Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ պոպոքն էլ է մեր ձեռքը, քարն էլ, ոնց կուզենք՝ կջարդենք»

Փետրվար 02,2016 19:44

Տոմարագետ Գրիգոր Բրուտյանի գնահատմամբ՝ հայկական հոգևոր-մշակութային արժեքներն այսօր Հայաստանում շատ վատ են պահպանվում, և որ դրանց պահպանումն այսօր անհատների հույսին է. «Չկա ազգային կազմակերպված շարժում, չկա պետական վերաբերմունք այդ ամենի նկատմամբ: Օրինակ՝ եթերից այսօր մեզ մատուցվող երաժշտությունն ի՞նչ է, հայկական մի տակտ անգամ չես գտնի: Ո՞ւր է մեր պետական կառույցը, որ պետք է զբաղվի այդ հարցով: Երթուղային ես նստում, ու ռադիոյով այնպիսի երաժշտություն է հնչում, որ մտածում ես՝ ուր փախցնես ականջներդ, որ չլսես այդ ձայնային աղբը: Սա նույնիսկ որոշակիորեն ազգային անվտանգության խնդիր է»,- «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն արտահայտեց Գ. Բրուտյանը:

Տոմարագետի դիտարկմամբ՝ այսպես է նաև արվեստի մյուս ճյուղերում. «Ահա ճարտարապետությունը: Հեռու չգնանք, մեր քաղաքը բոլորիս աչքի առաջ է: Խորհրդային Միության տարիներին Երևան եկող հյուրերը հիանում էին մեր քաղաքով, ասում էին՝ միակ քաղաքն է, որ իր դեմքն ունի: Այսօր արդեն նույն բանը չենք կարող լսել: Երևանը դեմքը կորցնում է: Այսօր, եթե անցնեք մեր մայրաքաղաքի արտառոց նորակառույցների կողքով, չեք ասի, որ Երևանում եք: Կմտածեք՝ Նյու Յորքում եք, Բոստոնում կամ մեկ այլ քաղաքում: Գլխավոր պողոտայում՝ փոստատան հարևանությամբ, «ֆաշիստական» երկու շենք են կառուցել, որոնց նայելիս սահմռկում ես: Այդպիսի շենք կարող է լինել աշխարհի կամայական մեգապոլիսում, բայց ոչ Երևանում: Դա արդեն Երևան չէ: Իսկ բետոնե խողովակ հիշեցնող Հյուսիսային պողոտայի ճարտարապետությունը, մեղմ ասած, թյուրիմացություն է: Բոլորիս աչքի առաջ կորցրինք Երիտասարդական պալատը: Լավ էր թե վատ, կարևոր չէ. այն դարձել էր Երևանի խորհրդանիշը: Այսօր դրա տեղում քարհանք է, հետո ինչ-որ մի բան կկառուցեն, որը պարզ չէ՝ Երևանի հետ ինչքանով կապ կունենա: Հիմա էլ ժողովուրդն ստորագրահավաք է կազմակերպել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը փրկելու համար: Բայց ինչո՞ւ պետք է ժողովուրդը դրանով զբաղվի: Մենք չունե՞նք պետական կառույց»,- վրդովված ասաց Գ. Բրուտյանը:

Դիտարկմանը, որ եթե ՀՀ մշակույթի նախարարությունը «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքն ընդգրկած լիներ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, ապա որևէ մեկն այն քանդելու մասին չէր մտածի, Գ. Բրուտյանը պատասխանեց. «Փակ շուկան ընդգրկված էր այդ ցանկում: Բայց ի՞նչ եղավ: Շուկան չկա այսօր: Ինչի՞ մասին է խոսքը: Եթե ցանկում կա էլ, մի օրվա մեջ ջնջում հանում են, ասում են՝ պոպոքն էլ է մեր ձեռքը, քարն էլ, ոնց կուզենք՝ կջարդենք: Խնդիրը սա է»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29