Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովների «օգուտի» մասին

Նոյեմբեր 09,2016 09:59

«Եթե ուզում եք որեւէ գործ տապալել, ստեղծեք հանձնաժողով»: Անկախ նրանից, թե ինչ դեր էր խաղացել այդ ասույթի հեղինակը (Վ. Ի. Լենինը) համաշխարհային պատմության մեջ, բնորոշումը շատ ճիշտ էր եւ, համենայնդեպս, ռուսական, խորհրդային եւ հետխորհրդային իրականությանը միանգամայն համապատասխան: Քանի՞ հանձնաժողով է ստեղծել Հայաստանի խորհրդարանը` «հոկտեմբերի 27-ի», «մարտի 1-ի», «գազի», ստեղծվելու է, ասենք, «Նաիրիտի» հանձնաժողով: Առաջին երկու գործերի վերաբերյալ որեւէ նոր բան պաշտոնապես չբացահայտվեց, գազի գինը, որքան էլ խորհրդարանական հանձնաժողովը պնդում էր, թե հնարավոր է իջեցնել, միեւնույն է, չիջավ, մինչեւ որ «ամենավերեւներում» չընդունվեց քաղաքական որոշում: Ինչ մնում է «Նաիրիտին»:

Ի՞նչ է՝ եթե ընդդիմադիր պատգամավորներն այս խնդրի շուրջ բոցավառ պոպուլիստական ելույթներ ունենան, «Նաիրիտը» կաշխատի՞: Կամ՝ նրանք, ովքեր ձեւ էին անում, թե աշխատեցնում են, բայց իրականում փող էին ուտում, կպատժվե՞ն: Բնականաբար՝ ոչ:
Բայց այդպես է ոչ միայն խորհրդարանական հանձնաժողովների դեպքում: Ենթադրենք, հիվանդանոցում մարդ է մահանում, եւ մահացածի հարազատները կարծում են, թե մեղավոր են բժիշկները: Ի՞նչ անել: Դե, իհարկե, հանձնաժողով կազմել: Ումի՞ց: Բնականաբար, բժիշկներից: Ասացեք, խնդրեմ, ո՞ր մի բժիշկը կասի, որ իր գործընկերը սխալ է: Չեն ասի: Նրանք լրագրող չեն, որ փորձեն ինքնահաստատվել իրար հաշվին: Վաղն իրենց հիվանդանոցում մարդ կմահանա (այդպիսին է կյանքը), եւ նրանք են ստիպված լինելու արդարանալ մահացածի հարազատների առաջ: Դրա համար էլ նման բոլոր գործերը հայտնվում են փակուղում:

Կամ՝ մենք ունենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որի գործառույթների մեջ մտնում է, մասնավորապես, «բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման եւ էթիկայի կանոնների խախտումների բացահայտումը»: Հետո՞, բացահայտե՞ց: Կամ գուցե մեզանում շահերի բախման դեպքե՞ր չկան: Օրինակ՝ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ժամանակ շահերն այնպես բախվեցին, որ միլիարդավոր դոլարներ հօդս ցնդեցին:

Կա նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, որը վարչապետը ցանկանում է «հարստացնել» հասարակական հատվածի եւ ընդդիմության ներկայացուցիչներով: Ենթադրենք, ես համաձայնում եմ դառնալ այդ հանձնաժողովի անդամ, շաբաթը երկու ժամ գնում, նստում եմ այդ հանձնաժողովի նիստերին եւ լսում եմ մյուս հանձնաժողովականների ելույթները: Դրանից որեւէ բան չի փոխվելու: Որովհետեւ ես ոչ դատավոր եմ, ոչ դատախազ, ոչ էլ քննիչ: Եթե լինեի, ապա հանձնաժողովը պետք է զբաղվեր հենց իմ գործունեությամբ:

… Քենեդուն որ սպանեցին, ստեղծվեց Ուորենի հանձնաժողովը: Կարծում եք՝ այն ստեղծվել էր գործը բացահայտելո՞ւ համար:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930