Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրողները ՀՀ վերաքննիչ քրեական դատարան են ներկայանում մեղայականով

Սեպտեմբեր 03,2015 12:45

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին է դիմել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ՀՀ դատական դեպարտամենտի նախկին պատասխանատու Միսակ Մարտիրոսյանը:

Չեմ կարող չանդրադառնալ մի շատ կարեւոր փաստի, որը ամբողջությամբ բնութագրում է իմ դեմ հավաքված ապացույցների կեղծ եւ շինծու լինելը ու իմ հանդեպ դրսեւորված առանձնահատուկ սուբյեկտիվիզմը:

Թիվ ԵԿԴ0123/01/14 քրգործով 18.07.15թ. դատավճռով դատարանը ՀՀ քր.օր. 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 311 հոդվածի 1-ին մասով իմ նկատմամբ կայացրել է արդարացման դատավճիռ, որի դեմ գործի մասնակցող մեղադրողները վերաքննիչ բողոք են ներկայացրել: Հարգելի դատարան, նկատի ունենալով, որ մեր կողմից եւս բողոքարկվել է վերոնշյալ դատական ակտը եւ դատաքննության ընթացքում պատրաստվում ենք հանգամանորեն անդրադառնալ մեղադրանքի հիմքում դրված ապացույցների ծագումնաբանությանը եւ դրանց արժանահավատությանը, իսկ որոշ ապացույցների նաեւ թույլատրելի լինելը, ուստի չկրկնվելու համար դրանց այժմ չեմ անդրադառնա: Այսպես, բողոքի 65-րդ էջում արձանագրված է, մեջբերումը բառացի է. «Հարկ է նշել, որ առավել քան կարեւոր հանգամանք է հանդիսանում այն, որ կաշառք ստանալու եւ տալու երեք դեպքերի վերաբերյալ տեղեկություններին քննությունը տիրապետել է բացառապես Անգին Ղուկասյանի կողմից հայտնած տվյալներից` արձանագրված 2013թ. սեպտեմբերի 21-ին, 24-ին, 30-ին եւ դեկտեմբերի 3-ին կատարված հարցաքննությունների ժամանակ, իսկ դրանց վերաբերյալ մյուս ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներն արդեն ձեռք են բերվել այդ ցուցմունքների բովանդակությունից բխող տվյալների շնորհիվ: Նույն կաշառք տվողները, որոնց նկատմամբ հետագայում կայացվել են քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ, իրավապահ մարմիններին հաղորդում, հետագայում ցուցմունքներ են տվել Ա.Ղուկասյանի ցուցմունքներից հետո միայն, լրացնելով եւ ամրապնդելով դրանք: Այսինքն, Անգին Ղուկասյանի կողմից նման տվյալներ չհայտնելու պարագայում քննությունն իրական որեւէ հնարավորություն չէր կարող ունենալ այդ ծանր հանցագործությունների բացահայտման համար»: Սա իրականում առանձնահատուկ դեպք է, երբ մեղադրողները բողոքով արձանագրում են մի միտք, որը իրավապահ մարմիններում բնութագրվում է՝ որպես մեղայականով ներկայանալ:

Հարգելի վերաքննիչ դատարան, մեկ տարվա նախաքննության եւ մեկ տարվա դատաքննության ընթացքում բազմիցս հայտարարել ենք ու ներկայացրել ապացույցներ, հանդես եկել միջնորդություններով, որ նախաքննական մարմինը եւ հսկող դատախազները Ա.Ղուկասյանի հետ հակաօրինական գործարքի մեջ են մտել, որի արդյունքում ինձ կեղծ եւ շինծու մեղադրանք է առաջադրվել եւ, որ Լ.Պետրոսյանը, Ռ.Դարբինյանը եւ Վ.Կարապետյանը իրենց կողմից, 3 տարի առաջ, իբր կաշառքներ տալու վերաբերյալ հայտարարություններ տալիս, կամավոր եւ ինքնակամ չեն ներկայացել իրավապահ մարմիններին ու դա հիմնավորում էինք իրենց ցուցմունքներով եւ քրգործով ձեռքբերված այլ տվյալներով (օրինակ, հաղորդում կատարված հանցագործության մասին, որտեղ նշված էր, որ հանցագործությունը բացահայտվել է օպերատիվ տվյալներ իրականացնելիս եւ այլն): Վերոնշյալ անձանց ակնհայտ ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու հարցով անգամ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի հանձնարարի իմ հաղորդման հիման վրա նյութեր նախապատրաստվեն եւ լուծվի քրգործ հարուցելու հարցը, նշեմ ավելին, որ նման միջնորդությամբ հանդես եկավ նաեւ դատարանը, սակայն երկու դեպքերում էլ այդ հաղորդումներին ընթացք չտրվեց, իսկ դրանք վերադարձվեցին դատարանին:

Պատկերացնել է պետք, թե մեղադրողները ինչ աստիճանի են պարտավորված ու կաշկանդված, որպեսզի Ա.Ղուկասյանը հանկարծ անազատության հետ կապված պատիժ չստանա ու ստանձնելով նրա երկրորդ եւ երրորդ փաստաբանի դերը՝ առաջ են քաշում նոր մեղմացնող հանգամանք, անգամ ընդունելով, որ այդ կեղծ եւ շինծու ապացույցների սկզբնաղբյուրը Ա.Ղուկասյանն է, որը նաեւ պարկեշտ չէ, քանի որ բացահայտում են իրենց կեղծ տվյալներ հաղորդող ինֆորմատորին, որ նրա կողմից այդ տվյալները իրավապահ մարմիններին հայտնելուց հետո է, որ Լ.Պետրոսյանը, Ռ.Դարբինյանը եւ Վ.Կարապետյանը ցուցմունքներ տալով լրացրել ու ամրապնդել են դրանք: Այսինքն՝ Լ.Պետրոսյանը, Ռ.Դարբինյանը եւ Վ.Կարապետյանը կամավոր, ինքնակամ չեն ներկայացել իրավապահ մարմիններին ու հանցագործության մասին հաղորդում տվել, սակայն ակնհայտ ապօրինաբար ազատվել են քրեական պատասխանատվությունից:

Իսկ բողոքի 53-րդ էջում մեղադրողներն արձանագրում են, թե Վ.Կարապետյանի մասով որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` հանցագործության մասին կամովին հայտնելու հիմքով: Հակառակ դեպքում, նման որոշում չէր կարող կայացվել՝ օրենքի ուղղակի արգելքի պատճառով: Սակայն իրականում պարզվում է, որ կարող էր, քանի որ որոշ անձանց համար առաջնայինը ոչ թե օրենքն է ու օրինականությունը, այլ` գործարքի վրա կառուցված կամայականությունը: Այսինքն, մեղադրողները ընդունում են, որ քննիչների կողմից կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանրային վտանգավոր արարք: Հետեւաբար առաջանում է նոր հիմք՝ նշված անձանց ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու համար, որի վերաբերյալ արդեն իսկ մեր բողոքով հանգամանորեն անդրադարձել ենք: Միայն նշեմ, որ բողոքն անհիմն է եւ անօրինական եւ ենթակա է ամբողջությամբ մերժման, որոնց հիմնավորումներին ավելի մանրամասն կանդրադառնանք դատաքննության ժամանակ:

ՄԻՍԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930