Լրահոս
Օրվա լրահոսը

Դունյա Միյատովիչը ողջունել է Մարտի 1-ի բացահայտումը Հայաստանում

Սեպտեմբեր 24,2018 19:45

2018թ. մայիսին Հայաստանի խաղաղ իշխանափոխությունն իսկապես նշանակալից էր: Այնուամենայնիվ, ժողովրդական սպասումները շատ ավելի մեծ են՝ կապված իրենց կյանքում շուտափույթ բարելավումների հետ, և կառավարությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի խոցելի խավերի՝ վաղուց մոռացված իրավունքների վրա: Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ամփոփելով 15-20-ն իրականացրած այցը Հայաստան:

Հանձնակատարն ուշադրություն է հրավիրել կանանց իրավունքների և քաղաքական գործընթացներին նրանց մասնակցության վրա: «Կանանց մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքին պետք է ավելի արդյունավետ կերպով խթանվի, հատկապես որոշում կայացնողների բարձր մակարդակներում և տեղական մակարդակներով, մասնավորապես օրենքների միջոցով»,- ասել է նա: Հանձնակատարը կարծում է, որ այդ հարցում կարևոր նշանակություն կարող է ունենալ ժամանակավոր քվոտաների սահմանումը և խորհուրդ է տալիս կոնկրետ քայլեր ձեռնարկել կանանց քաղաքական դերակատարությունը, այդ թվում տեղական ընտրություններում բարձրացնելու համար:

Ինչ վերաբերում է զբաղվածության ոլորտում հավասարությանը՝ հանձնակատարը կարծում է, որ Հայաստանը պետք է վճռորոշ քայլեր ձեռնարկի ապահովելու հավասար աշխատավարձ և հավասար հասանելիություն աշխատանքի շուկայում կանանց համար և չեղարկի այն մասնագիտությունների ցանկը, որոնք վտանգավոր են հայտարարվել կանանց համար:

Միյատովիչը ողջունել է 2017թ. Հայաստանում ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը և այցելել ընտանեկան բռնության զոհերի միակ կացարանը Հայաստանում, որն այսօր ապաստան է տալիս 5 կնոջ՝ իրենց երեխաների հետ: «Ուրախ էի լսել, որ կառավարությունը պատրաստվում է նոր ապաստարաններ բացել 2019թ.: Կարծում եմ կարևոր է, որպեսզի դրանք լինեն ոչ միայն Երևանում, այլև այլ հեռավոր շրջաններում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ իշխանությունները մեծ ուշադրություն պետք է դարձնեն նման կացարաններում ապրող երեխաների կրթությանը:

Ինչ վերաբերում է հենաշարժական խնդիրներ ունեցողներին, Միյատովիչը ողջունել է Հայաստանը ջանքերն այս ուղղությամբ՝ միաժամանակ ընդգծելով, որ պետք է վերանայվի նրանց վերաբերյալ պետական աջակցության օրենսդրական շրջանակը:

Անդրադառնալով նման խնդիրներ ունեցող երեխաներին՝ հանձնակատարը խորհուրդ է տվել Հայաստանի կառավարությանը մինչև 2025թ. ներդնել ներառական կրթություն ոչ միայն դպրոցներում, այլև մանկապարտեզներում:

Հանձնակատարն անդրադարձել է նաև ծերերի սոցիալական խնամքի խնդրին: Նա կոչ է արել Հայաստանի իշխանություններին ապահովել ծերերի համար արժանապատիվ և բարեկեցիկ կյանք՝ համընդհանուր ռազմավարության ճանապարհով, որում պետք է առաջնահերթություն տրվի կենսաթոշակների բարձրացմանը և առողջապահության ոլորտի հասանելիությանը:

Միյատովիչը նաև խորհուրդ է տվել Հայաստանի իշխանություններին հապշտապ ընդունել համընդհանուր օրենք խտրականության մասին, ինչպես նաև քայլեր ձեռնարկել ատելության խոսքը և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ ատելության հողի վրա հանցագործությունները կանխելու համար:

Դունյա Միյատովիչը նաև ողջունել է Հայաստանի ձեռնարկած քայլերը 2008թ. մարտի իրադարձությունները բացահայտելու և 10 զոհերի պատասխանատուներին գտնելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ «դա պետք է արվի զգույշ և օրենքի գերակայությանը խստորեն հետևելու պայմաններում»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930