Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանը «Անգել» գիշերային ակումբում իրեն հարվածողին ցանկանում է «բարի ազատում»

Հոկտեմբեր 10,2015 13:30 Share

Արա Քիշմիրյանն արդարացվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճռով: Դատախազը բողոք է բերել, պահանջելով բեկանել ամբողջությամբ արդարացման դատավճիռը եւ կայացնել մեղադրական դատավճիռ` ամբաստանյալ Արա Քիշմիրյանին դատապարտելով 3 տարվա ազատազրկման:

Իշխանության ներկայացուցիչների դեմ ոտնձգություններ կատարելու գործով տուժող ճանաչված ոստիկանության աշխատակիցը՝ Էդ. Ավետիսյանը, ցուցմունք է տվել, որ Ա. Քիշմիրյանին ճանաչել է 17 տարի, որպես նույն թաղամասի բնակչի։ «Ոստիկանությունում ծառայության անցնելուց հետո Արայի հետ հարաբերությունները փոխվեցին, սկսեցի քիչ շփվել նրա հետ, իսկ հեռակա շփումներ են եղել։ Եղել են դեպքեր, որ մենք կատակով շփվել ենք միմյանց հետ»,-ասել էր տուժող- ոստիկանը։

Նշենք, որ այս ոստիկանը դեպքի օրն իր ծառայությունն իրականացրել է «Անգել» ակումբի ընդհանուր պահակակետում։ Ըստ տուժողի. «Իր իրավունքների եւ պարտականությունների մեջ էր մտնում հասարակական կարգը պահպանելու նպատակով շրջել սրահի ներսում, գտնվել ակումբի տարածքի տարբեր անկյուններում, տեսնելով կամ լսելով հասարակական կարգ խախտող անձի մասին` մոտենալ եւ փորձել կարգի հրավիրել տվյալ անձին։ Երբ հասարակական կարգ խախտող անձը հրաժարվում է կատարել իրեն ներկայացված օրինական պահանջը` բռնող խումբ կանչել եւ ոստիկանություն հրավիրել, իսկ երբ հասարակական կարգ խախտող անձը չի կատարում ոստիկանության պահանջը` նրան բերման ենթարկել»։
Ոստիկանը նկարագրել էր, թե ինչ է տեղի ունեցել երեք ամիս առաջ, երբ Ա. Քիշմիրյանը ոգելից խմիչք օգտագործած մտել է ակումբ։ Ըստ վկաների ցուցմունքի, ակումբի ղեկավարության կողմից Ա. Քիշմիրյանի մուտքն արգելվել է ակումբ։ Արային ներքին անվտանգության աշխատակիցներն առաջարկել են ակումբ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար զանգել ակումբի տնօրենին եւ «նրա հետ լուծել այդ հարցը»։ Սակայն Ա. Քիշմիրյանն ասել է, որ. «Ես չեմ զանգելու, Դուք զանգեք»։ Պարզվել է, որ ակումբի տնօրենի հայրը մոտեցել է նրան, հորդորել, որպեսզի Քիշմիրյանը հանգստանա:

Սակայն, ըստ վկաների, Քիշմիրյանն ասել է. «Ես պետք է մտնեմ կլուբ, ըտենց մեկը չկա, որ իմ դեմ դուռ փակի», նախասրահում անվայել արտահայտություններ անելով, հայհոյանքներ տալով։ Ի դեպ, ըստ դատարանի, այդ հայհոյանքները. «Վերացական են եղել» եւ՝ «անձնավորված՝ ինչպես իր, այնպես էլ ոստիկանության հասցեին»։
Ա. Քիշմիրյանին տուժողը նախազգուշացրել է, տնօրենի հայրն անգամ տարել է իր աշխատասենյակ, զրուցել նրա հետ: Նախազգուշացումից հետո Քիշմիրյանը եկել է նախասրահ՝ բարի սեղանի մոտ գարեջուր է խմել։

Ըստ տուժողի. «Ա. Քիշմիրյանը չի ընդունել ակումբ մուտք գործելու արգելքը եւ ագրեսիվ վարքագիծ է դրսեւորել։ Երբ անվտանգության աշխատակցի հետ զրուցելիս է եղել` Ա. Քիշմիրյանն անիմաստ, թիկունքից հարվածել է իրեն։ Ֆիզիկական ցավ զգալով` թեքվել եւ հակադարձ հարված է հասցրել Ա. Քիշմիրյանին։ Ա. Քիշմիրյանի վերոհիշյալ գործողությունները լուրջ են եղել։ Ինքը որեւէ մեղք չի ունեցել` իր նկատմամբ ամբաստանյալի կողմից նման պահվածք դրսեւորելու համար»։
Այսուհանդերձ, ոստիկանը որեւէ պահանջ չուներ ամբաստանյալից, ներել էր նրան, ցանկացել՝ «բարի ազատում»։

Տուժողներից Ս. Կարապետյանը ցուցմունք էր տվել, որ 2006թ.-ից ծառայում է ՀՀ ոստիկանությունում, իսկ 2013թ.-ից զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնին կից պահպանության վաշտի ջոկի հրամանատարի պաշտոնը, ունի ավագի կոչում։ Նա Ա. Քիշմիրյանի հետ բարեկամական, ընկերական, թշնամական կամ որեւէ այլ հարաբերությունների մեջ երբեւէ չի գտնվել։

Դեպքի օրը՝ այս տարվա փետրվարի 17-ին, նա ծառայություն է իրականացրել Երեւանի Վարդանանց 15/5 հասցեում գտնվող «Անգել» ակումբում։
Ըստ երկրորդ տուժողի. «Ժամը 22։00-ի սահմաններում ակումբ է այցելել իր ծանոթներից Արա Քիշմիրյանը, ում երկար տարիներ ճանաչում է որպես նույն թաղամասի բնակիչ։ Նա ակումբ է այցելել մի երիտասարդի հետ, ում անունը չի հիշում, ներկայացրել է որպես իր եղբայր։ Մոտենալով նրան` հասկացել է, որ Ա. Քիշմիրյանը ոչ սթափ վիճակում է, քանի որ նրա վրայից ալկոհոլի հոտ է եկել։ Նա ծանոթացրել է այդ երիտասարդի հետ, ում հետ մոտ 2 րոպե կանգնած զրուցել են։ Նրան ասել է, որ տանի իր եղբորը ակումբից, որպեսզի որեւէ միջադեպ տեղի չունենա, քանի որ նախկինում եւս Ա. Քիշմիրյանն այցելելով ակումբ եւ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` դրսեւորել է ագրեսիվ պահվածք, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ` ինչպես իր, այնպես էլ ակումբի հաճախորդների հասցեին։ Այդ երիտասարդն ասել է, որ իր եղբայրը վատ տղա չէ, պարզապես, երբ ալկոհոլ է օգտագործում` ագրեսիվ է դառնում»։ Տուժողը այնուհետեւ ներկայացրել էր այն, ինչ նախորդը:

Ի դեպ, Քիշմիրյանը Կարապետյանի ծառայական պարտականությունների հետ կապված առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` բռունցքով 3 անգամ հարվածել է նրա դեմքին` պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։

Ըստ մեղադրական եզրակացության էլ. «Առաջադրված մեղադրանքում մեղադրյալ Արա Քիշմիրյանն իրեն մեղավոր չի ճանաչել` պատճառաբանելով, որ Սարգիս Կարապետյանի հետ իրենք միշտ գտնվել են ընկերական հարաբերությունների մեջ եւ միշտ իրար հետ կատակել են։ Նշված օրը նույնպես միմյանց հետ կատակել են, ձեռքերով հրել միմյանց եւ կատակով հայհոյել, ծառայական պարտականությունների կատարման հետ կապված նրա նկատմամբ բռնություն չի գործադրել»։

«Անգել» գիշերային ակումբի անվտանգության աշխատակից, վկա Կարեն Պետրոսյանի ցուցմունքով էլ Արա Քիշմիրյանը ոստիկան Ս. Կարապետյանի հետ զրուցելու ընթացքում տվել է «վերացական հայհոյանքներ», ինչպես նաեւ մի քանի անգամ հարվածել է Ս. Կարապետյանի դեմքի շրջանին։

Նշենք, որ դատաբժշկական փորձաքննության թիվ 358 եզրակացությամբ՝ Ս. Կարապետյանի մոտ հայտնաբերվել են վերին շրթունքի շրջանի արյունազեղումներ, սալջարդ վերքեր, որը պատճառվել է բութ, կոշտ առարկայի ներգործության հետեւանքով, չի բացառվել նաեւ բռունցքներով, հնարավոր է նշված ժամանակին եւ հանգամանքներում, որն առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չի պարունակել։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031