Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազության դեմ բողոքը վերաքննիչ դատարանը բավարարեց

Ապրիլ 29,2016 17:00

Ս.Պ.-ն երեք տարի առաջ հաղորդում էր տվել ոստիկանության բաժին այն մասին, որ բուժհաստատություններից մեկում ծննդաբերել է, ունեցել աղջնակ, սակայն բժիշկներն ապօրինի իրենից խլել են նորածնին, պատճառաբանելով, թե նա երկար չի ապրի, հիվանդ է ու որդեգրման անվան տակ վաճառել են նրան: Ծննդաբերելիս մայրը եղել է անչափահաս, չի իմացել իր իրավունքների մասին, չի ունեցել օրինական ներկայացուցիչ: Հասկանալի պատճառներով, թե բուժհաստատության անունը, թե բժիշկների, թե դիմումատուի տվյալներն ամբողջությամբ չեմ ներկայացնելու:

Հարուցվում է քրեական գործ, սակայն քննիչը հետագայում որոշում է կայացնում մերժել հարուցումը եւ քրեական հետապնդում չիրականացնել բժիշկ պատասխանատուների նկատմամբ:

Վերաքննիչ դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանն օրեր առաջ կայացրեց մի որոշում, որով պարտավորեցրեց Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին կայացնել դատական ակտ, որով կվերացվի վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս.Պ.-ի իրավունքների եւ ազատությունների խախտումը:

Որոշման դեմ Ս.Պ.-ն եւ նրա փաստաբանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մարատ Կոստանյանը, բողոք էին ներկայացրել տարածքային դատախազություն:
Դատախազությունը բողոքաբերին հայտնել է, որ բողոքը ենթակա չէ քննության, քանի որ բողոքաբեր կողմը բաց է թողել 7-օրյա ժամկետը: Դատախազության մերժումը ստանալուց հետո փաստաբան Մ. Կոստանյանը դիմել է տարածքի դատարան, խնդրելով՝ վերացնել քրեական գործ չհարուցելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի կայացրած որոշումը:

Դատարանը բավարարել է Մ. Կոստանյանի պահանջը: Դատախազը կրկին հարուցել է քրեական գործ, այն ուղարկել է քննչական բաժին՝ նախաքննություն իրականացնելու համար:

Այս անգամ հանցակազմի բացակայության հիմքով, երկու բժիշկների նկատմամբ քրեական գործ հարուցելու գործով վարույթը կարճվել է: Նախաքննության ժամանակ առերեսում չի կատարվում բժիշկների եւ մոր միջեւ, քննությունը իրականացվում է «հեռակա», որդեգրում իրականացնողները չեն կանչվում քննչական մարմին:

Փաստաբանը դիմում է դատախազություն, եւ դատախազությունը պարզապես պատասխան չի ուղարկում:

Պատասխան ստանալու պահանջով փաստաբանը դիմում է դատարան, եւ արդյունքում՝ նրա բողոքը մերժվում է:

Ս.Պ.-ն հաղորդում է տալիս Հատուկ քննչական բաժին, գրելով այնպիսի անուններ, որոնք իրականացրել են իր երեխայի վաճառքը հիվանդանոցից, նշելով, որ իր իրավունքները տարածքային քննչական բաժնում խախտվել եւ սահմանափակվել են:
ՀՔԾ-ի պետի տեղակալ Վ.Հովհաննիսյանը գրություն է ուղարկում, հայտնելով. «դիմումը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու եւ դրա հիման վրա որոշում կայացնելու հիմքերը բացակայել են»:

Ս.Պ.-ն ընդվզում է, նորից դիմելով Հատուկ քննչական ծառայություն, խնդրելով, որ իր իրավունքները հարգվեն ոչ թե պետի տեղակալի գրության հիման վրա, այլ՝ որոշմամբ, ինչը Հատուկ քննչականը չի կայացնում:

ՀՔԾ պետի տեղակալը նույնաբովանդակ գրությամբ, բայց այլ ամսաթվով, այլ օրով պատասխանել է բողոքաբերին: Դա առիթ էր դարձել դիմել դատարան, բողոք բերել գլխավոր դատախազություն: Մերժում են ընթացք տալ քաղաքացուն, նրա փաստաբանին, ասելով, թե ժամկետ է խախտվել: Մինչդեռ, խոսքը ծանր հանցագործությունը պարտակելու մասին է:

Փաստաբանն ասում է, թե ինքը չի խախտել ժամկետը, բողոքը բերել է դատական ակտի կայացումից հետո՝ 10 օրվա ընթացքում:

Նա վերաքննիչ դատարանին հանձնեց փոստային հետադարձ ծրարը, երբ դատարանը դատական ակտ է կայացրել փետրվարի 27-ին, մինչդեռ իրենց այդ ակտը ծրարով հանձնվել է մարտի 12-ին:

Բողոքի դեմ առարկեց դատախազը՝ Ռաֆայել Երիցյանը:

Նախագահողին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ պատճառաբանված չի եղել բողոքը մերժելու մասին որոշումը, հնարավորություն չպիտի տրվի՞ դատախազին որոշում կայացնելու, ինչո՞ւ է քննիչի գրությամբ սահմանափակվել բողոք բերողի իրավունքները: Ի դեպ, դատարանը հղում էր կատարել մի շարք հոդվածների, որոցից մեկի համաձայն, բաց թողնված ժամկետի վերականգնման համար շահագրգիռ անձը միջնորդությամբ եւ կամ խնդրանքով դիմում է վարույթն իրականացնող մարմնին. Քրեական դատավարության օրենսգրքի 174 հոդվածն էր:

Ինչը որ Ս.Պ.-ն եւ նրա փաստաբանը արել էին՝ փորձելով իրականացնել իրենց իրավունքները:

Ըստ վերաքննիչ դատարանի. «Գլխավոր դատախազությունը բողոքը ըստ էության քննելու եւ որոշում կայացնելու փոխարեն՝ ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազ Ա. Երիցյանը դիմողի ներկայացուցիչ Մ.Կոստանյանին գրությամբ պատասխանել է, թե նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշումը Ս.Պ.-ին է ուղարկվել 02.12.2015-ին, ըստ ծրարի վրա եղած փոստային դրոշմակնիքների՝ այն ստացվել է 03.12.2015-ին, այլ ոչ թե 05.12.2015-ին, ինչպես նշել է բողոքաբերը, այսինքն՝ որոշումը ստանալուց 14 օրվա ընթացքում, եւ որ տվյալ դեպքում բողոքը ժամկետանց է»: Ըստ վերաքննիչի որոշման, գլխավոր դատախազությունը դիմողի բողոքի վերաբերյալ որոշում չկայացնելով, Ս.Պ.-ին զրկել է սահմանված կարգով դատախազին դիմելու, դատական պաշտպանություն հայցելու իրավունքից օգտվելու հնարավորությունից, որով խախտվել են նրա իրավունքներն ու ազատությունները:

Վերաքննիչն արձանագրել էր նաեւ առաջին ատյանի դատարանի սխալը, այն է՝ չի քննարկվել հարգելի պատճառով բաց թողնված ժամկետի հարցը, որոշում չի կայացվել տվյալ բողոքի կապակցությամբ, դրանով իսկ խախտվել է քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

Դատարանը մասնակի հիմնավոր ճանաչեց բողոքաբերի պահանջը:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930