Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիից հետո Վանաձորն են տեխնոլոգիական կենտրոն դարձնում

Դեկտեմբեր 10,2015 17:05

Դեկտեմբերի 12-13-ին Վանաձոր քաղաքում կազմակերպում է «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցությամբ:

Մրցույթի ընթացքում ծրագրավորողներից եւ ոչ ծրագրավորողներից կազմված թիմերը կմշակեն տարբեր ոլորտներին առնչվող խնդիրների լուծումներ, որոնք այնուհետեւ գնահատելու է մասնագիտական ժյուրին, իսկ թիմերին իրենց աշխատանքի ընթացքում աջակցություն են ցուցաբերելու տեխնիկական աշխատակիցները:

Վանաձորում այս մրցույթի պարբերաբար անցկացման նպատակը, կազմակերպիչների վստահեցմամբ, հետաքրքրություն առաջացնելն է երիտասարդների շրջանում ՏՏ ոլորտի արտադրանք ստեղծելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Վանաձորում մեծածավալ աշխատանքներ են կատարվում՝ քաղաքը տեխնոլոգիական կենտրոն դարձնելու համար:

Այսօր այս միջոցառման վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ասաց. «Մեզ հաջողվեց Գյումրիում փոխել մտածելակերպ եւ կյանքի որակ, ստեղծել համապատասխան միջավայր նոր գաղափարներով հանդես գալու եւ տեղի մասնագետների միջոցով դրանք կյանքի կոչելու համար: Այս հաջող օրինակի հիման վրա ցանկանում ենք Վանաձորը նույնպես դարձնել տեխնոլոգիական հզոր կենտրոն: Նպատակին հասնելու առաջին քայլերն են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը և նմանատիպ մրցույթների իրականացումը, ինչպիսին է տարվա ամենամեծ տեխնոլոգիական մրցույթը՝ Հեքըթոն 2015-ը»:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանի խոսքերով՝ մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է. «Մենք ստացել ենք 70 դիմում, ընդհանուր 250-ից ավելի մասնակիցներով։ Առաջարկվող լուծումները տարբեր ոլորտների են առնչվում՝ սկսած առողջապահությունից մինչեւ բնապահպանություն կամ առեւտուր։ Մեր կենտրոնը հատուկ ուշադրություն է դարձնելու ամպային տիրույթում փոքր եւ միջին բիզնեսի խնդիրների լուծումներ առաջարկող թիմերին։ Կենտրոնը ոչ միայն շնորհելու է դրամական մրցանակ, այլեւ թիմերին կտրամադրի տեխնոլոգիական եւ բիզնես աջակցություն՝ իրենց գաղափարը կայուն բիզնեսի վերածելու համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031