Լրահոս
Օրվա լրահոսը

«Սենց թե նենց երեխան ծնվում է 9 ամսում, թույլ տվեք երեխան հասունանա». Նախարարը՝ պատգամավորին

Նոյեմբեր 04,2016 12:45

Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017-ի համար առողջապահության նախարարությանը հատկացված բյուջեի քննարկումն էր:

lyudmila_sargsyan

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նախարար Լեւոն Ալթունյանին հարցրեց պետպատվերից եւ հիվանդանոցային ատկատներից. «Պետպատվերը հիմնականում վերջանում է դեռ սեպտեմբեր-օգոստոս ամիսներին, որովհետեւ վաղուց ատկատի մեխանիզմը ներդրված է եղել նախարարությունում, եւ դա բավարարել է բոլոր նախարարներին, վարչության պետերին, դրա դեմ պայքար չի տարվել»:

Նա պատմեց, թե նախկին նախարարներից մեկի՝ Դերենիկ Դումանյանի հետ ինչ թեժ բանավեճ է ունեցել այդ հարցով եւ դիմել են երկուսն էլ դատախազություն. «Պարոն Դումանյանը դիմել էր, որ ստուգեն հիվանդանոցները, ես դիմել էի, որ ստուգեն նախարարություն-հիվանդանոց կապը: Դատախազությունից որեւէ տեղեկություն անձամբ ես չեմ ստացել: Ուղղակի հայտնեցին, որ զբաղվում են այդ հարցով, անցել է 3 տարի»:

Նա դիմեց նոր նախարարին, որ հարցում անի դատախազությանը եւ փորձի ճշտել՝ ինչ արդյունքներ կան. «Ինքս համոզված եմ, որ ոչինչ չեն արել»:

Պատգամավորն ասաց, որ նախարարին ուզում է գործընկեր տեսնել, ոչ թե՝ հակառակորդ:

Լեւոն Ալթունյանը վստահեցրեց, որ այդ հարցում զորակից են: Ինչ վերաբերում է դատախազությանը դիմելուն, նա ասաց՝ շատ լավ: Նախարարն ասաց, որ նախկինում նույնիսկ եթե ինչ-որ հարցեր են եղել, դրանք միանշանակ չեն կրկնվի: Նա հստակ հայտարարեց, որ նախկինը հետաքննել չի ցանկանում: Լյուդմիլա Սարգսյանն էլ արձագանքեց. «Քանի դեռ անցյալը մաքրված չէ, ներկան վստահություն չի կարող ներշնչել»: Նա ասաց, որ երբ անցյալը չի բացահայտվում, ներկան հուսադրող չէ:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հարցրեց մարզային հիվանդանոցներից. «Մարդիկ պետք է վստահեն մարզային հիվանդանոցներին: Փետրվար-մարտին հերթագրվում են մարզի բնակիչները՝ սեպտեմբեր-հոկտեմբերի համար: Նա ստիպված գալիս է քաղաք, որպեսզի մաշեցնեն պետպատվերը եւ անցնեն կանխիկ դրամաշրջանառության ծառայություն մատուցելուն: Կարեւոր խնդիրն այն է, որ մարզի բնակիչը կարողանա որակյալ ծառայություն ստանալ տեղում, այլապես մարզային հիվանդանոցների հետ կապված անվստահությունը միշտ ուղեկցելու է մեզ»: Նախարարն ասաց, որ հիմա այդ հարցը նախարարությունում քննարկում են:

Պատգամավորը նաեւ հարցրեց. «Չե՞նք կարող մենք առանց առողջապահության գործակալության յոլա գնալ»:

Լեւոն Ալթունյանը պատասխանեց. «Առանց Լեւոն Ալթունյանի դուք յոլա կգնաք, առանց առողջապահության նախարարի՝ ոչ: Առանց պետական առողջապահության գործակալության դուք յոլա կգնաք, առանց այն ֆունկցիաների, որոնք նա կատարում է՝ ոչ»:

Միքայել Մելքումյանը հորդորեց նախարարին ինչ անում են՝ արագ անեն եւ որակյալ:

Նախարարը պատասխանեց. «Սենց թե նենց երեխան ծնվում է 9 ամսում, թույլ տվեք երեխան հասունանա, եւ ծնվի առողջ ու երկարակյաց»: Ըստ նրա արագ եւ որակովը համատեղ չեն լինում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930