Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոլսահայ համայնքն այսօր երկու քարի մեջտեղում մնացած վիճակում է». Տիրան Լոքմագյոզյան

Ապրիլ 21,2016 18:54

«Պոլսահայ համայնքը Ցեղասպանության հարցի վերաբերյալ ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ ամեն մի քայլ այդ ուղղությամբ Թուրքիան ընդունելու է իբրև դավաճանություն»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  թուրքագետ, պոլսահայ համայնքի անդամ Տիրան Լոքմագյոզյանը:

Անդրադառնալով համայնքի խնդիրներին՝ թուրքագետը նշեց, որ պոլսահայերը և ընդհանրապես Թուրքիայի ազգային փոքրամասնությունները ձայնազուրկ են. «Պոլսահայ համայնքն այսօր երկու քարի մեջտեղում մնացած վիճակում է: Կան մարդիկ, որոնք ավելի հստակ և համարձակ կերպով խոսում են Ցեղասպանության  մասին, բայց ոչ Թուրքիայի սահմաններից ներս:Կան այնպիսիները, որ համակերպվել են այս վիճակին և ավելի լավ է հանգիստը չխանգարվի: 100 տարի առաջ էլ են եղել նման մտածելակերպ ունեցող մարդիկ: Պոլսահայերը ավելի շատ սկսում են խոսել այն ժամանակ, երբ լինում են երկրի սահմաններից դուրս: Սակայն ամեն դեպքում այդ զսպվածությունն ու զգուշավորությունը  կա ամեն տեղ, մտած է մարդկանց մեջ»:

Սահմանին կատարվող վերջին դեպքերի՝ պոլսահայ համայնքի վրա անդրադառնալու մասին խոսելիս  թուրքագետը նշեց, որ անկախ Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան  հարաբերություններից՝արտաքին և ներքին քաղաքական իրավիճակներում ինչ էլ որ կատարվի, քավության նոխազը հիմնականում փոքրամասնություններն են լինում. «Հայերը Թուրքիայում ամենամեծ փոքրամասնական զանգվածն են կազմում: Ինչ էլ, որ լինի այնտեղ հայի անուն պետք է տրվի: Անգամ հիմա, երբ քրդերի հետ բախումներ են լինում Թուրքիայում, պետությունը օգտագործում է հայի անունը՝ասելով որ այդ ամենի գլխին հայերն են կանգնած»:

Թուրքագետն անդրադարձավ Թուրքիայի ներսում Հայոց ցեղասպանության նախօրեին կատարվող ցույցերին. «Տարվա մեջ կատարվող այդ ցույցերը, խոսում են միայն այն մասին որ հարցը փակված չէ, ինչ-որ բան կատարվել է, որը պետք է ստանա իր լուծումը, բայց ոչ ավելին: Երբ խոսում են, ասում են տարեցտարի ցուցարարներն ավելանում են, բայց հիմնականում մի քանի հայրուր հոգի են լինում, անգամ եթե մեկ միլիոն մարդ դուրս գա բողոքի, Թուրքիայի բնակչությունը 78 մլն է: Այս հաշվարկը, ոչ մեկ չի անում: Ներքին քաղաքական իրավիճակներից ելնելով միշտ էլ հայտնվում են «հայամետ» կեցվածք ունեցող գործիչներ: Քիչ են նրանք , որոնք իրոք մտածում են հայերի մասին, կա մի փոքր զանգված, որ ազնիվ է, օգնում է հայերին: Պետք է զգուշանալ այն մարդկանցից, որոնք, «հայանպաստ» կեցվածք ունենալով, չեն խոսում ցեղասպանությունից, ցեղասպանություն բառը չեն արտասանում: Նրանք ասում են՝ եկեք ցեղասպանություն չասենք, կոտորած ասենք, չեն խոսում նաև հատուցման մասին: Նրանք խելոք քեմալիստներ են կոչվում, որոնք մտածում են միայն իրենց երկրի շահի մասին»:

Aravot.am-ի այն հարցին, թե  արդյոք Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին անցած 3 հայ պատգամավորները կարող են բարելավել հայ համայնքի վիճակը, պարոն Լոքմագյոզյանը պատասխանեց. «Թուրքիայում տիրող հասարակարգի պայմաններում հայազգի պատգամավորների դերը հայ համայնքին օգնելու հարցում կարելի է ասել հավասար է զրոյի: Այդ պատգամավորները ընտրվել են երեք տարբեր կուսակցություններից, ընդ որում՝ մեկը իշխող կուսակցությունից, որը ոչ մի ձայն չի հանում և ավելին գործում է ի նպաստ թուրքական կառավարության: Իսկ մյուս երկուսը  փորձեցին որոշ բաներ անել մեջլիսում.չեմ կարող ասել նրանք իսկապես ուզեցին բաներ փոխել, թե  միայն գործունեություն էին ցույց տալիս: Այն մանր, քիչ կարևորություն ունեցող խնդիրներում հասան արդյունքի, սակայն մեծ կարևորություն ունեցող խնդիրներում, նրանք անզոր են ու անձայն: Նրանք սիմվոլիկ գոյություն են պահպանում խորհրդարանում»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930