Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկը պնդում է, թե պատշաճ բուժօգնություն է տրամադրել և մեղավոր չէ

Հունիս 22,2018 10:44

2018 թ. հունիսի 20-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը: ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրված բժիշկներ Լիլիթ Վարդանյանին ու Զարինե Այվազյանին: Հիշեցնենք՝ բժշկական կենտրոնի բժիշկներ Զարինե Այվազյանն ու Լիլիթ Վարդանյանը մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելու համար 2015 թ. դեկտեմբերի 22-ին ազատազրկման էին դատապարտվել՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի և Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանը 2016 թ. հունիսի 24-ին  լրացուցիչ պատժի նշանակման մասով գործն ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Ամբաստանյալ Զ․ Այվազյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանն ու Կարեն Մեժլումյանը դատարան չէին ներկայացել։ Ե․ Սարգսյանի բացակայությունը դատարանը հարգելի համարեց, քանի որ վերջինս դատարան ներկայացրած դիմումով տեղեկացրել էր, որ այլ դատական նիստով զբաղվածության պատճառով չի կարող ներկայանալ նիստին: Իսկ Կ․ Մեժլումյանի բացակայությունը դատարանն անհարգելի համարեց, քանի որ վերջինս չէր հայտնել իր չներկայանալու պատճառների մասին։ Նախորդ դատական նիստին ամփոփիչ ճառերով հանդես էր եկել մեղադրանքի կողմը, իսկ այս դատական նիստին ամփոփիչ ճառ ներկայացրին ամբաստանյալ Լ․ Վարդանյանն ու նրա պաշտպան Գ․ Հովհաննիսյանը։ Գ․ Հովհաննիսյանն իր ճառում նշեց, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ակնհայտ ապօրինի դատական ակտ է կայացրել, այն կայացրել է զգացմունքների հողի վրա։ Պաշտպանը նշեց, որ ապօրինի դատավճռի հրապարակումից հետո Լ․ Վարդանյանի զգացմունքները տեղի են տվել և նա արել է արտահայտություններ, որոնք չեն կարող նրա անձը բնութագրող համարվել։

Նշեց, որ ամբաստանյալ Լ․ Վարդանյանը վերջին հինգ տարիներին մասնակցել է բազմաթիվ դասընթացների, ստացել պարգևատրումներ, գիտելիքներ է ձեռք բերել դրանք աշխատանքային գործունեության մեջ ներդնելու համար։ Նա անթույլատրելի համարեց լրացուցիչ պատիժ կիրառելու վերաբերյալ միջնորդության ներկայացումը մեղադրողի կողմից այն դեպքում, երբ դատարանի դատավճիռը մեղադրողը չէր բողոքարկել, բացի դրանից՝ նշեց, որ ավարտվել է նաև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, որը մեղադրանքի կողմն ուշադրության չարժանացրեց։  Այդպիսով՝ Գ․ Հովհաննիսյանը գտավ, որ լրացուցիչ պատիժ չպետք է կիրառվի։ Ամփոփիչ ճառով հանդես եկավ նաև Լ․ Վարդանյանը, որն իր խոսքում նշեց, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը չպետք է գնահատի իր գիտելիքները և իր աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունը, նշեց, որ իր համար, ինչպես ցանկացած բժշկի համար, ծանր է հիվանդի մահը, սակայն, նշեց, որ ինքը մեղավորություն չունի Լիա Միսակյանի մահվան մեջ. տրամադրել է պատշաճ բուժօգնություն և մեղավոր չէ, որ տվյալ օրը հիվանդանոցում լաբորատորիան չի աշխատել կամ անալիզները ժամանակին չեն վերցվել։ Զ․ Այվազյանի պաշտպաններին ճառով հանդես գալու հնարավորություն տալու պատճառով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2018 թ․ օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930