Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները բարեկեցիկ
ապրելու հույսը կտրել են
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի տասնյակ բնակիչներ, որոնք արդեն 20 տարուց ավելի է՝ ապրում են, մեղմ ասած, ոչ մարդավայել պայմաններում, բարեկեցիկ ապրելու հույսը կտրել են: Նրանք ապրում են վախը սրտներում. ամեն օր քնում արթնանում են հույսով, որ մինչ շենքի փլուզումը իրենց էլ բնակարան կհատկացնեն:
Այս ընտանիքները, որտեղ նաեւ մեծահասակներ ու փոքրիկներ կան, չունեն ոչ մի կենցաղային հարմարություն` ո՛չ ջուր ունեն, ո՛չ գազ: Շենքը չի կարող գազիֆիկացվել, քանի որ 4-րդ կարգի վթարային է: Ասում են` շենքում քայլելն անգամ վտանգավոր է, ուր մնաց բնակարաններում առիթներին ուրախանալն ու պարելը: «Առավոտի» հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ տոների ժամանակ սրտանց ուրախանալ էլ չեն կարող, պարելու համար բակ են իջնում, որպեսզի հանկարծ հատակը չփլուզվի:
Լենուղի համայնքի ղեկավար Գեղամ Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2015 թվականին մեկ շենքի բնակիչներին արդեն բնակարաններ հատկացվել են, սակայն մյուս 2 շենքերի համար դեռ ֆինանսավորման են սպասում: Թե երբ կլինի՝ չգիտեն:
Շենքի բնակիչները, սակայն, ասում են, որ այլեւս հնարավոր չէ ապրել այդ պայմաններում: Շենքի սեյսմակայունության խնդիրներից բացի, բնակիչների խոսքով` առնետներն ու մկները վխտում են, մտնում բնակարաններ եւ, այսպես ասած, նրանց «ընտանիքի լիիրավ անդամներն են»:
Մեր հացերին ի պատասխան՝ Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանն ասաց, որ հարցը գտնվում է հրատապ խնդիրների մեջ, եւ «մարզպետը լրջորեն զբաղվում է այդ խնդրով»:
Սակայն տարածքային վարչության պետ Արթուր Սողոմոնյանը նկատեց, որ օրակարգում նման հարց առայժմ չունեն:
ԱՐՄԱՆՈՒՇ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի
ֆակուլտետ, 2-րդ կուրս
«Առավոտ»
04.05.2018























































