Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Բոշյան. «Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանին փորձում են ներքաշել պատերազմում՝ առանց մեր ցանկության»

Նոյեմբեր 11,2015 22:35

Այսօր Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում  տեղի ունեցած «Ռուս–հայկական հարաբերություններ. եվրասիական ինտեգրացումը և տեղեկատվական գործոնը» թեմայով քննարկման ժամանակ  մասնակիցներից Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը նշեց,  որ պետք է քննարկել՝  ոչ  թե   այն հարցը, թե արդյոք պե՞տք է համագործակցենք Եվրասիական միության հետ, այլ թե ինչպե՞ս պետք է համագործակցենք:

Նա հիշատակեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝  Հայաստան կատարած վերջին այցը:  Նշեց, որ այն կապված էր Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ  ընդհանրապես անվտանգության պահպանման խնդրի հետ:

Արման Բոշյանն ասաց, որ ռուսական պատվիրակության այցի շրջանակներում հնչել է հետեւյալ հաղորդագրությունը. «Մենք հասկանում ենք, որ սիրիական օպերացիայի հակառակորդները փորձելու են ապակայունացնել մեր տարածաշրջանը, հատկապես թեժացնել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, սկսել լայնամասշտաբ պատերազմական գործողություններ, որի արդյունքում կստեղծվի ծանր իրավիճակ, եւ կդառնա հակակշիռ սիրիական կոնֆլիկտին»:

Պարոն Բոշյանը, դիմելով տեսակամուրջին մասնակից ռուս գործընկերներին, ասաց, որ այդ հաղորդագրությանը պետք է նրանք էլ տեղյակ լինեն, «Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանին փորձում են ներքաշել պատերազմում՝ առանց մեր ցանկության: Երեկ մենք այդ հարցը քննարկել ենք եւ մեր հիմնական դիվանագիտական հաղորդագրությունը եղել է հետեւյալը, որ մենք չենք ուզում պատերազմ, բայց եթե ուզում են մեզ ներքաշել պատերազմի մեջ, առանց մեր կամքի, Հայաստանը կիրականացնի երկու հայկական պետությունների միացումը»:

Պարոն Բոշյանը նշեց, որ իր անձնական կարծիքով՝ Լավրովն այցելել էր Հայաստան այս գործընթացների կանխման մասին խոսելու:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը եւ այդ համատեքստում տնտեսության զարգացմանը՝ Արման Բոշյանը նշեց, որ առանց քաղաքականության տնտեսություն չի լինում:

«Բացի այդ, տնտեսությունը նպատակը չէ: Տնտեսությունը միջոց է ապահովելու մարդու կյանքի որակը. ինչպիսի որակի մասին է խոսքը՝ հոգեւոր, թե՞ նյութական: Եթե մենք չենք պատկերացնում, թե ինչպիսին պետք է լինի մարդը, ինչ հոգեւոր արժեքներ պետք է ունենա նա, ինչպիսին պետք է լինի իր նյութական վիճակը,  տնտեսությունը չի կարողանա զարգանալ:

Տնտեսությունը պետք է ծառայի ինչ-որ նպատակի, ոչ մի հրաշք շուկա գոյություն չունի»,- ասաց նա եւ կոչ արեց Եվրասիական միության ինտեգրման գործընթացներով զբաղվողներին թղթերում ամրագրել եւ իրավական ուժ տալ այն արժեքներին, որի շուրջ պետք է համախմբվեն միության անդամները:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30