Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագիծը հավակնում է դառնալ ամենամյա պարային միջազգային փառատոն

Ապրիլ 29,2015 13:30

Հայաստանում վաղուց անցկացվում են մշակութային միջազգային փառատոներ, օրինակ, կինոարվեստի ոլորտում՝ «Ոսկե ծիրանը», թատերարվեստում՝ «Հայֆեստը», երաժշտարվեստում՝ «Վերածնունդը», «Ազգային պատկերասրահը» եւ այլն: Մինչդեռ պարարվեստի ոլորտում, բացի համահայկական «Իմ Հայաստան» փառատոնից, որը տեղի է ունենում ոչ ավանդական ձեւաչափով (2 տարին մեկ), հայաստանյան ամենամյա միջոցառում չի անցկացվում, էլ չենք խոսում միջազգայինի մասին:
Օրերս մեկնարկեց «Երգենք եւ պարենք հանուն խաղաղության» միջոցառումը: Մասնակցում են Շվեդիայից, Իսպանիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Վրաստանից ժամանած պարախմբեր: Միջոցառման նախաձեռնողներն ու կազմակերպիչներն են «Ապագայի կամուրջներ կրթամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը եւ եվրոպական բալետային թատրոնների հայ արտիստներից կազմված «Հզոր զգացմունքներ» ճանաչված խումբը:

6-2

 

«Առավոտի» հետ զրույցում «Ապագայի կամուրջներ» հ/կ-ի նախագահ Քրիստինե Ոսկերչյանը նշեց. «Այս ծրագիրը խաղաղասիրական ակցիա է, որի նպատակներն են միջմշակութային հաղորդակցման ամենաարդյունավետ միջոցներից մեկի՝ արվեստի, մշակույթի, այս դեպքում՝ պարի միջոցով համայն խաղաղասեր հանրության բողոքն արտահայտել ընդդեմ աշխարհի տարբեր երկրներում իրականացվող բռնությունների, պատերազմների եւ մարդկային խոշտանգումների»:

Տիկին Ոսկերչյանը վստահեցրեց, որ այս միջոցառումը հնարավորություն կընձեռի Հայաստանի եւ Եվրոպայի տարբեր երկրների երիտասարդների միջեւ նոր կապերի ու համագործակցության ստեղծմանը, ինչպես նաեւ հայ մշակույթը միջազգային հանրությանը պատշաճ ներկայացնելուն:

 

«Մեր նպատակն է հենց միջազգային հանրության առավել լայն շրջանակներում պարի լեզվով լրացուցիչ անգամ բարձրաձայնել եւ արձանագրել անցած դարասկզբի ամենազարհուրելի ոճրագործություններից մեկի՝ Հայոց եղեռնի մասին, հայ եւ օտարազգի տարբեր մշակույթներ կրող շուրջ 4 տասնյակ արտիստների մասնակցությամբ համատեղ համերգով հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին: «Բարեկամության կամուրջներ» խորագրով համերգը տեղի կունենա Ազգային օպերային թատրոնում, մայիսի 3-ին»,- հայտնեց Քրիստինե Ոսկերչյանը: Հավելեց, որ երեկոյին իր մասնակցությունը կբերի անվանի բալետմայստեր Նորայր Մեհրաբյանի ղեկավարած պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը, ինչպես նաեւ՝ «Հզոր զգացմունքները»:

6-2

Հարցին՝ հնարավո՞ր է այս միջոցառումը դառնա ավանդական, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մշակույթի նախարարությունը ողջունել է նախագիծը, հույս ունենք, որ այն կդառնա ամենամյա միջազգային փառատոն»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930