Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը՝ դատախազին դիմելու ու Գյումրու թիվ 38 դպրոցի ուսուցիչներին ոստիկանություն հրավիրելու մասին

Դեկտեմբեր 10,2016 23:30

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշման դեմ ըմբոստացած Գյումրու թիվ 38 դպրոցի ուսուցիչներին երեկ հրավիրել էին Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին պարզաբանել էր, որ  պաշտոնատար անձի դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում  և անհրաժեշտություն է առաջացել ուսուցիչներին հրավիրել ոստիկանություն՝ բացատրություն վերցնելու։

Հիշեցնենք, որ այս դպրոցի ուսուցիչները դեմ են մարզպետի այն որոշմանը, համաձայն որի տնօրենի ժ/պ նշանակել են այլ դպրոցի փոխտնօրենի։ Նրանք մոտ երկու շաբաթ տնօրենի  ժ/պ նշանակված Արփինե Նիկողոսյանին չեն ընդունում ՝ տիկնոջ առջև փակելով դպրոցի դռները։

Այս թեմայի շուրջ այսօր Aravot.am-ին պարզաբանումներ է ներկայացրել նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը։  Վերջինս ուսուցիչների այս պահվածքը չի ընդունում՝ նշելով, որ սերունդ դաստիարակող անձանց ընտրած ճանապարհը սխալ է ու անօրինական։«Ես գտնում եմ, որ դիմացինի գործողություների մեջ կան ապօրինություններ, ո՞նց են մտածում՝ մարզպետը ոչ թե օրենքի ճանապարհով գնար, այլ լրիվ այլ ձևով գնար, մտներ, հարց լուծե՞ր։ Ես գտնում եմ, որ սերունդ դաստիարակող մարդիկ նման բաներ իրենց չպիտի թույլ տան։ Ես գրությունով դիմել եմ մարզի դատախազին, պատճառը եղել է այն, որ բազմիցս հորդորել ենք՝ սկսած մարզպետարանի վարչության պետերից՝ վերջացրած իմ տեղակալներով, հանդիպել ենք կոլեկտիվի հետ, ես ինքս հանդիպել եմ կոլեկտիվի հետ, հորդորել եմ, որ ցանկալի է՝ դուք ձեր գործառույթները իրականացնեք։

Ինչ վերաբերում է տնօրենի նշանակմանը, տնօրենի մրցույթը, դրանք ունեն իրենց գործընթացը, որի միջով պիտի անցնեն, մենք դեռևս նշանակել ենք պաշտոնակատար։ Մրցույթը հայտարարված է, երբ որ կլինի մրցույթ, մրցույթի արդյունքում է ճանաչվում դպրոցում տնօրենը ով է լինելու։ Հիմա նորից եմ կրկնում՝ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված, ես պաշտոնակատար նշանակել եմ մեկ պարզ պատճառով, որպեսզի կարողանամ ավելի թափանցիկ ընտրություն կազմակերպել։ Ես կուզենամ, որ բոլոր տեղերը լինի թափանցիկ ընտրություն։ Ես նույնիսկ երբ որ այդ կոլեկտիվի հետ հանդիպել եմ, ասել եմ, որ դուք խնդիր չունենք՝ եթե իրականում և՛ ծնողական խորհուրդը , և՛ ուսուցչական կոլեկտիվը, երկու ձայն նրանք ունեն այդ խորհրդի մեջ, որը կազմակերպում է մրցույթները, երկուս էլ ունի ծնողական խորհուրդը, երկուս ունի մարզպետը,  մեկը՝ քաղաքապետը, մեկ ձայն նախարարը, այնպես չէ, որ այստեղ որևէ մեկը կարող է միանձնյա որոշումներ կայացնել կամ ինչ-որ բաներ անել։

Չհաշված որ ես՝ որպես մարզպետ, անկախ ամեն ինչից, որ ես մասնակցություն ունեմ այնքանով, որքանով այդ երկու ձայնն են, մրցույթի օրինականության, դրա թափանցիկության համար եմ  ես եմ պատասխան տալիս։Ես վստահ կարող եմ ձեզ ասել, որ չի լինելու որևէ մեկ կետի խախտում, ես միանշանակ հայտարարել եմ, և հիմա էլ եմ հայտարարում, որ չի կարող նման բան լինել։Կլինեն թափանցիկ, արդար ընտրություններ, ով կընտրվի, ում իրենք ձայնը կտան, ով կկարողանա այդ խորհրդին ապացուցել, որ ինքն ավելի լավ տնօրեն կլիներ, ես չէ, որ պետք է որոշեմ, որոշողը կլինի խորհուրդը», -ասաց մարզպետը։

Հովսեփ Սիմոնյանն ասում է, որ ուսուցչական կոլեկտիվը փոխանակ այսօր մարզպետի մոտ գար կրթական որակի, շենքային պայմանների ու աշխատավարձի հետ կապված հարցերով, գալիս են տնօրենի հարցով։ «Ես հորդորել եմ, գնացեք, դուք ձեր աշխատանքը կատարեք, ընդամենը պաշտոնակատար եմ նշանակել, ցավոք սրտի, որոշ մարդիկ չհասկացան այդ ամենը, ինչ որ ես ասում եմ, իսկ մարզպետը իրավունքը պաշտպանելու հարցը պիտի լուծի իրավապահ մարմինների միջոցով, այլ ճանապարհով չպիտի լուծի այս խնդիրը։ Եթե իրավունքի իրացման խնդիր կա,ես՝ որպես Շիրակի մարզպետ, միանշանակ հայտարարում եմ՝ այո, ես լուծելու եմ այդ խնդիրները իրավապահ մարմինների միջոցով, այն ինչ վերապահված է օրենքով»։

Հարցին՝այդ դեպքում ինչո՞ւ են ոստիկանություն հրավիրել հատկապես այն ուսուցիչներին, որոնք բողոքով եղել են ձեր առանձնասենյակում, մարզպետն ասաց․«Ոչ, ոչ, ոչ, դուք մոռացել եք, որ դուք էլ ունեք նյութեր հրապարակած, որի մեջ իրենք խոսում են, մարդիկ հայտարարում են, որ մենք թույլ չենք տա, մենք էս չենք անի․․․Ո՞վ ասաց, որ իմ մոտ եղածներին են հրավիրել, եթե գնացել ու այնտեղ շարունակել են թույլ չտալը․․․Ո՞նց են մտածում՝ եթե վաղը մյուս օր աշակերտները կանգնեն ու իրենց հերթով թույլ չտան դպրոց մտնել, իրենք ո՞նց են պատկերացնում է, կամ ի՞նչ է նշանակում ուսուցիչը, որն այսօր դաստիարակում է սերունդ, ինքը ոտնահարում է օրենքը, փորձում է այդ ճանապարհով խնդիրները լուծել։ Եթե կար խախտում մարզպետի որոշման մեջ, ես խնդիր չունեի, թող ներկայացնեին, որ այս կետը խախտվել է։ Ես իրենց ասացի, ես շնորհակալ եմ, դուք ունեք ձեր մոտեցումները, դիմել եք, խնդրել եք, ես էլ ձեզ հորդորում եմ՝ գնացեք, աշխատեք և դուք կունենաք հնարավորություն ձեր ցանկությունները իրականություն դարձնելու ձեր քվեարկությունների միջոցով»։

Մեր հարցին ձեր որոշման մեջ չկա՞ խախտում, մի անձը իրավունք ունի միանգամից երկու վարչական պաշտոն զբաղեցնելո՞ւ. մի դպրոցում լինելու փոխտնօրեն, որտեղից արձակուրդ է վերցրել իր հաշվին, մյուս դպրոցում տնօրենի ժ/պ, մարզպետն ասաց․ «Ոչ, չկա խախտում»։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե այդ որոշում կայացնողը Դո՞ւք եք եղել, թե Դաշնակցությունն ամբողջ թիմով, դպրոցի նախկին տնօրենը նշում է, որ Արփինե Նիկողոսյանին ժ/պ նշանակելուց հետո առաջինը շնորհավորել են ՀՅԴ գրասենյակում։ Հարցրեցինք նաև, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն խոսակցությունները, թե այս կադրային հարցում մեծ դերակատարություն է ունեցել Շիրակի նախկին դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանը ու այս աղմուկից հետո  կոնֆլիկտներ են ծագել ներկա ու նախկին մարզպետների միջև։ Հովսեփ Սիմոնյանն ասաց․«Նորություններ եք ասում, որին ես մասնակից չեմ, չեղած բաների մասին են խոսում, մարդկանց ֆանտազիան անսահման է, ինչպես ուզեն, այնպես կներկայացնեն, ի՞նչ ասեմ, հիմա ես չեմ կարող բոլոր այդ ֆանտազիաները մեկնաբանել։

Հիմա ինչ ասեմ, ընդամենը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված, ես կհորդորեի, որ մնան իրենց տեղը, եթե ցանկություն ունեն այս կամ այն անձին տեսնելու տնօրենի պաշտոնում, իրենք հնարավորություն կունենան։ Մեկ անգամ ևս վստահեցնում եմ, որ չի լինելու որևէ միջամտություն մարզպետի կողմից, ուղիղ եմ ասում՝ դուք կարող եք ամբողջ ընթացքը լուսաբանել։Թող որևէ մեկը չմտածի, թե կարող է լինել կուսակցական խնդիր, անձնական խնդիր»։

Հարցին ինչո՞ւ չեք պատասխանել նախկին տնօրեն Գոհար Շահբազյանի՝ տնօրենի  ժ/պ դառնալու մասին ներկայացրած դիմումին, Հովսեփ Սիմոնյանն ասաց․«Շատերն են դիմում, որ ինձ նշանակեք պաշտոնակատար, ի՞նչ էր փոխվելու, եթե ես գրեի, ձեզ չեմ նշանակելու, մարդը գրում է՝ խնդրում եմ ինձ նշանակեք, եթե չեմ նշանակում, ուրեմն չեմ նշանակում, ինչի՞ մասին է խոսքը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Օնիկ says:

    Այս ընկերը Դաշնակցության հերն անիծեց:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031