Լրահոս
Օրվա լրահոսը

Բալետի արտիստը հրաշալի համատեղել է զինծառայությունն ու բեմական գործունեությունը

Մարտ 03,2016 12:00

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կիրառվող քաղաքացիական հայրական հոգատարությունը իր դրական ազդեցությունն է ունենում մշակույթի ոլորտում: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է խոստումնալից հեռանկար ունեցող բալետի արտիստի՝ պարտադիր ժամկետային զինծառայությունը մասնագիտական գործունեությանը զուգահեռելու հնարավորություն ընձեռելուն: Այստեղ զինվորական դաստիարակության խստապահանջ դրվածքին գումարվում է մշակութային գործունեությունը, արդյունքում արտիստը բազմապատկում է հմտությունները, իսկ զորացրվելուց հետո վերադառնում անհամեմատ ավելի կայացած՝ ե՛ւ որպես քաղաքացի, ե՛ւ որպես արտիստ:

Militon_Kirakosyan_1

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Միլիտոն Կիրակոսյանը 2015թ. դեկտեմբերին ավարտեց պարտադիր զինվորական ծառայությունը եւ արդեն ընթացիկ տարվա փետրվարի 27-ին նրան հանդիպեցինք Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայով Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման մեջ՝ Տիբալդի դերապարով: Արվեստագետին մտաբերեցինք նաեւ շուրջ 2 տարի առաջ Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ Արամ Խաչատրյանի «Սպարտակում», որտեղ զորավար Կրասոսի կերպարը թե տեխնիկական եւ թե դերասանական խաղով հիանալի մարմնավորեց երիտասարդ արտիստը:

Militon_Kirakosyan_3

«Առավոտի» հետ զրույցում Միլիտոն Կիրակոսյանը փաստեց, որ Կրասոսի դերապարը պատրաստել է զինծառայության մեջ գտնվելու առաջին օրից եւ ընդամենը 6 ամիս անց ներկայացել հանդիսատեսին:

Բեմական կարիերան նոր-նոր սկսող արվեստագետը հիշեց ուսումը Երեւանի պարարվեստի քոլեջում՝ Հրաչյա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, ասաց, որ դեռեւս քոլեջի 2-րդ կուրսի ուսանող էր, երբ Ֆրանսիայի Լիոն քաղաքի բալետային դպրոցներից մեկում հնարավորություն ուներ ուսանելու, բայց չի օգտվել դրանից, քանի որ գիտակցել է հայոց բանակում ծառայելու անհրաժեշտությունը:

Militon_Kirakosyan_2

Հարցին՝ արդեն հետեւում են պարտադիր զինծառայության երկու տարիները, արդյոք ցանկություն չունի՞ հետեւելու Եվրոպայի բալետային թատրոններում բեմ բարձրացող գործընկերների օրինակին, Միլիտոն Կիրակոսյանը պատասխանեց. «Նման ցանկություն ինչպես իմ, այնպես էլ իմ սերնդակից յուրաքանչյուր արվեստագետի մոտ կա: Ի վերջո, մշակույթի ցանկացած ոլորտում ստեղծագործող արվեստագետի առաջխաղացման համար անհրաժեշտ է շփումը տարբեր ազգերի հետ: Իմ դեպքում՝ տարբեր «ձեռագրեր» ունեցող խորեոգրաֆների ու արտիստների հետ»: Հետո էլ հավելեց, թե տեղում չդոփելու համար հիանալի առիթներ են մրցույթներն ու վարպետաց դասընթացները: Մեր զրուցակցի խոսքերով՝ չնայած մեծ է ցանկությունն ապրիլին մասնակցելու Պերմում ավանդաբար անցկացվող անվանի պարուհի Ելենա Մաքսիմովայի հիշատակը հավերժացնող «Արաբեսկ» մրցույթին, բայց այսօրվա դրությամբ երկմտում է, քանի որ ունի ոտքի վնասվածք: Հենց վնասվածքի պատճառով էր, որ Միլիտոն Կիրակոսյանը 2013թ. չմասնակցեց նաեւ պարային «Եվրատեսիլին»:

Militon_Kirakosyan_4

Միլիտոն Կիրակոսյանը՝ դասական եւ ժամանակակից տարբեր դերապարերում:

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նոր դերապարեր է պատրաստում, մեր զրուցակիցը հայտնեց միայն, որ թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը սկսել է Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված Խաչատրյանի երաժշտությամբ համանուն բալետի աշխատանքները եւ կցանկանար մասնակցել աշխարհահռչակ այս ստեղծագործությանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031