Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմ՝ մեր հիշողության դեմ. Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Հունիս 22,2026 22:15 Share

ԱԺ ընտրություններից անցել է 2 շաբաթ, և սպասելի էր, որ կրքերը չեն հանդարտվելու նման զարհուրելի էլեկտորալ բեմադրությունից հետո։

Սակայն խնդիրն ավելի խորքային է, քան կեղծված ընտրությունների արդյունքը կամ այդպես էլ չհանգուցալուծված ճգնաժամն է։

Իրոք, ընտրությունների արդյունքից դժգոհ են բոլորը. Փաշինյանը, որ չի կարողացել ապահովել այդքան բաղձալի սահմանադրական մեծամասնություն, ընդդիմությունը, որ չի հասել Նիկոլի պաշտոնանկության համար անհրաժեշտ ցուցանիշի։

Կարծում եմ, որ բնական էր և անխուսափելի, որ միայն քաղաքական գործիքակազմով, այն է՝ խորհրդարանական ընտրություններով, 2020-ից առկա ճգնաժամը չէր հանգուցալուծվելու։ Բացատրությունն էլ հստակ է՝ 44-օրյա պատերազմից հետո մեր ժողովուրդը գտնվում է շարունակվող, հյուծող, բզկտող՝ ոչ թե քաղաքական, այլ՝ արժեհամակարգային ճգնաժամի մեջ։

Անցած ընտրություններին մենք՝ որպես հասարակություն, ընտրում էինք ոչ միայն ապագայի ուղիների, այլև անցյալի գնահատականների միջև։ Մեր քվեարկությամբ մենք պատասխանում էինք ոչ միայն՝ «որտե՞ղ գնանք», այլև՝ «որտեղի՞ց ենք գալիս» հարցին։

Պետք է քաջություն ունենալ խոստովանելու, որ բոլոր խայտառակ ճնշումներով, կեղծիքներով, միջամտություններով և նախընտրակաշառքներով հանդերձ՝ Փաշինյանին հաջողվել է ձևավորել իր քայքայիչ, ռևիզիոնիստական «նոր բարոյականության» երկրպագուների բազմությունը։ Այո՛, նա դեռ չունի այդ օրակարգի շուրջ մեծամասնություն, բայց միացյալ ընդդիմությունն էլ պիտի արձանագրի, որ «դասական հայրենասիրության» շուրջ այլևս չկա մեծամասնություն։

Նախընտրական արշավի ընթացքում, պատկերավոր ասած, առաջին խաղատախտակը «ստամոքսի» մասին էր՝ թոշակներից մինչև նոր աշխատատեղեր, բայց առնվազն երկրորդ խաղատախտակը «սրտի» մասին էր՝ «Արարատից՝ Արագած»։

Բոլորովին չթերագնահատելով «ստամոքսի» էլեկտորալ և մոբիլիզացիոն պոտենցիալը՝ շեշտում եմ, որ Հայաստանի ապագայի համար մղվող գոյաբանական մարտադաշտը «սիրտն» է՝ մեր անցյալի համար մղվող պայքարը։

Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ», և եթե ուզում ենք հաղթել և պաշտոնազրկել նրան, ապա նախ պիտի հաղթենք նրան հենց այդ՝ «հիշողության» պատերազմում։

Ինչպես հռոմեացի պատմաբան Տակիտոսն էր դիմում. «Մարտի մեկնողներ, հիշե՛ք թե՛ ձեր ժառանգներին, թե՛ ձեր նախնիներին»։

 

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Վարդաշեն» ՔԿՀ

19.06.2026թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930