Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ արտգործնախարարը քարտուղար Համոնդին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումները

Սեպտեմբեր 10,2015 10:17

Սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ֆիլիպ Համոնդի հետ հանդիպումով մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագավորություն։

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Ֆիլիպ Համոնդը կարևորեց բարձր մակարդակի ակտիվ շփումների շարունակականությունը։

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ վերջին շրջանում հաճախակիացել են բարձրաստիճան այցերը, խորհրդարանական շփումները, ակտիվացել են գործարար կապերը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել ամրապնդման և ընդլայնման համար։ Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները։

Նախարարներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, համագործակցության իրավական նոր հենքի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Հայաստանի և Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների, ահաբեկչության դեմ ուղղված միջազգային հանրության պայքարին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնություններին և դրա հետ կապված զարգացումներին։

ՀՀ արտգործնախարարը քարտուղար Համոնդին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումները և դրանց խորհուրդը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ս.թ. մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած` Ցեղասպանության կանխարգելման բանաձևը Մեծ Բրիտանիայի կողմից համահեղինակելու համար։

Այնուհետև Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ ունեցավ ՄԹ եվրոպական հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ, որի ընթացքում քննարկման առարկա դարձան հայ-բրիտանական հարաբերությունները, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը, ուկրաինական ճգնաժամը և դրա կարգավորման ուղիները, միջազգային մի շարք խնդիրներ։

Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղիները: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը։ Միացյալ Թագավորության եվրոպական հարցերով նախարարը իր երկրի աջակցությունը հայտնեց այդ ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց տվեց ԲիԲիՍի հեռուստաընկերությանը։

ԱԳՆ մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930