Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են պատգամավորներն օգտվում բանկոմատներից

Մարտ 26,2016 14:00

Դուք բանկոմատներից օգտվելիս զգո՞ւյշ եք, քարտ կլոնավորող «skimer» սարքերից պաշտպանվելու հարցում փորձագետների խորհուրդներին հետեւո՞ւմ եք, բանկոմատը «տակից-վրայից» չե՞ք զննում՝ քարտը մտցնելուց առաջ, եւ հեռախոսազանգերի «սիգնալ» ծրագրից օգտվո՞ւմ եք, որը թույլ չի տալիս գաղտնալսել: «Առավոտի» այս հարցերին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ես պետք է խոստովանեմ, որ առանձնապես այդ համակարգերից չեմ օգտվում: Ոչ միայն ես, շատ շատերը: Դրանք գիտելիքներ են: Երբ որ ես սովորել եմ բուհում, դպրոցում, նման բաներ չեն եղել: Ես անհարմար չեմ զգում, որ ասեմ՝ որոշ բաներ չգիտեմ կամ չեմ հասկանում: Նույնիսկ մեր թաղային տեսուչն արդեն տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետելու գիտելիքի առումով որակապես այլ մարդ պետք է լինի»: Մեր հարցին՝ վերջերս հայաստանյան բանկերում խոշոր կիբերհանցագործություն տեղի ունեցավ, բանկերի քարտապանների հաշիվներից զգալի գումար տարան, գոնե դրանից հետո բանկոմատներից օգտվելիս զգուշանո՞ւմ եք, PIN կոդը հավաքելիս ստուգո՞ւմ եք՝ շարժվող մաս կա-չկա, նա պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, ինքս բավականին զգույշ եմ PIN կոդը օգտագործելիս, շատ զգույշ եմ: Նույնը ասել եմ նաեւ տիկնոջս: Ես առանձնապես բանկոմատներից փող չեմ ստանում, անկեղծ ասեմ՝ միայն թոշակս եմ ստանում»: Մենք ճշտեցինք՝ բանկային հաշիվներ չունե՞ք, պատգամավորը պատասխանեց. «Ես տենց բաներով չեմ զբաղվում: Իրոք, էդպիսի խնդիրներ չունեմ եւ այդ տեսանկյունից շատ հանգիստ եմ: Բայց նույնիսկ դա չի նշանակում, որ պետք է լինել անուշադիր»:

Օրերս ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Հայաստանում կիբերանվտանգության ոլորտի զարգացման թեմայով միջազգային սեմինար էր կազմակերպել: Սեմինարից հետո հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին հարցրեցինք, թե նա զգուշանո՞ւմ է բանկոմատներից օգտվելիս եւ լսե՞լ է փորձագետների խորհուրդը: Նա պատասխանեց. «Անկեղծ պիտի պատասխանեմ՝ ոչ: Բայց այսօրվա հորդորից հետո կլինեմ ավելի զգոն եւ ուշադիր»:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էլ պատասխանեց. «Այդ առումով ես պիտի խոստովանեմ՝ նույնքան անփույթ քաղաքացի եմ, որքան մյուս քաղաքացիները, որոնք օգտվում են բանկոմատներից՝ իրենց միջոցները կանխիկացնելու համար: Չնայած բազմաթիվ զգուշացումներին, որ պետք է փորձել թաքցնել PIN կոդը, ես ոչ միշտ է, որ հետեւում եմ դրանց, թեեւ գիտակցում եմ, որ կարող է բացասական հետեւանքներ ունենալ»: Հարցին՝ սոցցանցերի նամակագրությունից օգտվելիս զգուշանո՞ւմ եք, նա պատասխանեց. «Այնքան էլ չեմ օգտվում, սահմանափակվում եմ ողջույնների մասին նամակագրությունուններով: Մեզ մոտ ոչինչ պաշտպանված չէ: Նույնքան պաշտպանված չեն իմ հեռախոսային խոսակցությունները»:

Ի դեպ, Խոսրով Հարությունյանը վստահեցնում էր, որ ընտրացուցակների հրապարակումը, որը պահանջում է ընդդիմությունը, կիբերանվտանգության տեսանկյունից էլ անթույլատրելի է. «Մեզանում մարդիկ դեռեւս չեն գիտակցում անձնական տվյալների պաշտպանության կարեւորությունը: Այն պահանջը, որ եկեք հրապարակենք քվեարկության արդյունքները, որտեղ կա մարդու անհատական տվյալների մի հատված՝ անձնագրի համար, ստորագրություն, այդ պահանջն ուղղակիորեն աղերսներ ունի անվտանգության հետ: Ոմանք քաղաքական նպատակները գերակայելով՝ չեն ուզում հաշվի նստել, որ դրանով նպաստավոր պայմաններ են ստեղծում քաղաքացու գույքը, ունեցվածքը անվտանգության տեսանկյունից խոցելի դարձնելու առումով»:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031