Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՋՈՂ ԳՈՐԾԱՐՔ

Ապրիլ 29,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ երեսուներորդ

ՀԱՋՈՂ ԳՈՐԾԱՐՔ

Եվ Վարուժը ոգեւորված ինձ հարցրեց՝ «ռեմոնտից հետո Հրանտենց տանն էղել ե՞ս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Վարուժը  ոգեւորված հարցրեց՝ «ասում ես՝ պեյզաժս նույն տեղում ա՞ կախած», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Վարուժը ոգեւորված հարցրեց՝ «ճաշասենյակի ձախ պատի կենտրոնո՞ւմ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Վարուժը մի քիչ մտածեց  ու ասաց՝ «ես էլ կարծում էի՝ Վերժուկը հանած կըլնի», եւ ես ասացի՝ «Վերժինեն քո նկարչությունը շատ ա հավանում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ նկարչությունը հավանում ա, բայց իրա ու Հրանտի պորտրետները չի հավանում», եւ ես զարմացած հարցրի՝ «իրան էլ ե՞ս նկարել», եւ Վարուժը պատասխանեց ու ասաց՝ «էն էլ ո՜նց եմ նկարել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կոպյա ինքն էր», եւ ես հարցրի՝ «բա ինչի՞ ես անցյալ ժամանակով ասում», եւ Վարուժն ասաց՝ «որովհետեւ Վերժուկի էդ պորտրետն արդեն իմ մոտ չի՝ նվիրել եմ», եւ ես հարցրի՝ «իրան ե՞ս նվիրել», եւ Վարուժն ասաց՝ «ուզում էի իրան նվիրեմ, բայց լայաղ չարեց վերցնի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Հրանտն էլ իրանը չվերցրեց», եւ ես ասացի՝ «բայց իրանք քո նկարչությունը շատ են հավանում» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «զարմանում եմ, որ իրանց պորտրետներից հրաժարվել են», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու  ասաց՝ «որովհետեւ խելքները շատ ա», եւ ես ասացի՝ «բայց Հրանտինը չտեսնված պորտրետ ա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Վերժուկինն էլ պակասը չէր» եւ մի քիչ էլ մտածեց  ու ավելացրեց՝ «բայց Հրանտը հեչ չէր հավանել. ասում էր՝ կնոջս գեշացրել ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «չնայած, լավ էլ սիրուն էի նկարել», եւ ես հարցրի՝ «բա ինչի՞ էր ասում՝ գեշացրել ես», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ արդեն իրան պիտի հարցնես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն տղամարդ ուզում ա, որ իրա կնիկը Սոֆի Լորենից սիրուն  ըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «վաղը մյուս օր իրանց էրեխեքն ու թոռներն իրանց չեն ներելու, որ իրանց էդ պորտրետներից հրաժարվել են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «վաղը մյուս օր իրանց էդ պորտրետներին մեշոկով փող են տալու» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մանավանդ Հրանտի պորտրետին են մեծ փող տալու» եւ մի քիչ էլ մտածեց ու դիմանկարիս նայելով ավելացրեց՝ «բայց, խոսքը մեր մեջ, էս քո պորտրետն էլ պակասը չի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ էս պորտրետիցս հրաժարվեմ, վաղը մյուս օր իմ էրեխեքն ու թոռներն ինձ չեն ների», եւ Վարուժը զարմացած նայեց ինձ, մի քիչ մտածեց ու ասաց՝ «իշտահիդ քացախ» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «ես նախ պիտի  էս պորտրետը քեզ նվիրեմ, որ դու հրաժարվես կամ չհրաժարվես», եւ ես զարմացած հարցրի՝ «չես նվիրելո՞ւ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իհարկե ոչ», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «բա Հրանտենց ո՞նց ես նվիրել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ նվիրած ըլնեի, հիմի էդ պորտրետներն իրանց տանը կըլնեին», եւ ես ասացի՝ «դու նվիրել ես, բայց իրանք հրաժարվել են», եւ Վարուժը վրդովված հարցրեց՝ «իրանք ե՞ն քեզ ասել, որ հրաժարվել են», եւ ես ժպտալով ասացի՝ «նոր դու ասեցիր», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իմ բախտից էր, որ հրաժարվեցին» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իրանց էդ պորտրետներն ընդամենը մի շաբաթ իմ մոտ մնացին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Հրանտի պորտրետը մի շաբաթվա մեջ թռցրին», եւ ես հարցրի՝ «ո՞վ թռցրեց», եւ Վարուժը պատասխանեց ու ասաց՝ «մի բեյրութահայ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Հրանտի էդ պորտրետին հազար դոլար տվեց ու թռցրեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Վերժինեինն էլ հետը», եւ ես հարցրի՝ «Վերժինեի պորտրետի՞ն ինչքան տվեց», եւ Վարուժը պատասխանեց ու ասաց՝ «Վերժուկինը ձրի նվեր տվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Հրանտինին հազար դոլար տվեց, էրկու հատ էլ պեյզաժ ջոկեց՝ ամեն մեկը հինգ հարուրով» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մի խոսքով՝ շատ հաջող գործարք էր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «սովորաբար պորտրետներին լավ գին չեն տալիս», եւ Վարուժը զարմացած  նայեց ինձ ու հարցրեց՝ «դո՞ւ որտեղից  գիտես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «դու ես ասել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ եմ ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց էդ բեյրութցին համ նկարչություն հասկացող ա, համ էլ Հրանտի շատ թունդ բալելշչիկն ա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել