Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցիները գլխավոր դատախազից պահանջում են ազատ արձակել երեք տարի ապօրինաբար կալանքի տակ պահվող Սամվել Դիլոյանին

Օգոստոս 12,2015 17:48

«Չենք գնալու մինչև Սամվել Դիլոյանին բաց չթողնեն: Թող զանգեն գլխավոր դատախազին զեկուցեն, որ չենք գնալու: Ինքը բազմիցս ասել է, որ անմեղ մարդ կալանքի տակ չի էղնելու: Ինչ ա՝ մի իրեք տարի էլ ուզում են պահեն, նոր հասկանա՞ն, որ արած բան չունի էս մարդը, թե՞ կոտրեն մի բան էլ: Անհապաղ պետք ա ազատ արձակվի, որովհետև ապօրինի, կեղծիքներով սարքած 3 տարի պահել են, էդ սարքոցիներն ա, Սամվել Դիլոյանը անմեղ նստած ա: Զեկուցե՛ք գլխավոր դատախազին, կգա, նոր էստեղից կգնան». երեկ վանաձորցիները բազմամարդ բողոքի ցույցով փակել էին Լոռու դատախազության առջևի՝ քաղաքի կենտրոնական Մյասնիկյան փողոցն ու պահանջում էին ազատ արձակել երեք տարի առաջ Լոռու «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության համար կալանավորված Սամվել Դիլոյանին:11853858_1044413625592553_380096993_n

Մինչև աշխատանքային օրվա ավարտն ու դեռ դրանից հետո էլ քաղաքի բնակչությունը հանդիպում էր պահանջում մարզի դատախազի և սույն գործով հսկողություն իրականացրած ու մեղադրանքը պաշտպանող դատախազների հետ, բայց նրանցից ոչ մեկն այդպես էլ դուրս չեկավ քաղաքացիների խոսքը լսելու: Վանաձորցիներն ստիպված դատախազության շենքում հերթապահ թողնված դատախազների միջոցով իրենց պահանջը փոխանցեցին հանրապետության գլխավոր դատախազին՝ այն է՝ անհապաղ ազատ արձակել երեք տարի ապօրինաբար կալանքի տակ պահվող Սամվել Դիլոյանին:

Հիշեցնենք, որ փաստաբանի մահվան դեպքի առթիվ խմբակային սպանության և խմբակային խուլիգանության հոդվածներով երեք տարի մեղադրանքը պնդելուց հետո օրերս դատախազությունը հրաժարվեց իր իսկ առաջադրած՝ երեք մեղադրյալների վերաբերյալ խուլիգանության, իսկ նրանցից մեկի վերաբերյալ նաև սպանության մեղադրանքից: Արդյունքում՝ փաստաբանի սպանության համար երեք մեղադրվողներից Արեն Վերանյանը ապացույցների բացակայության հիմքով արդարացվեց ու ազատ արձակվեց դատարանի դահլիճում: Վանաձորցիները պահանջում են նույն՝ ապացույցների բացակայության հիմքով,  ազատել նաև մյուս մեղադրյալին՝ Սամվել Դիլոյանին:11855512_1044413702259212_1852518407_n

Հիշեցնենք նաև, որ փաստաբանի մահվան համար երեք մեղադրյալներից երկուսը՝ Սամվել Դիլոյանն ու Արեն Վերանյանը, ի սկզբանե իրենց մեղավոր չեն ճանաչել եւ պայքարում են արդարացման համար: Իսկ գործի դատաքննությամբ արդեն ապացուցվել է, որ հանգուցյալ փաստաբանի հետ վիճաբանողը երեք մեղադրյալներից միայն Արտակ Վերանյանն է եղել, որն էլ, դեպքի հաջորդ օրը ներկայանալով իրավապահներին, խոստովանել է, որ ինքն է հարվածել տուժողին քաշքշուկի ընթացքում: Այս հանգամանքը հաստատվել է եւ առաջին դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, եւ երրորդ՝ լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած՝ անկախ հանձնաժողովի կողմից:

Ադրինե ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31