սահմաններում դիմադրություն ցույց տվեցին՝ թուրքական կանոնավոր բանակին ու նրան աջակցող քուրդ հրոսակներին դիմադրում էին վատ զինված ու կայուն մատակարարումներից զուրկ մեր հայդուկների սակավաթիվ ջոկատները:

– Հունվարի 28-ին` Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը, Իսրայելի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից դատապարտեց ցեղասպանությունները, այդ թվում նաեւ Խոջալուի: Պաշտոնական Երեւանի արձագանքը եղավ լռությունը: Ինչո՞ւ: Ի՞նչ էր պետք անել:

– Նախ հիշենք, որ Խոջալուի դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի սկզբնական փուլում՝ ակտիվ ռազմական գործողությունների թիրախ դարձած տարածքում, եւ կատարվածի անկողմնակալ հետաքննություն չի կատարվել: Իսրայելի պարագայում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ երկրի նախագահը չունի գործնական քաղաքական դերակատարում, եւ նրա այդ կարգի հայտարարություններն իրավական եւ քաղաքական տեսանկյունից առարկայական հետեւանք ունենալ չեն կարող՝ թերեւս Ադրբեջանի ականջ շոյելու խնդիր էր լուծվում: Սակայն նման հայտարարությունների ի հայտ գալու պատճառներից մեկն էլ այն է, որ հայկական կողմերն ինչ-որ մի պահից ուրացան ադրբեջանահայության շահերն ու խաղաղ պայմաններում Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում եւ Ադրբեջանի այլ շրջաններում հայերի հանդեպ կիրառված զանգվածային էթնիկ զտումների փաստը բանակցային օրակարգի քաղաքական ու իրավական առանցքներից մեկը չդարձրին: Սա կամ մեր քաղաքական թերհասության, կամ կախյալ վիճակի հետեւանքն է: Գուցեեւ հենց այդ երկու գործոնների համադրության արդյունքը:

– Ինչպե՞ս կբնութագրեք Կնեսետում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի քննարկումները, ի՞նչ ազդակ դա պետք է լինի մեզ համար:

– Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ քննարկումները Կնեսետում ուշագրավ են այն առումով, որ տեսականորեն կարող են հանգեցնել մեր տեսանկյունից դրական իրավական հետեւանքների: Չեմ կարծում, որ կարող ենք մոտ ապագայում այդ արդյունքներն ակնկալել, սակայն իրենց քաղաքական եւ իրավական նշանակությամբ այդօրինակ քննարկումների նախաձեռնումն Իսրայելի խորհրդարանում ավելի ծանրակշիռ երեւույթ է, քան եթե համապատասխան տեսակետ արտահայտեր այդ երկրի նախագահը:

– Ինչո՞ւ են միայն չորս նախագահ ընդունել Սերժ Սարգսյանի հրավերը` ապրիլի 24-ին մասնակցել Ցեղասպանության 100-ամյակի տարելիցի արարողությանը: Ինչո՞վ բացատրել ԵՏՄ անդամ Ղազախստանի եւ Բելառուսի, հարեւան Վրաստանի նախագահների մերժումը:

– Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Երեւան ժամանող տարբեր երկրների ղեկավարների թիվն, իհարկե, համեմատելի չէ, օրինակ, «Շարլի Էբդոյի» խմբագրակազմի դեմ իրականացված դաժան ահաբեկչությունը միասին դատապարտելու համար Փարիզ ժամանած նախագահների, վարչապետների, խորհրդարանների խոսնակների ու արտգործնախարարների քանակի հետ: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Հայաստանն իր քաղաքական, տնտեսական ու ռազմական նկարագրի տեսանկյունից Ֆրանսիայի հետ համեմատելի չէ՝ ավելի կարեւոր է այն, որ Փարիզ եկած առաջնորդներն իրենց համերաշխությունն էին արտահայտում իրենց բոլորի համար վտանգ ներկայացնող երեւույթի դեմ պայքարելու պատրաստակամության հարցում: Այսինքն՝ դա արդիական ու առարկայական վտանգը չեզոքացնելուն միտված միջազգային ցույց էր, մինչդեռ Հայոց ցեղասպանության խնդիրը մեր սեփական շահերի ծիրում քաղաքականապես արդիականացնելու հարցը մենք, իրականում, դեռ նոր պետք է կարողանանք լուծել:

Զրույցը՝
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930