Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՏԱՐԸ

Դեկտեմբեր 04,2015 10:30
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ տասնմեկերորդ

ԱՌԱՋԱՏԱՐԸ

Իրականում մեր նախորդ կյանքը սոցիալիզմի հետ էնքան կապ ուներ, ինչքան որ էս նորը՝ կապիտալիզմի, եւ էս նորերին որ կապիտալիստ եմ անվանում, նույնքան պայմանական ու հարաբերական է, ինչքան որ մեր էն նախորդ կյանքի առաջամարտիկներին կոմունիստ ու սոցիալիստ անվանելն էր պայմանական ու հարաբերական, եւ չնայած էն հին առաջամարտիկներին սոցիալիստ էինք անվանում, իսկ էս նորերին, ընդհակառակը, կապիտալիստ, այդուհանդերձ, սրանք մի ակնհայտ նմանություն ու ընդհանրություն ունեն, ու էդ նմանությունը ոչ թե էս երկուսի ճարպկությունը կամ ձեռներեցությունն է, այլ այն, որ էս երկուսն էլ հիմնականում Հայաստանածին չեն, ավելի ճշգրիտ՝ սփյուռքյան ծագում ունեն, եւ չնայած շատերն ու մանավանդ դաշնակցականները Ջավախքն ու մանավանդ Ղարաբաղը Հայաստան են համարում, փաստ է, որ Ջավախքն էսօրվա դրությամբ դեռեւս Վրաստանի կազմի մեջ է, եւ Ղարաբաղն էլ ոչ թե Հայաստանի կազմի մեջ է, այլ՝ միանգամայն անկախ, եւ ինչքան էլ ռուսամետ լինենք, Ռուսաստանն էլ Հայաստանի մաս չենք կարող համարել, եւ ամենաբուռն ցանկության դեպքում անգամ Լոսն ու Գլենդելն էլ չենք կարող Հայաստանի մաս համարել, եւ ինչքան էլ հայրենասեր լինենք ու Բաղրամյան 26-ի հետ էլ որեւէ առնչություն չունենանք, ստիպված ենք համաձայնվել, որ Հայաստանն առայժմ ընդամենն էս քսանինը հազար քառակուսի կիլոմետրն է, եւ մնացյալը Սփյուռք է, եւ մնացյալի հայ բնակչությունը՝ սփյուռքահայություն, եւ չնայած Ղարաբաղի անկախությունն արդեն որոշ երկրներ  ճանաչել են, դե յուրե Ղարաբաղն էլ է Սփյուռք, եւ ղարաբաղցիք՝  սփյուռքահայեր, եւ չնայած մենք Հայաստան ներգաղթած ռուսահայերին, վրացահայերին ու ղարաբաղցիներին երբեւէ ախպար չենք անվանել, դե ֆակտո իրենք էլ են  սփյուռքահայ, եւ հատկապես էս պահին հակված եմ իրենց սփյուռքահայ համարել, որպեսզի հայկական կապիտալիզմի եւ հայաստանյան  կապիտալի կուտակման  հետ կապված հետեւյալ միտքս ու տպավորությունս արտահայտեմ, այն է՝ Հայաստանի Հանրապետություն կոչվող անկախ եւ կապիտալիստական երկրի հիմնական կապիտալիստները սփյուռքահայերն են՝ ղարաբաղցիք, բաքվեցիք, ջավախքցիք եւ, իհարկե, իսկական՝ դասական սփյուռքահայերը, եւ չնայած մեր տեղական խառոշիներից որոշներն, այնուամենայնիվ,  հաջողացրին նախնական կապիտալ կուտակել եւ, փաստորեն, կապիտալիստ դառնալ, այդուհանդերձ, Սովետի ունեցվածքը հիմնականում բաժանվեց  դասական ու, այսպես ասած, ներքին Սփյուռքի ներկայացուցիչների միջեւ, բայցեւ ապարանցիք էլ նախնական կապիտալից անմասն չմնացին, եւ ավանդույթի համաձայն՝ թալինցիք էլ բավական ակտիվ գտնվեցին՝ մանավանդ սասունցի ու մշեցի թալինցիք, եւ նմանապես մարտունեցիներին ենք պարտավոր նշել, եւ եթե ապարանցիների ու թալինցիների առաջխաղացման հարցում իրենց բարձրաստիճան ներկայացուցիչները որոշակի դեր խաղացին, մարտունեցիք միանգամայն ինքնուրույն՝ ռուսաստաններում իրենց նախնական ու հիմնական կապիտալը կուտակեցին՝ ապացուցելով, որ հայերիս մասշտաբով իրենք բացարձակ  չեմպիոն են, եւ  մարտունեցիների առումով էս «բացարձակ չեմպիոն» արտահայտությունը ոչ թե իմն է, այլ իմ համադասարանցի, ծնունդով մարտունեցի եւ ֆիզմաթ գիտությունների թեկնածու Աշոտինը, որը կապիտալիզմի ու կապիտալիստների հետ էնքանով  կապ ունի, որ իր մանկության ընկեր ու իր համադասարանցի Վարոն Տուլայի մարզում ֆինանսական մեծ հաջողությունների հասնելով՝ տարվա մեջ մի քանի անգամ  հազարական դոլար է ուղարկում իր եւ իմ համադասարանցի Աշոտին, որն իր մանկության ընկերոջ եւ իր համադասարանցու ուղարկած էդ հազարականներն աստիճանաբար փոխանցում է «Պապլավոկին» ու «Կետիկնոցին», եւ որպեսզի ձեզ համար ավելի հասկանալի լինի, ասեմ, որ իմ համադասարանցի Աշոտը մինչեւ հինգերորդ դասարան իր  հայրենի Մարտունիում է դպրոց գնացել, իսկ այնուհետեւ՝ մինչեւ ութերորդ դասարան ուսումը շարունակել է Երեւանի մեր Մաքսիմ Գորկու անվան դպրոցում, իսկ դրանից հետո էլ՝ Երեւանի ֆիզմաթ դպրոցում, եւ ուսումն ավելի շարունակելով՝ դարձել է ֆիզմաթ գիտությունների թեկնածու ու դասախոս, եւ հիմա իր համադասարանցի Վարոյի ուղարկած հազարական դոլարները մեծահոգաբար ու պարբերաբար «Պապլավոկի» ու «Կետիկնոցի» բյուջեներին փոխանցելով՝  մշտապես բարձր է պահում տրամադրությունն ու միանգամայն լրջորեն զարգացնում է իր տեսությունը, համաձայն  որի՝ կապիտալիզմի, կապիտալի եւ ընդհանրապես նոր ժամանակների գծով Հայաստանում եւ ի Սփյուռս աշխարհի՝ միանձնյա առաջատարը մարտունեցիք են:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031