Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Նժդեհին նուիրուած հայրենասիրական երեկոյ Մոսկուայում

Ապրիլ 10,2017 11:12

Ով չի գերազանցում իր նախորդներին, նա անարգում է նրանց անունը՝ մեղանչելով հոգու զարգացման օրէնքի դէմ՛ – Նժդեհ

2017 թ. ապրիլի 2 –ին Մոսկուայի Հայկական եկեղեցու հարեւանութեամբ գործող Տապան թանգարանի դահլիճներից մեկում տեղի ունեցաւ Գարեգին Նժդեհին նուիրուած երեկոյ: Օրը պատահական չէր ընտրուած: Ուղիղ մէկ տարի առաջ, այդ օրերին Հայ քաջ զինուորները կարողացան սեփական կեանքի գնով խափանել հակառակորդի դաւադիր ծրագրերը: Միջոցառման սկզբում մէկ րոպե լռութեամբ յարգեցինք քառօրեայ պատերազմի զոհերին եւ հնչեց ՛Զարկիր Նժդեհ զարկիր՛ երգի զայնագրութիւնը Սահակ Սահակեանի կատարմամբ:

Երկու ժամուայ ընթացքում հարկաւոր էր ներկայացնել Գարեգին Տէր-Յարութիւնեանին իբրեւ զորաւար, մտաւորական-փիլիսոփայ, մեծ նուիրեալ եւ հայրենասէր… միանգամից երկու Համաշխարհային պատերազմների մասնակից:

Կարդացի Նժդեհի 1917 թ. Կարինում գրուած ՛Արեւմտահայ գաղթականի քաղաքական Հայր մերը՛, որով իրենց օրն էին սկսում սփիւռքի մի քանի որբանոցներ, ՛Տարօն՛, ՛Դուրան՛ արհեստանոցները (տես Ռաֆայել Համբարձումեան ՛Գարեգին Նժդեհ, Գրական Երկեր՛, ՛Ժայռ՛ թերթ):

Կենսագրական փոքրիկ ակնարկից յետոյ անդրադարձանք Բալկանեան ժողովուրդների ազատագրական պայքարում մասնակցութիւն ունեցած Հայ գնդին, որը գործում էր Անդրանիկի եւ Նժդեհի հրամանատարութեան ներքոյ: Պատմութեան այդ դրուագը լաւ նկարագրուած է Արմէն Սիւնիի ՛Հայկական զօրամասը պալքան-թուրք պատերազմին մէջ՛ գրքում:

Մոսկուայի մեր շնորհալի երիտասարդներից Աննա Գեւորգեանը բոլորիս համար կարդաց ՛Իմ Երգը՛ եւ ՛Առիւծածին մայրեր՛ Նժդեհի գրուածքները: Բացի ընդհանուր մարտական ոգեւորութիւն արթնացնելուց ի սկզբանէ որոշուած էր մեր յանդիսատեսին ներկայացնել Նժդեհի գրական ժառանգութեան մի քանի պատառիկ:

Յիշատակուեցին Անիի մատոյցներում կազմակերպուած գործողութիւնը, որի շնորհիւ հնարաւոր եղավ մեծանուն գիտնական Նիկողայոս Մառի պեղած արժեքաւոր հնութիւնները դուրս բերել, խաղաղ ժողովրդի հետ միասին: Ապա Ալեքսանդրապոլի եւ Վանաձորի ինքնապաշտպանական մարտերը: Մի փոքր կանգ առանք Ղարաքիլիսայի եռօրեայ մարտերի վրայ, որ պատկերաւոր նկարագրուած է 2009 թ. ՛Հայրենիք՛ մատենաշարի վերահրատարակած ՛Ղարաքիլիսայի Հերոսամարտը: Ականատեսի հիշողութիւններից՛ գրքոյքի մեջ (հեղինակ՝ Մանուկ Ղազարեան):
Մօտենում էինք Մայիսի 28 –ին…

Յիշեցինք մեր վերականգնուած Անկախ Հայաստանի առաջին օրերը, արտաքին ծանր հարուածները, Փետրւարեան ապստամբութիւնը եւ իհարկե Սիւնիքի հերոսական պաշտպանութիւնը, մեր հերոսների մղած նուիրական պայքարն ու այն կարեւորութիւնը, որ ունեցաւ Հայաստանի պատմութեան մէջ:

Զուգահեռներ անցկացրի Սեպտեմբերի 21-ի Անկախութեան հանրաքուեի հետ: Մայիսի 28-ը առաւել քան երբեւէ անհրաժեշտ է վերարժեւորել եւ պատշաճ կերպով մատուցել երիտասարդ սերնդին:


Յիշատակեցինք Բոստոնում լոյս տեսնող ՛Հայրենիք՛ամսագիրը: Վերջինս մեծ ազդեցութիւն ունեցավ ԱՄԿ–ԱԻՄ ի կողմից ԽՍՀՄ-ում հրատարակուած առաջին Հայ ազատ պարբերական ՛Անկախութիւն՛ թերթին յետեւած, Մովսես Գորգիսեանի խմբագրութեամբ ասպարէզ իջաց նոր անկախական գրքոյքները կազմողների վրայ, որոնք ստացան ՛Հայրենիք՛ անուանումը, մօտ 75 տարի առաջ լոյս տեսած վերոնշեալ պարբերականի պատուին:

Կարեւոր էր նաեւ ճիշտ ներկայացնել ԱՄՆ-ում ստեղծուած Ցեղակրօն շարժումը եւ բացատրել պատճառները, ժամանակուայ մարտահրաւերները եւ ընդհանուր գաղափարախօսութիւնը: Այդ հարցում ինձ օգնական էին Նժդեհի, Տարօնական շարժման, ՛Ռազմիկ՛ եւ ՛Տարօնի Արծիւ՛ պաշտոնաթերթերի հիմնադիր, փիլիսոփայութեան դոկտոր Հայկ Ասատրեանի, Ցեղակրօն ուսմունքի առաջամարտիկներ Արմենակ Բարսեղեանի, Օննիկ Զարմունու գրքերը եւ գրքոյքները:

Յայտնի է, որ անցեալ դարի 30-ական թուականներին սկսուած, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հասունացած էր եւրոպայաբնակ Հայերին հալածելու վտանգը: Նժդեհը, Հայկ Ասատրեանի, գեներալ Դրոյի հետ միասին ձեռնամուխ եղան Հայերի արիական ծագումը գիտականօրէն ապացուցելու գործին, որի ռահուիրան էր Բեռլինի համալսարանի պրոֆեսոր, Գեւորգեան ճեմարանից դուրս եկած եւ մինչ այսօր Հայաստանի կողմից թերագնահատուած Արտաշես Աբեղեանը: Աբեղեանը նաեւ ղեկաւարում էր Գերմանիայում գործող Հայ ազգային խորհուրդը, ՛Ազատ Հայաստան՛ պարբերականը:

Հենց այս ազգանուեր գործի մէջ լինելու մեղադրանքներով էլ հետագայում ձերբակալւում ու հալածւում են Նժդեհը եւ Հայկ Ասատրեանը: Պատմեցի նաեւ Սպարապէտի եւ իր տիկին Եփիմէի որդի Վրեժ-Սուքիասի մասին, ով իր յիշողութիւններում գրում է, թէ ինչպէս հոր ձերբակալութիւնից յետոյ Բուլղարիայի հայ համայնքը իրենից հեռու էր մնում, նոյնիսկ բարեւ չէին տալիս:

Մի փոքր շեղուելով ասեմ, որ այսօրուայ Հայութիւնը շատ է քննադատում սեփական նախնիներին նրա համար, որ մէնակ էին թողել Կոմիտասին, Նժդեհին, Լեռ Կամսարին, Համո Սահեանին, ով անտեսուած էր մեր նորանկախ տարիներին: Աւելի նեղ շրջանակներին յայտնի է, որ մեծագոյն հերոս, Անկախութեան պայքարի հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրեանի հետ պատահական յանդիպումից անգամ վախենում էին մեր նկարիչ-մտաւորականները (այդպիսի մտաւորականների թւին չի դասւում Պարոյր Սեւակը, ով կիսում էր Հայկազունու երազանքները եւ վերջինիս ընկերն էր): Քննադատելով յանդերձ մոռանում ենք, որ այսօր Հայաստանում են ապրում մի քանի տասնեակ իրապէս լեգենդար մարդիկ, որոնցից շատերին մեր ժողովուրդը առնուազն դէմքով եւ անունով չի ճանաչում: Անկախութեան պայքարի արծիւներին, ՀԱՀԳԲ-ի առիւծներին, Արցախեան ազատամարտի լեգենդար հայորդիներին , որոնցից մի քանիսը այժմ ձերբակալուած են քաղաքական նկատառումներով:

Ով է մեզ խանգառում այդ մարդկանց յարգանք եւ ջերմ վերաբերմունք ցոյց տալ:
Կրկնում ենք մեր նախնեաց սխալները:

Երեկոյի երկրորդ մասը հագեցած էր ՛Նժդեհ՛ ֆիլմից մի քանի հատուածներով, մեր երիտասարդների ելոյթներով՝ Վեներա Կոչոեան ՛Կոչ Հայ զինուորներին՛, Քրիստինէ Ադամեան ՛Քեզի Համար՛ (2 հեղ.՝ Նժդեհ) եւ մեր ժամանակակից Խաչիկ Մանուկեանից 2 հրաշք գործ, Մարինէ Սարգսեան եւ Էլեոնորա Գալստեան ՛Գինի Լից՛ (երգ), ինչպէս նաեւ դահլիճում ներկայ Գոհար Սահակեան անունով մի աղջկայ երգ (՛Արազի ափին ծնուած…՛), որ նախատեսուած չէր սցենարով: Վերջինս մեր կողմից նուեր ստացավ Լեոնիդ Ազգալդեանի 72 -ամեակին նուիրուած Հայաստանեան համերգի տեսասկաւառակը, ինչից շատ հուզուել էր: Ամբողջ երեկոյի ընթացքում մեզ ուղեկցում էր 1968 թ. Մայիսի 28-ին 2500 տպաքանակով Բեյրութում լոյս տեսած Աւոյի ՛Նժդեհ՛ աշխատութիւնը:

Աւարտելով երեկոյն պատմեցի նաեւ Նժդեհի մասունքների Հայաստան տեղափոխելու գիտնական, բանասէր Վարագ Առաքելեանի յանդուգն ծրագրի մասին: Հասցրինք անդրադառնալ նաեւ մեր Վլադիմիր կատարած այցելութեանը, երբ մի խումբ ընկերներով գնացինք Նժդեհի երբեմնի գերեզմանին:

Ներկայացրի նաեւ Նժդեհի գաղափարակից, յետագայում բանտային ընկեր Արմէն Սեւանի (Յովհաննես Դեւեջեան) 1970 թ. Արգենտինայում տպագրուած, Երեւանում վերահրատարակուած ՛Բանտարկեալի մը յուշերը՛ աշխատութիւնը, որտեղ առաջին անգամ եղել է Գ. Նժդեհի գերեզմանի նկարը (նշեմ նաեւ Արայ Բերքեանի ՛Հռենոսի եւ Արաքսի միջեւ: 900 տարուայ Գերմանա-Հայկական յարաբերութիւններ՛ գիրքը, ուր կարեւոր փաստեր կան Գերմանիայում մեր հայրենասէրների ծաւալած գործունեութեան մասին եւ Արտաւազդ Աւագեանի ՛Հայաստան: Պաշտպանել հայրենիքը եւ ազգը՛ յօդուածների հաւաքածուն):

Յօդուածը գրելու պահին արդէն բազմաթիւ խնդրանքներով որոշուած է մօտ օրերս կրկնել երեկոյն:

Շատ գովելի է, որ ռուսաստանաբնակ մեր երիտասարդների հետաքրքրութիւնը դէպի ազգային արժեքները գնալով աճում է եւ պահանջ կայ նոր Հայ կիրակնօրեայ դպրոցների, նորանոր այսպիսի երեկոյների:

07.04.2017

Դաւիթ Աղաջանեան / Տիր Հայագիտական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930