Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է ավելի կրեատիվ լինենք»

Ապրիլ 07,2016 16:30

«Առավոտ»-ի բացառիկ հարցազրույցը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, նախկին փոխվարչապետ, այժմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիայի հետ:

– Պարոն Ալասանիա, նախ անդրադառնանք հայ-վրացական հարաբերություններին: Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության տիրույթում, իսկ Վրաստանը Արեւմուտքի հետ է խորացնում հարաբերությունները, ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին: Ի՞նչ ազդեցություն է թողնում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ հայ-վրացական հարաբերությունների վրա:

– Վրաստանն ու Հայաստանը անվտանգության առումով միմյանցից տարբերվող քաղաքականություն են վարում, այս առումով դուք ճիշտ եք` Վրաստանը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին, մինչդեռ Հայաստանը առայժմ գտնում է, որ Հայաստանի անվտանգությունն առավել կայուն կլինի, եթե ռազմավարական գործընկերություն լինի Ռուսաստանի հետ: Բայց սա որեւէ կերպ չի ազդում մեր երկկողմ հարաբերությունների վրա, եւ ես դա կարող եմ հաստատել ե՛ւ որպես պաշտպանության նախկին նախարար, ե՛ւ որպես քաղաքական գործիչ:

Վստահ եմ, որ Վրաստան-Հայաստան հարաբերություններն էլ ավելի կզարգանան, ավելի խորը կդառնան անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Այնպես որ՝ բերված հանգամանքները որեւէ կերպ չեն ազդում հայ-վրացական երկկողմ հարաբերությունների վրա: Մենք ըմբռնումով ենք մոտենում առկա իրողություններին, թե ինչու են մեր հայ եղբայրները նման որոշում կայացրել, եւ նրանք էլ ըմբռնումով եմ մոտենում մեր երկրի ընտրությանը: Այս ամենը մեր երկկողմ հարաբերություններին որեւէ կերպ չի խոչընդոտում:

– Այսինքն՝ Դուք բավարարվա՞ծ եք Հայաստան-Վրաստան հարաբերությունների ներկայիս մակարդակով, այն, ինչ հնարավոր էր անել՝ արվել է, գոյություն ունեցածից ավելին ունենալը հնարավո՞ր չէր:

– Իհարկե, այդպես է, բայց ես կցանկանայի ավելիին ձգտել ու հասնել ապագայում: Կարծում եմ՝ Վրաստանը հնարավորություն ունի դառնալու այն երկիրը, որը կկարողանա աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը` իր լուման ներդնելով այդ հարցում: Հուսով եմ, որ կգա այն ժամանակը, երբ մենք կկարողանանք օգտակար կողմ դառնալ ապագայում այս խնդրում:

– Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում ինչպե՞ս եք գնահատում այս փուլում: Տարածաշրջանում ուշագրավ փուլ է, լարված են Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները, ինչպե՞ս եք պատկերացնում տարածաշրջանային հետագա զարգացումներն այս ֆոնին:

– Առկա իրողությունները մեկ անգամ եւս փաստում են այն, թե որքան անկայուն է իրավիճակը մեր շուրջը, որովհետեւ հարաբերությունները, որոնք ստեղծվել էին 30-35 տարիների ընթացքում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, 15 վայրկյանի ընթացքում փլուզվեցին: Սա վկայում է այն մասին, որ մենք` Հարավային Կովկասի երկրները, պետք է մտորենք բազմաբեւեռ քաղաքականության, անվտանգության մասին, այդ տեսլականից ելնենք:

Վերջին երկու-երեք տարիներին Վրաստանը պրագմատիկ քաղաքականություն է վարում Ռուսաստանի հանդեպ: Մենք արմատական տարաձայնություններ ունենք` Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի մի մասը, մեր դիրքորոշումն այն է, որ վերջ տրվի այդ օկուպացիային եթե ոչ՝ հիմա, ապա ապագայում: Բայց մենք հաշվի ենք նստում Ռուսաստանի հետ` որպես միջուկային գերտերության, մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը, այնպես որ՝ պետք է պրագմատիկ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ:

Չեմ կարծում, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում բեկում կարձանագրվի առաջիկա տասը տարիներին, սակայն հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնում, շուտով վիզային ռեժիմը կհեշտացվի: Ձգտում ենք կենտրոնանալ մշակութային, հումանիտար հարաբերություններին: Քաղաքական հարաբերություններում առայժմ բեկում չեմ տեսնում, քանի դեռ ռուսական քաղաքական էլիտայում են Պուտինն ու իր թիմը: Բայց մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նրանց առիթ չտանք Վրաստանին ներքաշել առճակատումների մեջ: Բարդ իրավիճակ է, բայց կարծում եմ, որ մենք դարերով, հազարամյակներով այստեղ միմյանց կողքին ենք եղել, գոյատեւել ենք:
Իմ կարծիքով՝ մեր առջեւ նոր հեռանկարներ են բացվել, մենք ստորագրել ենք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, կարծում եմ, որ դա նոր խթան կհանդիսանա վրացական տնտեսության զարգացման համար, իսկ հիմա տնտեսությունն է քաղաքականություն թելադրում: Եթե մենք տնտեսապես հզոր պետություն լինենք` կարծում եմ, որ ավելի ընդունակ կլինենք մեր երկրի շահերը պաշտպանել:

– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին, իսկ Վրաստանը Եվրոպայի հետ տնտեսական նոր հարաբերություններ հաստատելու շեմին է, կարո՞ղ են հայ-վրացական տնտեսական հարաբերություններն էլ այս իրողությունից ելնելով ավելի նպաստավոր իրավիճակում հայտնվել, քան մինչ այժմ էին:

– Կարծում եմ` այո: Մենք պետք է ավելի կրեատիվ լինենք այս առումով: Մեր հարաբերությունները կարող են հնարավորություն ընձեռել մեր հայ գործարարներին, կարող ենք ստեղծել խառը ընկերություններ բիզնեսում, ապա արտադրանքը կարող է հայտնվել եվրոպական շուկայում, իսկ դա շուրջ 500 միլիոնանոց շուկա է, այդ իսկ պատճառով մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի տնտեսական փոխշահավետ երկկողմ հարաբերություններ հաստատենք:

– Վրաստանի ներքաղաքական իրավիճակին անդրադառնանք: Ձեր կուսակցությունը` «Ազատ դեմոկրատները», մասնակցելո՞ւ է աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

– Այո, իհարկե:

– Ի՞նչ իրավիճակ է Վրաստանում: Տպավորություն է, որ ձեր հասարակության մեջ որոշակի հիասթափություն առաջացավ Բիձինա Իվանիշվիլի իշխանության նկատմամբ, նույնիսկ Վրաստանի նախկին նախագահի` Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր վերադարձի մասին խոսակցություններ են պարբերաբար գնում: Այժմ ի՞նչ իրավիճակ է քաղաքական ուժերի համար ընտրություններից ամիսներ առաջ:

– Մեր հասարակության 60 տոկոսը, ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների, ուսումնասիրությունների, առայժմ կողմնորոշված չէ, թե ում կարող է ձայն տալ առաջիկա ընտրություններում: Առավելապես այդ չկողմնորոշվածների ձայները իշխող կուսակցության օգտին չեն: Կարծում եմ՝ մեր հասարակությունը հոգնել է վրացական քաղաքական բանավեճից, նրանք հոգնել են ե՛ւ նախկին իշխող` «Միացյալ ազգային շարժումից», ե՛ւ Իվանիշվիլիի կուսակցությունից` «Վրացական երազանքից»:
Կարծում եմ, մեզ` «Ազատ դեմոկրատներին», կհաջողվի իրավիճակի տերը դառնալ, հույս ունենք, որ հասարակության չկողմնորոշված այդ 60 տոկոսի մեծ մասը մեզ կաջակցի: Մենք այլ կուսակցությունների հետ, ճիշտ է, ունենք տարաձայնություններ, սակայն կուսակցությունների եւ քաղաքական գործիչների մեծամասնությունը համակարծիք է, որ Վրաստանի զարգացման հեռանկարը եվրոպական ուղին է:

Հուսով եմ, որ Վրաստանում առաջիկա ընտրություններում իրապես բազմակողմանիություն կապահովվի, այդ ընտրությունները եւս մեկ քայլ կլինեն ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հարցում, որովհետեւ քիչ երկրներ կան հետխորհրդային տարածքում, որոնք կարողացել են իշխանափոխություն իրականացնել ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Այնպես որ՝ հույս ունենք, որ առաջիկա ընտրությունները լավ հնարավորություն են:

– Իսկ Սաակաշվիլիի վերադարձը հնարավո՞ր է:

– Գործնականում բացառում եմ, որովհետեւ, նախեւառաջ, նա հիմա Ուկրաինայի քաղաքական կյանքում է, երկրորդը` չեմ կարծում, որ այս փուլում կա որեւէ հնարավորություն, որ Սաակաշվիլիի կողմնակիցները վերադառնան իշխանության, որովհետեւ այն վերքերը, որոնք առաջացան հասարակության մեջ նրա իշխանավարման վերջին տարիներին, պահպանվում են մինչ այժմ, իսկ այդ շրջանը շատ ավտորիտար կառավարման շրջան էր, մեծ թվով համակարգային սխալներ թույլ տվեցին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Իրակլի Ալասանիայի հետ հարցազրույցն արվել էր ապրիլի 2-ի առավոտյան` մինչեւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալը:

Լուսանկարը` Իրակլի Ալասանիայի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ
07.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930