Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյան. «Հայաստանում բարձր են գնահատում ՌԱԿ-ի գործունեությունը տարբեր երկրներում»

Մայիս 29,2017 17:34

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությունը:

Արա Բաբլոյանը ողջունել է ՌԱԿ-ի պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում եւ ներկայացրել իր գործընկերներին՝ Էդուարդ Շարմազանովին եւ Վահրամ Բաղդասարյանին:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ՌԱԿ-ի՝ Հայաստանում եւ Սփյուռքում իրականացվող նախաձեռնություններն ու ծրագրերը անուրանալի նշանակություն ունեն հայապահպանության ոլորտում: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ռամկավար ազատական կուսակցությունը շուրջ իննսունհինգամյա գործունեության ընթացքում մշտապես կապված է ժողովրդին եւ հայրենիքին:

Արա Բաբլոյանը նշել է. «Հայաստանում բարձր են գնահատում ՌԱԿ-ի գործունեությունը տարբեր երկրներում: Այն մոտեցումները, որոնք կիրառում եք դուք, շատ գնահատելի են. բոլորիս նպատակը պիտի լինեն հայապահպան գործունեությունը եւ Հայաստանի զարգացումը»:

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին եւ հայրենիքում ապաստան գտած սիրիահայերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ նրանք նոր շունչ, նոր մշակույթ են բերել Հայաստան, եւ ամեն հայ վստահ է, որ գալով հայրենիք՝ ապահով ու անվտանգ կզգա իրեն այստեղ, քանի որ մեր երկրին այսօր օրինակելի է պետականաշինության եւ ժողովրդավարության առումով:

Արա Բաբլոյանը փաստել է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում տարբեր գործընթացներ են տեղի ունենում. «Մենք, աչքի առջեւ ունենալով պատերազմի վերսկսման վտանգը, ստեղծում ենք ժողովրդավարության ուղիով ընթացող պետություն՝ ի տարբերություն Ադրբեջանի եւ Թուրքիայի»: Այս համատեքստում խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ խնդիրը ոչ թե տարածքներին է վերաբերում, այլ առաջնահերթ մարդու ազատ, անկախ ապրելու իրավունքը պաշտպանելուն:

Արա Բաբլոյանը կարեւորել է ավանդական կուսակցությունների դերը ազգային շահի շուրջ միավորվելու գործում. բոլոր հայերի նպատակը պիտի լինի Հայաստանի զարգացումն ու բարգավաճումը:

ՌԱԿ-ի կենտրոնական վարչության ատենապետ, Արգենտինայի «Սարդարապատ» շաբաթաթերթի հիմնադիր Սերխիո Նահապետյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է պատվիրակության անդամներին՝ Լեւոն Բլխյան (Սիրիա), Հրայր Հովիվյան (Լիբանան), Ժենի Գրիգորյան(Սիրիա), Հայկ Լեփեջյան (Սիրիա), Ալեքսան Կարադանյան (Սիրիա):

Սերխիո Նահապետյանը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել ՌԱԿ-ի կուսակցական մոտեցումները տարբեր հարցերի վերաբերյալ, Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացման ուղիները:

Կարեւորելով հայապահպանության դերը սփյուռքում՝ Սերխիո Նահապետյանը նշել է, որ արտասահմանում գործող բոլոր կուսակցությունները պիտի միավորեն ջանքերը՝ ի նպաստ հայրենիքի զարգացման, Հայաստանի եւ Արցախի անվտանգության պահպանման:

ԱԺ հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031