Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնականների հավելավճարների կրճատման մասին. «Թող պատգամավորների աշխատավարձերը կրճատեն»

Նոյեմբեր 11,2016 17:35 Share

Ըստ վերջին տվյալների` Հայաստանի բնակչության 50 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ներքև։ 25 տոկոսի եկամուտների աղբյուրները պետական նպաստներն են։ Բայց բնակչության ընդամենը 19 տոկոսն է իրեն աղքատ ճանաչում:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Ահարոն Ադիբեկյանը տեղեկացրեց, որ իրենց ուսումնասիրությունների համաձայն` նախորդ տարի ՀՀ-ում ամեն 6-րդ ընտանիք ապրում էր դրսից եկած գումարներով, այս տարի ամեն 7-րդ ընտանիքը. այսինքն` դրսից եկած գումարները կրճատվել են:

Սոցիոլոգը նաև մի շարք այլ մտահոգիչ տվյալներ ներկայացրեց. «Ամեն 10-րդ ընտանիք սոված է քնում: 30 տոկոսը բավարարում է հիմնական պահանջները, 20 տոկոսն ունի եկամուտներ և միայն 5 տոկոսն է, որ իրեն ոչնչում չի սահմանափակում»:

Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ ուսումնասիրությունների համաձայն` ամենաբարեկեցիկ կյանքը Սյունիքում է, որտեղ կան առաջնային աշխատատեղեր:

Ստեղծված մտահոգիչ իրավիճակի պատճառները Ահարոն Ադիբեկյանը համարում է այն, որ փոքր ու միջին բիզնեսի մեկ երրորդը չի աշխատում, իսկ դա նշանակում է, որ կրճատվել է միջին դասը:

Կյանքի գնահատման ցուցանիշ համարվող երջանկության ցուցանիշով` Հայաստանն աշխարհում 135-րդ տեղում է`Զիմբաբվեի կողքին:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով`ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալներն իրական պատկերի մոտավոր արդյունքներն են ներկայացնում, քանի որ մեծահարուստները և շատ այլ մարդիկ հրաժարվում են մասնակցել հարցումներին. «Մի առիթով վիճակագրական ծառայությունն անգամ խնդրում էր մեծահարուստներին, որ մասնակցեն հարցումներին, քանի որ լուրջ հետազոտություններ են կատարում, որն ունի ռազմավարական նշանակություն, բայց միևնույն է, չէին համաձայնում»:

Անդրադառնալով այն տեղեկություններին, թե մտադրություն կա վերացնել գիտնականներին տրվող 25.000 և 50.000 դրամ հավելավճարները`տիկին Խառատյանը մտահոգություն հայտնեց. «Գիտության ոլորտում ընդամենը չորս հազար մարդ են աստիճանավոր, այդ գումարով ի՞նչ խնդիր պիտի լուծվի: Մեր պետական բյուջեի լցման խնդիրն ընկել է ընդամենը խեղճ գիտնականների վրա: Մի անգամ կատակով առաջարկեցի կրճատել պատգամավորների աշխատավարձի տասը տոկոսը` դա անհամեմատ ավելի ծավալուն գումար կբերի բյուջե, քան գիտնականների աստիճանների համար հատկացումների կրճատումը»:

Տիկին Խառատյանի վստահեցմամբ` սա ուղղակի հարված է երիտասարդ գիտնականներին, առանց այն էլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող գիտությանը:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930