Լրահոս
Օրվա լրահոսը

Չխոսող ու չլսող աղջիկները ժեստերով հասկացրին, որ ձեռքով են լվացք անում

Ապրիլ 02,2018 13:00

Նոր տարվա առիթով մեկնել էի գյուղ՝ Շինուհայր: Հարեւանիս կինը մահացել էր եւ ինչպես ասում են՝ առաջին տարին էր, այցելեցի նրանց, մանավանդ գիտեի, որ ընտանիքի հայրը հիվանդ է եւ երկար տարիներ գամված է անկողնուն: Հիվանդ հորը խնամում են երեք աղջիկները, երեքն էլ հաշմանդամություն ունեցող՝ չխոսող ու չլսող: Ընտանիքի նյութական վիճակը պատկերացնելու համար ասեմ, որ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող աղջիկները ստանում են 19.000-ական դրամ թոշակ, իսկ 75-ամյա հայրը՝ կենսաթոշակ, երեւի 30-40 հազար դրամ:

Երբ հարցրի որպիսությունները, աղջիկները ժեստերով բողոքեցին թեւերի, հոդերի ցավերից, որովհետեւ ամեն օր ստիպված են ձեռքով հսկայական լվացք անել՝ հորն ու անկողինը մաքուր պահելու համար: Այնքան ազդված էի նրանց վիճակից, որ Երեւան վերադառնալու հենց առաջին օրը (հունվարի 9-ին) մի դիմում գրեցի Սյունիքի մարզպետին՝ խնդրելով աջակցել այս ընտանիքին՝ ամենասովորական լվացքի մեքենան ձեռք բերելու համար:

Անցավ երկար ժամանակ, պատասխան չկար: Հայփոստի կայքից տեղեկացա, որ մարզպետարանը մի քանի օր անց ստացել է նամակս եւ զանգեցի մարզպետարանի սոցապ վարչություն: Դա փետրվարի 27-ին էր: Վարչության պետ Նունե Ղուկասյանից հետաքրքրվեցի նամակի ճակատագրով: Տիկինը հարցրեց անուն-ազգանուն, ասացի՝ Սլավիկ Վարդազարյան: Ասաց, որ կես ժամից զանգեմ, որովհետեւ զբաղված է (երեւի դիմումին ծանոթանալու համար): Հաջորդ զանգիս տիկինը վրդովված հարցրեց. «Ինչո՞ւ եք դուք զանգում»: Ասացի, որ ես եմ գրել դիմումը՝ Սլավիկ Վարդազարյանի անունից: «Թող ինքը զանգի»,- եղավ պատասխանը: Բացատրեցի, որ Սլավիկ Վարդազարյանը զանգել չի կարող՝ ֆիզիկապես չի կարող եւ հետո խոսակցականը արդեն դժվարընկալելի է: «Ուրեմն թող ընտանիքի մյուս անդամներից զանգեն»: Տիկին Ղուկասյանին հիշեցրի, որ ընտանիքի մյուս անդամները չխոսող ու չլսող են (թեպետ դրա մասին նշել էի դիմումում): Այնուհետեւ տիկին Ղուկասյանը հետաքրքրվեց, թե ո՞վ եմ ես այդ ընտանիքի համար, ինքն էլ նեղվեց, որ մարզում շատ են անապահովները, չեն կարողանում բոլորին օգնել: Տիկնոջ հետ հանգիստ զրուցեցինք, ներկայացրի ընտանիքի վիճակը: Ասաց՝ զանգեմ մեկ շաբաթից, տեսնի ինչ կարող է անել:

Մարտի 7-ին դարձյալ զանգեցի, տիկին Ղուկասյանն ասաց, որ դիմումը նիստի են դնելու, ամսվա վերջին պատասխան կլինի: Մարտի 29-ին տեղեկացա, որ դիմումը մերժել են:
Անկեղծ ասած՝ անակնկալի եկա, որովհետեւ մտածում էի, որ 50-60 հազար դրամ արժողությամբ լվացքի մեքենա մարզպետարանը կարող էր նվիրել այդ ընտանիքին, որտեղ 3 հաշմանդամություն ունեցող կին կա, մանավանդ որ՝ անընդհատ շեփորվում է Հայաստանում կանանց միամսյակի մասին:

Բայց քանի որ այդ լվացքի մեքենան շա՜տ է պետք Վարդազարյաններին, դիմել եմ «Վեգա» ընկերությանը՝ ոգեւորվելով կանանց միամսյակի առիթով հայտարարված աննախադեպ զեղչերից եւ խաղարկությունից, հույս հայտնելով, որ չեն մերժի խնդրանքս:

 

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

31.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Karen says:

    Տվեք ինձ տվյալները, ես կօգնեմ նրանց:

  2. Անժիկ says:

    Հարգելի Կարեն, Ձեր օգնությունը տեղ է հասել: Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30