Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գյումրիում արդեն ընտրակաշառքի խոստումներ են հնչել․ փաստում են ԳԱԼԱ կուսակցությունից

Սեպտեմբեր 16,2016 21:15

Aravot.am-ը Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ԳԱԼԱ կուսակցության մամլո պատասխանատու Արմենուհի Վարդանյանից  հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իրենց կուսակցությունը մյուսների՝ «Բալասանյան դաշինքի», ՀՅԴ-ի կամ «Գյումրեցու ոգու» նման ցուցապաստառներ չի փակցրել քաղաքի ո՛չ կենտրոնական, ո՛չ ծայրամասային հատվածներում։ «Դեռևս  մի ամիս առաջ մենք ցանկություն ենք հայտնել ունենալ ցուցապաստառներ,նախապես խոսել ենք ընկերության հետ, պատվիրել ենք 20 գովազդային վահանակ, որոնց մի մասը քաղաքի կենտրոնական հատվածներում, սակայն երկարատև մտորումներից հետո կազմակերպությունը մեզ հայտնեց, որ մեզ կարող են տրամադրել 6 վահանակ քաղաքի  ոչ կենտրոնական հատվածներում։

Պատճառը դա է եղել։ Իհարկե, սա համարում եմ խոչընդոտ, կարծես մենաշնորհ լինի, եթե տեսնենք ում պաստառներն են քաղաքի կենտրոնական հատվածներում․․․Էլ տեղ չի մնացել, որ փակցնեն, մենք չունենք պաստառ, այո, ստացվեց այդպես, որ չունեք, ոչ մեր մեղքով։ Առհասարակ քաղաքը հիմա այնպես է շնչահեղձ լինում այդ պաստառներից։ Հիմա, երբ որ նայում եմ, հասկանում եմ, որ ճիշտ հակառակ ազդեցությունը կգործի քաղաքի բնակիչների վրա, անգամ կանգառներում, անգամ սյուներին՝ բոլոր տեղերում, էլ տեղ չի մնացել, որ չփակցնեն պաստառներ, քաղաքը շնչահեղձ է լինում այս ամեն ինչից։

Գտնում եմ, որ միգուցե այսպես ավելի լավ է, որովհետև այսքան տարբեր տեղերում պաստառներ փակցնելով, դեմքը փակցնելով՝ գուցե ընտրողին փորձում են հասու դարձնել իրենց գաղափարները, ծանոթացնել իրենց ծրագրերին, ԳԱԼԱ-ն այս խնդիր չունի։ Հեռուստաընկերությամբ փորձում ենք օգտագործել քարոզարշավի ժամերը, այնպես որ կարողանում ենք հասու դարձնել մեր գաղափարները, մեր տեսակետները մեր ընտրողներին։ Բայց որ ասեմ այդպես կարիք կար լցնել քաղաքը, շնչահեղձ անել՝ ոչ», -ասաց Արմենուհի Վարդանյանը։

Արմենուհի Վարդանյանի ասելով, իրենց քարոզարշավը կազմակերպողը ինքը՝ գյումրեցին է, Գյումրիի տարբեր թաղամասերի բնակիչներ զանգահարում են իրենց, ասում, որ ուզում են տեսնել ԳԱԼԱ-ի թիմի ներկայացուցիչներին, ծանոթանալ նրանց ծրագրային դրույթներին։

«Մենք նախանշված օրակարգ չունենք, մեր հանդիպումները ստացվում են ինքնաբուխ, չի լինում մի օր, որ  չզանգեն, չայցելեն, չհայտնեն իրենց աջակցությունը, սատարումը, այսպես գյումրեցիների հետ աշխատում ենք, քարոզարշավը, ըստ իրենց օրակարգի ենք նախանշում։ Մենք ավտոերթեր ենք կազմակերպում ամեն օր, շրջում ենք քաղաքի կենտրոնական հատվածներում, ինքնաբուխ բակային հանդիպումներ են լինում, երբեմն մեզ ճանապարհին են կանգնեցնում, իջնում ենք, զրուցում, այնպես որ ցուցապաստառ փակցնելու պակասը մենք չենք զգում», ասաց Արմենուհի Վարդանյանը։

Ի դեպ, ըստ մեր զրուցակցի, ԳԱԼԱ-ն  գյումրեցիներից տարբեր ահազանգեր է ստանում, որ հավաքել են անձնագրերը, անձնագրային տվյալներ, անգամ ընտրակաշառք են խոստացել՝ ասելով,  որ կբաժանեն ամսի 27-28-ին։ «Այս առումով մեր ամենամեծ հաջողությունն այն է, որ գյումրեցին ակտիվորեն աշխատում է մեզ հետ, սա սերտ համագործակցություն է իսկապես։ Ցանկացած շարժ որևէ թաղամասում, և այդ թաղամասից մենք տեղեկություն ենք ստանում, ում տուն գնացին, ինչ խոստացան, երբ խոստացան։ Կայուն համագործակցությունը մեզ ուժ է տալիս, մենք հասկանում ենք, որ գյումրեցին մեր թիկունքին է կանգնած և մեզ հետ միասին պայքարելու է ընտրակեղծիքի դեմ։ Սա աննախադեպ է Հայաստանում»։

Մեր ճշտող հարցին, թե ո՞ր թեկնածուներն են ընտրակաշառքի խոստումներ տվել ԳԱԼԱ-ին ահազանգող գյումրեցիներին, Արմենուհի Վարդանյանն ասաց․«Դեռևս անունները չտամ, որովհետև տեղեկությունները հստակեցվում են, ճշգրտվում են, միայն մի բան կասեմ, որ ԳԱԼԱ-ն տոտալ վերահսկողություն է սահմանելու, եթե հանկարծ նկատվի որևէ շարժ, թե նախընտրական շրջանում, թե բուն ընտրությունների ժամանակ, ապա մենք նաև եթերում ենք խոստացել, որ հրապարակայնորեն ցուցադրելու ենք բոլորի դեմքերը, բոլոր կադրերը։ Գիտեք, նախորդ ընտրությունների ժամանակ եղել են դեպքեր, երբ նկարահանել ենք ընտրակաշառքի բաժանման պրոցես, հետո մարդիկ, ովքեր հայտնվել են այս ամենի թիրախում, կամա, թե ակամա ներքաշվել են այս գործընթացի մեջ, եկել են, խնդրել են, հորդորել են, որ խնդրում ենք չհրապարակեք այս կադրերը, մենք խոստանում ենք այլևս չանել նման բան, բայց խնդրում ենք մեզ չհասցնեք դատարանի դուռը։ Եղել են շատ դեպքեր, երբ մենք ընդառաջ ենք գնացել հորդորներին, հասկացել ենք, որ պատժվելու է ոչ թե նա, ով բաժանում է այդ պահին, այլ պատժվելու է նա, ով որ հրահանգ է տվել։ Այս անգամ այլ է լինելու, մենք հայտարարել ենք, որ չենք խնայելու որևէ մեկին և հորդորում ենք գյումրեցիներին չներքաշվել ընտրակաշառքի բաժանման պրոցեսի մեջ, չներքաշվել առհասարակ ընտրակեղծիքների գործընթացին։ Նույն հորդորն ենք ուղղում հանձնաժողովի ներկայացուցիչներին, հանձնաժողովի նախագահներ, քարտուղարներ և այլն, հորդորում ենք պարզապես չաշխատել ռեժիմի օգտին, թույլ տալ, որ գյումրեցու քվեն հասնի իր նպատակակետին, և գյումրեցին հաղթի այս  ընտրություններում։ Առհասարակ որևէ մեկի հաղթելու ու պարտության մասին չեմ ուզում խոսել, թող հաղթի գյումրեցին, գյումրեցու քվեն ու այս ընտրությունները թող իրոք լինեն ժողովրդավարական նորանկախ Հայաստանի պատմության մեջ» ։

ԳԱԼԱ-ն, Արմենուհի Վարդանյանի տեղեկացմամբ, սկսել է մաքրել ընտրացուցակները, 82 ընտրատեղամասերի ընտրացուցակներից փորձում են ընդգծել երկրից բացակայողների, մահացածների անունները։ «Այս գործիքին մշտապես տիրապետել են իշխանությունները․ ի՞նչ են արել, ընտրություններից մի 2-3 ամիս առաջ շրջել են տներով,  այս ցանկը հանել են ու սա օգտագործել են որպես լուրջ լծակ, գործիք, որպեսզի կարողանան բացակաների փոխարեն քվեարկել, մահացածների ու այսպիսով վերարտադրվել․․․ Իշխանության դեմ խաղում ենք իշխանության խաղի կանոններով ու այս խաղաքարտը մենք էլ են գործի դնելու, ասելու ենք՝ թույլ չենք տալ, մենք գիտենք՝ ովքեր են բացակա ՀՀ-ից ու Գյումրիից տվյալ պարագայում, ովքեր են մահացած, որոնց փոխարեն դուք պատրաստվում եք քվեարկել, և մենք թույլ չենք տալու։ Ընտրությունների օրը այս ցուցակները բաժանվելու են հանձնաժողովականներին և զգուշացվելու են՝ կլինի որևէ բացակա անձի փոխարեն քվեարկություն, ուրեմն դուք պատասխան եք տալու օրենքի առաջ, օրենքի ամբողջ խստությամբ։ Իշխանության հետ, խոսում եք իրենց լեզվով, ընդդիմությունը գուցե տարիներ շարունակ վրիպել է այս հարցում․ բացթողում է եղել, իրենք չեն փորձել այս գործը անել, մենք սա անելու ենք, այս ցուցակները, որոնք մաքրվում են գյումրեցիների ակտիվ մասնակցությամբ, որովհետև զանգեր, այցեր, մարդիկ գնում են, չեն զլանում, նայում են ընտրացուցակները, թղթերով բերում են հատ-հատ ճշտած՝ այս քաղաքացին Ֆրանսիայում է, այս քաղաքացին Երևանում է, երբևէ չի եկել Գյումրի ընտրական գործընթացին մասնակցելու, այս քաղաքացին ՌԴ-ում է և այլն։ Այս ողջ գործընթացին գյումրեցին ներգրավված է և սա է մեր ամենաամուր, կայուն հենարանը, որ հենց գյումրեցին է աջակցում մեզ, որպեսզի չլինեն Գյումրիում ընտրախախտումներ և հաջողությամբ անցնենք այս փորձաշրջանը», ասաց Արմենուհի Վարդանյանը։

ԳԱԼԱ-ի ճշգրտած ցուցակները` լուսանկարներում։

cucak_1 cucak_2 cucak_3 cucak_4 cucak_5

Արմենուհի Վարդանյանի լուսանկարը իր ֆեյսբուքյան էջից է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930