Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է այդ ամենն ինձ «սովետ» հիշեցնում

Նոյեմբեր 21,2015 10:00

Նայում էի հին լուսանկարներ: 1990 թվականի խորհրդարանը: Կոմունիստական թառամած դեմքեր (անկախ տարիքից) եւ երիտասարդ, հիմնականում ակադեմիական, գիտական միջավայրից եկած օրիգինալ, ինքնուրույն մտածող մարդիկ: Այդպիսի դեմքեր կարելի էր հանդիպել ոչ միայն խորհրդարանում, այլեւ տարբեր պետական հիմնարկներում: Նրանք խոսում էին բոլորովին այլ` նախկինում անծանոթ բառապաշարով, նրանց ելույթներում չկային տրաֆարետային բանաձեւեր: Միտքը սուր էր եւ ինչպես հիմա է ընդունված ասել` «կրեատիվ»:

Եվ «հանկարծ» հինգ տարի անց` 1995-ին, գերիշխող դարձավ նույն ձանձրալի, անդեմ «պարտխոզակտիվը»՝ առանց ինքնուրույն մտքերի, մաշված եւ իմաստ չարտահայտող բանաձեւերով: Այդպիսիք դարձան նաեւ նրանք, ովքեր դրանից 5 տարի առաջ հետաքրքիր եւ օրիգինալ էին: Նրանք դարձան ծանրաշարժ եւ փքված, ձեռք բերեցին խորհրդային բյուրոկրատիայի բոլոր հիմնական գծերը: Այդ «պարտխոզակտիվն» էլ մնաց 20 տարի:

Չեմ ուզում խորանալ այն հարցի մեջ, թե ինչ է տեղի ունեցել 5 տարում: Նրանք, ովքեր այդ ընթացքում իշխանության մեջ էին, հիմնականում ասում են, որ ոչինչ էլ չպատահեց, ինչպես կային, այդպես էլ մնացին, իսկ նրանք, ովքեր ասում են, որ որոշ բան, այնուամենայնիվ, «պատահեց», այդ մարդիկ «պատմության կեղծարարներ են»: Բայց դա առանձին թեմա է:

Ինձ հիմա այլ հարց է հուզում՝ ինչո՞ւ է այդ ամենն ինձ «սովետ» հիշեցնում: Միայն ի՞նձ է հիշեցնում, թե՞ ինձ նման մտածողներ էլի կան: Ինչո՞ւ է ՀՀՇ-ն (1995-1998 թվականների) եւ ՀՀԿ-ն (1998-ից առ այսօր) այդքան նման ԽՄԿԿ-ին: Ինչո՞ւ են երիտասարդ ՀՀԿ-ականներն ինձ հիշեցնում կոմերիտականներին: Ինչո՞ւ են պատգամավորների մեծ մասն իրենց անդեմությամբ եւ, թող թույլ տրվի ասել՝ «գաղջությամբ» այդքան նման կոմունիստական ֆունկցիոներներին: Ի դեպ, ԱՊՀ երկրների «իշխողները» (այդ թվում «հեղափոխություններ ապրած» եւ «եվրոպամետ» Վրաստանի եւ Ուկրաինայի) նույնպես իրենց շարժուձեւով եւ խոսքով հիշեցնում են «այն» ժամանակները:

Գուցե պատճառն այն է, որ հիշյալ ժամանակների մասին Հայաստանի եւ այլ նմանատիպ երկրների բնակչությունը հիշում է կարոտախտով: Գուցե պատգամավորներն ու չինովնիկները «ըստ բնորոշման» պետք է լինեն բութ եւ գորշ: Գուցե նրանք կարող են խոսել միայն աղքատ, սահմանափակ բառապաշար ունեցող «նովոյազով»:

Բայց եթե, ասենք, 1990 թվականին մարդիկ բութ չէին, նրանց բառապաշարը հարուստ էր, նրանց ուղեղը ճարպակալած չէր, ուրեմն դա «բնության օրենք» չի, ուրեմն կարող է պատահել՝ մենք երբեւէ այլ պատգամավորներ եւ չինովնիկներ ունենանք: Թե՞ «պարտխոզակտիվը» հավերժ կմնա:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արոեն says:

    Պարոն Աբրահամյան, ձեզ ինչպես հասկանալ? Վերևում գրվածից՝ եթե լրագրողական փաթեթվորումը հանեք, կմնա. «էս երկիրը՝ երկիր չի, տենաս՝ երբևէ կդառնա?»։ Որ մնաց ձեր էնտուզիազմը, «միայն հաճելի լուրեր»-ը? ..)))..
    Արդեն մոռացաք? -«Լրագրող, հայրենիքին ծառայելու՝ եղիր պատրաստ» – «Միշտ պատրաստ!»..))).. Նարեկացով և Կոմիտասով հարվածենք պարտխոզակտիվին և կոմերիտականներին!..))))…
    Էն, որ պարտխողակտիվ և կոմերիտականները անմահ են, խելացի մարդիկ հասկացան 1991 թվին։ Ես՝ 1995-ին… իսկ Պարոն Աբրահամյանի մոտ 2015-ին՝ դա դեռ հարց է..))))..
    Իրական հարցը՝ դա չէ, այլ ունեք դուք արդյուք որակյալ ճամպրուկ, որը կդիմանա Զվարթնոց օդանավակայանում հանձնված բագաժի նկատմամբ բարբարոսական վերաբերմունքին?… Եվ՝ ինչով եք զբաղվելու՝ քաղաքակիրթ աշխարհում, ձեր և ձեր ընտանիքի կարիքները հոգալու համար?…
    Եթե դուք կոմերիտական չեք, ինչ գործ ունեք կոմերիտականների երկրում? էդ, կոմերիտականների մայլում՝ քյանդրբազություն եք անում?..)))..

  2. Atshak says:

    ձեզ այդպես է թվում, որովհետև ձեր արյան մեջ է նստած թույնը սովետի հանդեպ: ավելին, ես վստահ եմ որ դա գենետիկայի մակարդակով է արդեն ներծծված ձեր երեխաների մեջ:
    Վայելեք ձեր ներքին թույնի բազմապատկված ու լեհական ու տարբեր եվորթրենինգներում ձեզ բաժին թույնը, մինչև կհասնի ձեր երազած “եվրոն” ֆրանսիական նավերի տեսքով, ու հայդե՜՜… դեպի Փարիզ:

  3. Տխուր իրականություն որ չենք ուզում տեսնել ու լսել, բայց այն տեսնում ենք ու լսում ենք, շատ ցավալի է…

  4. Հ.Շ. says:

    սովետի էջը դարձնելու համար,
    օգտակար կը լինի նաեւ կարգ մը բառեր դադրիլ գործածելէ,
    – թող անոնք ալ այլեւս յաւերժապէս հանգչին, հողը թեթեւ… –

    ես, օրինակի համար, իսկապէս բան մը չկարողացայ հասկնալ այս խմբագրականից

    «պարտխոզակտիվը» ի՞նչ է,
    «կոմերիտական»ը ի՞նչ է,
    եւ դեռ ուրիշ խորհրդաւոր/խորհրդային շատ բառեր…

    ինչ որ է…

    ամէն դէպքում՝ անցած ըլլայ

    եւ բարի շաբաթավերջ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30