Մենք փնտրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն, ինչ նրանք թաքցրել են
«Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ «Առավոտն» ամեն ուրբաթ ներկայացնում է դետեկտիվի արտառոց բացահայտումները:
Զանգը եկավ ԱՄՆ-ից։ Սովորական աշխատանքային օր էր։
-Պարոն Գաբրիելյան, Ձեզ անհանգստացնում է պարոն Y-ի օգնականը։ Նա ցանկանում է Ձեզ հետ խոսել անձնական հարցով։ Մինչ գիծը միացնեին, մենք, ինչպես միշտ, արագ նայեցինք՝ ով է զանգի հետեւում։ Ֆորբսի ցուցակում գտնվող, 75-ն անց միլիարդատեր, ամերիկացի, ամուրի։ Մարդ, ով սովոր է իր հարցերը լուծել առանց երկար բացատրությունների։ Նա հենց միացավ, անմիջապես անցավ թեմային։
Քսանհինգ օրից ամուսնանալու էր։ Հարսնացուն իր չորս տարվա ընկերուհին էր։ Ասում էր՝ կարծես ամեն ինչ գիտի նրա մասին, բայց ներսում ինչ-որ բան հանգիստ չի տալիս։ Կասկած։ Չի կարող բացատրել ինչից, բայց կա։ Ու ուզում էր, որ մենք իրականացնեինք կնոջ վերաբերյալ մաքսիմալ խորքային հետաքննություն:
Կինը ուկրաինուհի էր։ Պատերազմի սկսվելուց հետո պատվիրատուի օգնությամբ դուրս էր եկել երկրից, անցել Եվրոպա։ Նա պարզապես ուզում էր վստահ լինել, որ իր կողքին կանգնած մարդը հենց այն է, ինչ իրեն ցույց է տվել իրականում:
Պայմանավորվեցինք։ Օգնականն ուղարկեց տվյալները։
Այդ կինը 35 տարեկան էր։ Իր մեջ կրում էր սլավոնական ծագման կանանց մաքսիմալ գեղեցկությունն ու հմայքը:
Սկսեցինք հետաքննությունը, մեր նախնական վերլուծությամբ ուներ կատարյալ կենսագրական տվյալներ: Առաջին հերթին կապ հաստատեցինք Ուկրաինայի մեր գործընկերների հետ։ Ստուգեցինք ամեն ինչ՝ թվային միջավայրը, ոչ թվայինը, փաստաթղթային հետքերը։ Ոչ մի խնդիր։ Ոչ մի խախտում։ Երբեւէ չէր ունեցել որեւէ բանկային վճարման ուշացում, ոչ մի ուշացած կոնունալ վճարում։ Ոչ մի դատական պատմություն։ Ամեն ինչ այնքան մաքուր էր, որ արդեն անհարմար էր դառնում նրան ստուգելը։ Իրական կյանքում նման բան հազվադեպ է լինում։ Մեր ներքին համոզմամբ այդ կնոջ կենսագրությունը եւ նրա թվային հետքերը ռետուշ էր արված:
Պարզվեց՝ Ուկրաինան լքելուց հետո եղել է Լեհաստանում, հետո՝ Գերմանիայում, վերջում՝ Շվեյցարիայում։ Բոլոր երկրներում զարմանալիորեն շարունակվում էր այդ կնոջ անաղարտ կենսագրությունը:
Մի քանի երկրների դետեկտիվական թիմեր ներգրավվեցին։ Օրեր շարունակ աշխատեցինք։ Արդյունքում՝ համացանցի ամբողջ ծավալից ընդամենը մեկ լուսանկար։
Նա էր։ Թանկարժեք զբոսանավի վրա։ Շատ շքեղ հագուստով, ձեռքին՝ շամպայն։ Հետին պլանում՝ լիճ, նավեր, երկինք։ Եվրոպացի գործընկերներն ասում էին՝ բավարար է։ Ոչինչ չկա։ Կարելի է փակել գործը եւ պատվիրատուին ասել, որ նրա ապագա կինը հավակնում է ամենահամեստ ու խոնարհ կնոջ կերպարին: Բայց մեզ այդ լուսանկարը հանգիստ չէր տալիս։ Այդպիսի լուսանկարները հենց այնպես չեն արվում: Կան դեպքեր, երբ պատահական փաստը դառնում է հետաքննության ճիշտ զարգացման շարժիչ ուժը:
Հիշեցի Իսրայելում գտնվող հին գործընկերոջս։ Ուղարկեցի լուսանկարը՝ առանց բացատրությունների։ Պարզապես խնդրեցի վերլուծել եւ տրամադրել ինչ հնարավոր է նկարի մասին:։
Երեք օր անց նա զանգեց։ Պարզվեց՝ զբոսանավը վարձակալված էր։ Լուսանկարը արված էր կոնկրետ օր, կոնկրետ քաղաքի հայտնի լճում։ Զբոսանավը վարձակալել էր բավական հայտնի անձ։ Այստեղ ամեն ինչ փոխվեց։
Սկսեցինք այդ մարդու եւ կնոջ կապը ուսումնասիրել։ OSINT, բաց աղբյուրներ, թվային հետքեր։ Եվ վերջապես գտանք այն, ինչ փնտրում էինք՝ մեկ հեռախոսահամար։
Այդ համարով վարձակալվել էր զբոսանավը։ Նույն օրը նույն համարից ուղարկվել էր հաղորդագրություն Դարկնետում գործող շատ փակ ինտիմ ակումբի։
Դա պատահականություն չէր։
Հաջորդ քայլն անհրաժեշտ էր արագ կատարել, գրանցվել ակումբում։ Գործընկերներից մեկին գրանցեցինք այդ ակումբում։ Դա հեշտ չէրգ պետք էր արդեն իսկ հաճախորդ հանդիսացող գործող անդամի երաշխավորություն։ Իտալացի գործընկերս, որ սիրում էր նմանատիպ միջավայրերում «զբոսնել» այդ ակումբի անդամ էր ու մեծ հաճույքով երաշխավորեց…
Ու ստացվեց։ Ակումբի մեկը մյուսից գեղեցկատես կանանց միջավայրում գտանք ապագ միլիարդատիրուհու պրոֆիլը։ Պարզվեց՝ նա այդ ակումբի միջոցով էլիտար էքսկորտ ծառայություններ էր մատուցում տարիներ շարունակ։ Բավականին պահանջված էր՝ բարձր ռեյտինգով։ Լուսանկարի օրը հենց այդ հայտնի անձի հետ էր անցկացրել ժամանակը՝ նրա վարձակալած զբոսանավի վրա։
Հարսանիքին մնացել էր մեկ շաբաթ։ Ես զանգահարեցի պատվիրատուին։ Մենք ուղարկել էինք ամբողջական թղթապանակը՝ լուսանկարներով, նամակագրություններով եւ Դարկնետի պրոֆիլի ապացույցներով։
Լռությունը գծի այն կողմում տեւեց հավերժություն։
-Պարոն Գաբրիելյան,- վերջապես լսվեց նրա ձայնը, որն այս անգամ զարմանալիորեն հանգիստ էր։ – Շնորհակալ եմ, որ փրկեցիք իմ ռեպուտացիան։ Եվ շնորհակալ եմ, որ հաստատեցիք՝ իմ ներքին ձայնը դեռ չի դավաճանում ինձ։
Ամերիկյան մեծ ու շքեղ հարսանիքը չեղարկվեց։ Առանց աղմուկի, առանց տեսարանների։ Կինն ուղղակի անհետացավ միլիարդատիրոջ կյանքից նույնքան լռությամբ, որքան հայտնվել էր։
Այս պատմությունն ինձ սովորեցրեց մեկ բան. երբեմն ամենասպիտակ կենսագրություններն ունենում են ամենամութ ստվերները։ Իսկ իրականությունը հաճախ հենց այն է, ինչից մենք փորձում ենք փախչել սիրո կուրության մեջ։
Երբեմն ամենասպիտակ կենսագրություններն ամենասեւն են:
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.04.2026


















































