Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Խաչատրյանը կկատարի իրեն նվիրված Կոնցերտ-ֆանտազիան

Հունվար 14,2016 16:01

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն այս տարի կմեկնարկի հունվարի 15-ին: Արդեն 7-րդ անգամ անցկացվող փառատոնն այս տարի նվիրվում է անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին:

Երկար տարիների պատմություն ունեցող հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների և ներկայիս ձեռքբերումների պահպանությանն ուղղված այս փառատոնը կներառի չորս համերգային երեկո: Կհնչեն հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը փառատոնի շրջանակներում կներկայացնի հոբելյանական երեկոներ: Կնշվեն կոմպոզիտորներ Խաչատուր Մարտիրոսյանի 70-ամյա և Վարդան Աճեմյանի 60-ամյա հոբելյանները:

Փառատոնի բացման համերգին անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ առաջին անգամ կհնչի Խաչատուր Մարտիրոսյանի ջութակի և նվագախմբի Կոնցերտ-ֆանտազիան:

«Մոտ երկու տարի առաջ, երբ ես հերթական անգամ համերգով Երևանում էի, պարոն Մարտիրոսյանը մոտեցավ ինձ և ասաց, որ ինձ նվիրված կոնցերտ է գրել, որը կոչվում է Կոնցերտ-ֆանտազիա: Դա ինձ համար անակնկալ էր, որից շատ զգացված եմ: Ինձ առաջին անգամ են կոնցերտ նվիրում: Ես խոստացա Խաչատուր Մարտիրոսյանին, որ անպայման այդ կոնցերտը կկատարեմ»,- այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերգեյ Խաչատրյանը:

Հարցին՝ արդյոք Խ. Մարտիրոսյանի հետ համաձայնեցրե՞լ են, որ եթե ինքը գործի մեջ ինչ-որ բաներ չհավանի, կարող է փոփոխել, Ս. Խաչատրյանը պատասխանեց. «Նա ինձ այդ ազատությունը տվել է, բայց ես սկբունքորեն դեմ եմ որևէ գործ փոխելուն, եթե նույնիսկ այդպես այն կարող է ինձ ավելի մոտ լինել: Ես գտնում եմ, որ իրավունք չունեմ փոխելու կոմպոզիտորի գրածը, ինչքան էլ ինչ-ինչ բաներ չհավանեմ: Դա նրա գործն է, և «ուղղելը», քեզ հարմարեցնելն ինձ համար սխալ մոտեցում է»,- ասաց ջութակահարը:

Ինչ վերաբերում է հիմնական երգացանկում ընդգրկելուն, Ս. Խաչատրյանն ասաց, որ դա ժամանակը ցույց կտա. «Կախված է նրանից, թե ես ինչպես կհասկանամ այդ գործը, թե մենք ինչպես ժամանակի ընթացքում իրար հետ լեզու կգտնենք: Հասկանալու համար՝ դա իմն է, թե ոչ, ժամանակ է պետք»:

Վերադառնալով փառատոնին՝ տեղեկացնենք, որ համերգային ծրագրում կհնչեն նաև Միրզոյանի Տոնական կոչնակները, կամերային և սիմֆոնիկ մի շարք ստեղծագործություններ, մասնավորապես երկար տարիներ չհնչած ռոմանսները, ինչպես նաև լարայինների և գոսերի համար գրված սիմֆոնիան, որը դարձել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի այցեքարտը:

Փառատոնի շրջանակներում առանձին համերգային ծրագրում Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ կհնչեն Էդգար Հովհաննիսյանի խմբերգերն ու ժողովրդական երգերի մշակումները, որոնք երկար ժամանակ չեն հնչել Հայաստանում:

Փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, առաջին անգամ կներկայացնի Վարդան Աճեմյանի Չորրորդ սիմֆոնիան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինչպես նաև Արամ Սաթյանի «Երգ բնության» սիմֆոնիան:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շատ ուրախ եմ որ ընդունել ես կատարել քեզ նվիրված մի նոր գործ, դա հարգանքի նշան է հանդեպ մեր երաժշտական արվեստին, հարգանք երգահանին եւ ունկնդրին, որ առիթ կունենա լսելու մի նոր գործ քո կատարմամբ, որ անկասկած լինելու է շատ հաջող եւ այսպես կավելանա մի ջութակի մենանվագ որ ուրիշ ջութակահարներ եւս պիտի ուզեն նվագել պարզապես քո կատարողական արվեստին մոտենալու համար: Չեմ կասկածում որ երգահանը լավ ուսումնասիրել է քո մեկնաբանական ոճը եւ քեզ համար շատ հարազատ է հնչելու այն: Հաջողություն եմ մաղթում Ձեր երկուսին: Պետրոս Շուժունյան, Մոնրեալ Կանադա

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031