Լրահոս
Օրվա լրահոսը

Ճաշակի դեմ չեն պայքարում

Հունիս 07,2017 10:00

Վերջերս ինձ հանդիպած մի անծանոթ համոզում էր ինձ պայքար ծավալել բոլոր տեսակի սերիալների դեմ, որովհետեւ դրանք փոխում են «հայի գենետիկ կոդը եւ ընդհանրապես ցեղասպանություն են»: Ես հրաժարվեցի, նախ` այն պատճառով, որ երբեք ոչ մի բանի եւ ոչ մեկի դեմ պայքար չեմ ծավալել: Իսկ մասնավորապես՝ չեմ կարծում, որ պետք է պայքար ծավալել մարդկանց նախասիրությունների դեմ:

Որպես օրինակ վերցնենք թեկուզ կրոնը: Իմ շրջապատում կան ե՛ւ աթեիստներ, ե՛ւ ագնոստիկներ: Աթեիստները չեն հավատում, ագնոստիկները կասկածում են: Իհարկե, կասկածողներն ինձ ավելի մոտ են, քան չհավատացողները: Չնայած ես չեմ էլ կասկածում, որ հենց քրիստոնեությունն է, իսկ ավելի կոնկրետ` առաքելական հավատն է լավագույնս հնարավորություն տալիս մարդուն գտնել ներքին ներդաշնակությունը, բայց ես չեմ կարող «դատավճիռներ կայացնել» այն մարդկանց հանդեպ, որոնք չեն հավատում կամ կասկածում են:

Եվ այդ չափանիշներով մոտենում եմ մարդկանց բոլոր դրսեւորումներին, որոնք կարող են չհամընկնել իմ նախասիրությունների հետ: Դրանք հանդուրժելի են այնքանով, որքանով չեն հակասում պետական օրենքներին: Օրինակ՝ մեր պետության օրենքները չեն արգելում լինել Ստալինի երկրպագու: Ինձ Ստալինը դուր չի գալիս, բայց եթե մեկը նրան հավանում է` իր գործն է: Այ, եթե նա ցանկանա համակենտրոնացման ճամբարներ ստեղծել եւ այնտեղ տանջելով ոչնչացնել միլիոնավոր մարդկանց, դա արդեն կդադարի իր գործը լինելուց, եւ այս առումով իր կուռքի գաղափարներին հետեւելը կդառնա անօրինական: Իսկ այսպես` վերացական ձեւով հիանալ «ուժեղ ձեռքով», կարծում եմ՝ ամեն մեկի անձնական գործն է:

Ես վստահ եմ, որ մարդկանց պետք է տալ ազատություններ, որոնք սահմանափակվում են միայն օրենքներով: Բայց եթե մեկն ասում է` «այս ձեր դեմոկրատիայով դուք ազգի հերն անիծեցիք», դա էլ է մոտեցում, որը հարգանքի է արժանի: Ուրեմն նա պետք է առաջարկի, թե որտեղ, որ չափով է պետք անօրինական ձեւով սահմանափակել մարդու ազատությունը, եւ ով է լինելու սահմանափակողը:

Մարդկանց համոզմունքները, գաղափարները, հավատքը, մաշկի գույնը, ազգությունը, ճաշակը, նախասիրությունները նրա անձնական գործն են, եւ նա իրավունք ունի ապրելու այնպես, ինչպես ուզում է: Նա կարող նաեւ դիտել եւ լսել այն, ինչ ուզում է: Եվ երբ ինձ առաջարկում են ինչ-որ բան արգելել` հանուն «ազգի շահի», ես սկսում եմ կասկածել` իսկ գուցե այստեղ ոչ թե «ազգի շահերն» են դեր խաղում, այլ անձնական, խմբակային եւ, ինչու չէ, նաեւ կոմերցիոն շահերը: Այնպես որ, իմ զրուցակցին ես բացատրեցի, որ ոչ մի պայքար սերիալների դեմ չեմ ծավալի, եւ ես ոչ մեկի ճաշակի դատավորը չեմ:

…Ի դեպ, մենք տանը նույնպես սերիալ ենք նայում: Երբ ազատ մեկուկես ժամ է լինում (սովորաբար շաբաթ եւ կիրակի օրերին), մենք նայում ենք ամերիկյան հին սերիալ լեյտենանտ Կոլոմբոյի մասին: Պիտեր Ֆալկը ստեղծել է տաղանդավոր մարդու կերպար, որը կոնկրետ ինձ մի կողմից՝ սովորեցնում է լինել կյանքում համեստ, պարզ, հասարակ, իսկ մյուս կողմից` ուշադիր լինել բոլոր մանրուքների նկատմամբ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. araqel says:

    “Ես վստահ եմ, որ մարդկանց պետք է տալ ազատություններ, որոնք սահմանափակվում են միայն օրենքներով: ”

    Իսկ ովքե՞ր են այն անձինք, ովքեր դնորւմ են այդ օրենքով սահմանափակումները: Երկիր մեծամասնությու՞նը : Իհարկե ոչ: Ընդամնեը մի քանի հոգի /50, կամ 100 կամ 500/: Ու այդ սահմանափակումները , կամ կարգերը, գործում են առնվազն 4-5 տարի:
    Իսկ ինչու՞ եք համարում, որ այդ մարդկանց սահմանած կարգը սրբություն է, և պետք է հարգել ու դրանից բացի այլ հասարակական կարգ էլ չկա:
    Չէ որ բարոյական օրենքները շատ ավելի դեմոկրատական են ու այն մշակման գործում շատ ավելի մեծ քանակով մարդիկ, անգամ սերունդեր են ներգրավված եղել, քան է պատգամավորների սահմանած օրենքները կամ կառավարության սահմանած կարգերը:

    Ընդանրապես, էս ինֆորմացիոն հասանելիության դարում, երբ որ ամեն մեկի տանը մի քանի հատ ինտերնետ հասանելի սարք կա, պետք է օրենքները ընդունեն բոլորով միասին ու մեծամասնության քվեով- ուղղակի ձևով քվերակելով ամեն օրենք: Այ այդ դեպքում միայն օրենքը իսկապես կկոչվի երկրի բնակչության սահմանած Կարգը: Սակայն հասկանալի է, որ սա դուր չի գա փոքրամասնությանը- որոնց մշտական անդամն են նաև ազատականները- լիբեռալները: Նրանք միշտ էլ ուզում են ուզուրպացնել իշխանությանը ու մեծամասնությանը պարտադրել իրենց ապրելակերը ու ճաշակները:

    Հ.Գ. Խոսքս վերաբերվում է ամբողջ աշխարհին, և ոչ միայն Հայաստանին:

  2. Ara Shahbazian says:

    Եթե պատահաբար ականատես լինեք ինչ որ մեկի ինքնասպանության փորձին, ,,հարգելով նրա ընտրության իրավունքը,, և հաշվի առնելով նա ոչ մի օրենք չի խախտում, հանգիստ կնայե՞ք, թե՞ կհեռանաք…

  3. Հ.Շ. says:

    Այս խմբագրականի վերջին պարբերութիւնեան շնորհիւ կ’անդրադառնամ թէ «սերիալ» բառի սահմանումին վերաբերեալ թիւրիմացութիւն – կամ տարակարծութիւն – կայ, գոնէ իմ մօտս:

    Իմ հասկացողութեամբս, հեռուստատեսիլի «սերիալները» այդ երկարապատո՜ւն, անվերջանալի պատմութիւններ են, չափազանց մակերեսային եւ ծայրահեղօրէն յուզական, սիրոյ խնդիրների, դաւաճանութեան, վրէժխնդրութեան, չարախօսութեան, եւ այլ նոյնանման թեմաների շուրջ, ուր դերակատարները կամ շատ կու լան կամ շատ կը խնդան, միշտ կը գոռան, յաճախակի կերպով զիրար մարմնապէս կը ցնցեն կամ կ’ապտակեն, տեւաբար կը կռուին եւ դարձեալ կը հաշտուին – եթէ մինչ այդ մէկը միւսը չսպանէ, կամ դիտմամբ կամ արկածով -, անձեր կ’անհետանան ապա յանկարծ ետ մէջտեղ կ’ելլեն, միշտ տեղ մը գաղտնի սիրող մը կամ ապօրինի երեխայ մը կայ, յաճախ մէջտեղ կ’ելլէ թէ մէկու մը հայրը կամ մայրը խորքին մէջ հարազատ չեն, այլ ան ունի այլ ծնող մը, որ կամ շատ բարի եւ շատ դժբախտ է, կամ ել շատ չար եւ անգութ, եւայլն. եւայլն.

    Այդ, որ «soap-opera» կը կոչուի Ամերիկայում, իսկ ֆրանսերէնով՝ “feuilleton-télé” :

    Բնաւ մտքէս պիտի չանցներ Տիթեկթիվ Կոլոմբոյի – դասական դարձած -հաղորդաշարը որպէս սերիալ դասակարգել:

  4. Լավատես says:

    Ազատությունը շատ թանկ հաճույք է, հատկապես երբ քո շուրջը վխտում են անազատ ստրուկները, կամ դո՛ւ նրանց կդարձնես ազատության մարտիկ, կամ էդ անազատության մարտիկները քեզ կդարձնեն իրենց նման անազատ ստրուկ, կախված նրանից, թե ով ավելի ուժեղ կգտնվի: Մարդ անձնական ազատություն չի կարող զգալ, երբ իր ընտանիքը կամ ազգը անազատության մեջ է: Այնպես որ ազատությունը ստրուկի համար գլխացավանք է, իսկ անազատությունը ազատ մարդու համար է գլխացավանք:

  5. henri says:

    Յարգելի Պ, Արամ
    Առաջին անգամ ըլլալով ամենեւին համաձայն չեմ ձեզի հետ- Դուք կարեւոր օրաթերթի մը պատասխանատու խմբագիրն էք -մէկ խօսքով լրագրող էք -պէտք էք գիտնալ որ հասարակութեան հանդէպ որոշ պարտականութիւն ունիք- —Ամէն ոք ազատ է— ըսելով ձեռքերնիդ կը լուաք և փախուստ կու տաք — որովհետեւ կարգ մը անձեր կը դիտեն ըսելով իրաւունք չունինք այս աստիճան հասարակնալու- մեզ կը պարտադրեն այն ինչ չենք ընդունիր- հարկ չկայ նկարագրութիւնը ընել-պարզապէս զզուելի տեսարաններ որ ամէն օր աւելի փօռնօ ֆիլմերու կը նմանին քան հաճելի ժամանցի պահեր պարգեւող շարքեր; Եթէ հայաստանի ալիքները կը դիտենք լուրեր առնելու և կապերնիս պահելու համար է հայրենի անցուդարձերուն ոչ թէ փողոցային պոռչտուքներով և փողոցային “սլէնկով ” անկապ պատկերներու մի օր ԲԱՆԱԿՈՒՄ-ուրիշ օր մը ՔԱՂԱՔՈՒՄ նոյն հասարակ դերասան կոչուածներով և լքստուած աղջիկներով – ըսէք հաճիք մենք՞ պատուիրած ենք,մեր կարծիքը՞ հարցուցած են մի օր — ուր՞ է ասոր ազատութիւնը ; մէկ կողմէն լեռներու ,ձիւներու մէջ մեր առողջ երիտասարդութիւնը ցոյց կու տան-և կուրծքերնիս հպարտութեամբ կը լեցուի,միւս կողմէն գռեհիկ քաղաքային լակոտներ որ հազիւ աղջիկ մը տեսնեն
    իրենք իրենց ամէն իրաւունք կու տան մազերէն բռնած քաշքշելու,հանդիպած բազկաթոռին վրայ նետելու ,,,այս է ձեր քարոզած ազատութիւնը ՞դուք թոյլ պիտի չի տաք որ պատասխանատուները մեր ազատութիւնը բռնաբարեն ; Ես միայն բողոք և գանգատ լսած եմ մեր աննպատակ և անբարոյ սերիաներու մասին – քանի խոտոր կը համեմատին մեր ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՂՋՄՏՈՒԹԵԱՆ /հայկականը զանց կ՛ընեմ առ այժմ;

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930