Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորի համար «պուպուշ» չես լինի

Մարտ 15,2019 10:00

Ճիշտն ասած, Օպերայի մոտակայքում գործող սրճարանները քանդելն, իմ ընկալմամբ, Երեւանի ամենաառաջնահերթ խնդիրը չէ: Ուրիշ հարց, որ դա անելը համեմատաբար հեշտ է, եւ քանդելու մեջ պոպուլիզմի որոշակի տարր կա՝ վերականգնում ենք նախորդ իշխանությունների կողմից խեղված մեր սիրելի մայրաքաղաքի կերպարը:

Մյուս կողմից, իհարկե, ավելի լավ կլիներ, եթե այնտեղ սրճարաններ չլինեին: Քաղաքային նախորդ իշխանությունները, մեղմ ասած, սխալ էին վարվել՝ սրճարանների թույլտվություն տալով, եւ դա, ենթադրվում է, արել են ոչ անշահախնդիր: Բայց անձամբ ես եւս մի քանի տարի կհանդուրժեի այդ սրճարանների գոյությունը՝ մանավանդ, որ դրանց սեփականատերերը պայմանագրեր էին կնքել քաղաքապետարանի հետ մինչեւ 2022-23 թվականները: Իսկ սեփականության իրավունքը նույնպես շատ կարեւոր է, այդ թվում՝ ներդրումներ գրավելու տեսանկյունից:

Մի խոսքով, սրճարանները քանդելու որոշումը կարելի էր հետաձգել, իսկ այդ ընթացքում կատարել ինչ-որ «կառուցողական» աշխատանք: Պարզ է, որ մի քանի ամսում հնարավոր չէ ազատել մեզ «հուսահատության գազելներից» կամ մետրոյի կայարան կառուցել (այստեղ, ի դեպ, ոչ մի առաջընթաց չի նկատվում), բայց որոշ աշխատանքներ հնարավոր էր գոնե սկսել: Օրինակ, նախորդ 10 տարիների ընթացքում բարեկարգվել են «Երազ» գործարանի եւ Հանրապետական հիվանդանոցների մոտի այգիները, «Երիտասարդական» մետրոյի կողքի ստորգետնյա անցումը, կառուցվել է Ծիծեռնակաբերդի ավտոճանապարհը, որը միացնում է Լենինգրադյան-Իսակով փողոցները, կառուցվել է նաեւ Դավիթաշեն -Աշտարակի խճուղի ճանապարհը: Այդ տեսակի նախագծերը հնարավոր էր նախաձեռնել, որպեսզի 2-3 տարի հետո ավելի հեշտ լիներ ասելու՝ «ահա մենք լավը կառուցել ենք, իսկ հիմա վատը քանդում ենք»:

Բայց եթե ապամոնտաժելու որոշումն ընդունվել է, ապա այն առանց տատանումների եւ հետաձգումների պետք է իրականացվի: Որովհետեւ չկա եւ չի լինելու կառավարության կամ քաղաքապետարանի որեւէ որոշում, ԱԺ ընդունած որեւէ օրենք, որից բոլորը գոհ կլինեն: Միշտ կհայտնվեն բողոքող խմբեր, եւ եթե այդ բողոքների հիման վրա որոշումները «հետողորմյա» արվեն, ապա կարելի է ընդհանրապես ոչ մի որոշում չընդունել, պաշտոնյաները կարող են դուրս գալ փողոց եւ անցորդներին  կարկանդակներ բաժանել: Սա է բոլորի համար «պուպուշ» լինելու միակ տարբերակը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Եթէ չըլլային՝ անցեալ մի քանի ամիսներու ընթացքին, այլազան ոլորտներու մէջ, ժողովուրդին վիճակուած մեծաթիւ եւ շարունակական յուսախաբութիւնները, հիասթափութիւնները, այսքան իրարանցում չէր գոյանար, սրճարաններու քանդումի այս միջադէպի պատճառով: Այսինքն, կարծես արդէն «գաւաթը յորդեցնող կաթիլ»ի ազդակ մը կայ այստեղ:

    Այսուհանդերձ, հիմա որ այս գործողութիւնը սկսած է, ոեւէ մէկուն կարծիքը այլեւս կարեւոր չէ: Ճիշդ կամ սխալ, անհրաժեշտ է որ Քաղաքապետարանը երթայ մինչեւ ծայր, լիովին կիրառէ իր որոշումը:

    Արդարեւ, ամբոխահաճութիւնը ազդու միջոց մըն է իշխանութեան հասնելու, սակայն անկէ ետք եթէ շարունակուի, կ’անդամալուծէ կառավարումը: Նոյնիսկ եթէ շնորհիւ փողոցի ուժին է որ գոյացան այժմու իշխանութիւնները, նորէն ալ՝ իրենց ծրագիրները դատապարտուած են ձախողութեան, եթէ ամէն քայլափոխի տեղի պիտի տան ու յանձնուին փողոցի պոռչտուքին, ամբոխի պահանջներուն, այս կամ այն խմբակի աղմուկին:

    Ամբողջական յօդուածը՝
    https://haytougchamlian.blog/օփերայի-շուրջ՝-կարգին-cacophony/

  2. Քաղաքացի says:

    Այսօրվա Հայաստանը, տասնյակ տարիների անխնա թալանից հետո, իրենից ներկայացնում է անհետաձգելի և ռադիկալ փոփոխություններ պահանջող խնդիրների մի կույտ: Կարո՞ղ եք նշել մի ոլորտ, որը կայացած լինի, թերևս միայն բանկային համակարգը: Այդ հանգամանքով է պայմանավորված այսօրվա Հայաստանում քննադատողների, մեկնաբանների և խորհուրդ տվողների այսպիսի ահռելի բանակի առկայությունը: Ոմանք, քաղաքական դիվիդենտներ են հավաքում, ոմանք էլ, պարզապես, իրենց հասկացածի չափով, ազնվորեն ուզում են մասնակից լինել իրենց երկրի բարելավման գործընթացին: Եվ, ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ, գրեթե, բոլորը ճիշտ են: Գյուղատնտեսությունը պե՞տք է վերականգնել, իհարկե, գիտությունը պե՞տք է, իհարկե, բժշկությունը պե՞տք է և այլն. Իսկ գործնականում, թե երկրի մակարդակով դա ինչի հետ է կապված, դժվար թե, այդ խորհուրդ տվողների գերակշռող մասը պատկերացնում է: Մեր ազգին բնորոշ է մի գիծ, որը աչքի է զառնում, դա ևս պայմանավորված է երկարատև ծանր կացությունով: Ցավոք, հայերեն համարժեքը, որն արտահայտի երևույթի նրբերանգները չեմ գտնում, ռուսերեն՝ верхогляд, այն է՝ վերևվից մեծամտորեն դիտող և, բնականաբար, խորհուրդ տվող: Մեզանում “ամեն ինչ կարենալը” պարծանքի և գովեստի առիթ է: Սակայն իրականում, դա ոչ մի բանում արհեստավարժ չլինելն է: Հասարակ քաղաքացու, “անտեր” քաղաքացու, այս տեսակ կարողությունները հմտորեն օգտագործվել են “էլիտայի” կողմից: Այդ պատճառով է, որ այսօր մեկ աշխատողի գլխին մի քանի, ասած Փաշինյանին, “մենեջեր” է նստած: Աշխատողները “էշը ցեխից են հանում”, իսկ “մենեջերների” բանակը “վերևներում” ներկայացնում է կատարած աշխատանքը, արտասահման գործուղումների է գնում փորձի փոխանակության՝ կարճ ասած, վայելում է իր մենեջերությունը: Որտեղի՞ց լինի այսպիսի պետական համակարգը արդյունավետ: Ամենուրեք նույնն է: Եթե աշխատել, ապա միայն “մենեջեր”, եթե կաֆե կամ ռեստորան, ապա միայն Օպերայի գլխին: Թամանյանը ո՞վ է, չէ որ այս ամենը ավելի փողաբեր է: Սա է մեր երկրի կարգախոսը: Այցելեք Կոմիտասի անվան պանթեոնը: Այնտեղ ննջում են և պետք է ննջեն ՄԻԱՅՆ մեր ազգի մեծերը, նրանցից յուրաքանչուրը ՄԻ ՀԱՏԻԿ Է: Այնտեղ կտեսնեք մի բան, որը շատ պատկերավոր է արտացոլում համակարգի բարոյական կերպարը և մարդկային մակարդակը: Իսկ խնդիրների լուծման առաջնահերթուտյունների վերաբերյալ, որոնք բարձրացվում են հոդվածում և որոնք կախված են պետության հնարավորություններից, կարելի է խոսել, խորհուրդներ տալ, սակայն հազիվ թե մենք կարողանանք ճիշտ դասակարգել:

  3. Լավատես says:

    Ճիշտ քաղաքականությունը նման է այն ՝հավաքարարների՝ մարզաձեւին, երբ սառույցի վրա շարժվող քարի առաջ սառույցը համապատասխան տեղերում փայլեցնում են, որ քարը այդ ճանապարհով շարժվի՝ առանց քարին դպչելու, այստեղ ՝հավաքարարները՝ դրանք մեր դիվանագետներն ու մյուս պետական աշխատողներն են, որոնք ՝քարը՝ այսինքն քաղաքականությունը ուղղորդում են համապատասխան պայմաններ ստեղծելով, այլ ոչ թե ուղղակի ազդելով քաղաքական մարմնի վրա: Սա կառավարման արվեստն է, պետք է սովորել աննկատ բայց անընդմեջ ու քրտնաջան պայմաններ ստեղծել, իսկ քարը թե ո՞ւր կգնա, մենք ստեղ կապ չունենք, բնության օրենքներն են դրանք, բոլորն էլ տեսել են, որ մենք քարին չենք դիպչել:

  4. Լուսինե says:

    Հարգելի Լավատես, Ձեր լավատեսությունը ժամանակավրեպ է: Մի կտրվեք “real politic” ասվածից: Որպես “real politic”-ի մի օրինակ ընբոշխնեք Օպերայի հետ կապված խառնաշփոթի իրական պատկերը:
    https://www.youtube.com/watch?v=ZMopYjD17tg

    • Լավատես says:

      Հարգելի Լուսինե, ներեցեք որ ծածկանունով եմ գրում: Ուրեմն՝ հանրային աշխատողը՝ լինի պետական պաշտոնյա թե ինքնաթիռի ուղեկցորդուհի պարտական է իր բոլոր հաճախորդների համար «պուպուշ» լինել, դա մտնում է նրանց մասնագիտական արժեքների մեջ, դրա համար նրանց հատուկ հոգեբանական ու այլ հմտություններ են սովորեցնում, մյուս կողմից հարգելի Նարինեն իր խոսքում արդեն ճիշտ լուծումը ցույց տվեց՝ բացահայտել այդ սրճարանների օրինական լինելը՝ նրանց կառուցման որոշում ընդունելու պահին գործող օրենքներին դե՞մ էին այդ որոշումները, այսինքն՝ սկզբից դա պետք է դատարանը որոշում ընդուներ եւ նոր միայն քաղաքապետարանը ենթարկվեր դատարանի որոշմանը, իսկ դատարան կարող էին դիմել քաղաքացիներ Լուսինեն եւ Նարինեն: Կարճ ասած՝ ես երկու ձեռքով կողմ եմ այդ սրճարանների վերացմանը, բայց եթե դրանք օրենքով են կառուցվել, պետությունը պարտավոր է սեփականատերերին համարժեք փոխհատուցում, հայը հային նեղացնելու իրավունք չունի՝ ինչ բարի նպատակներ էլ լինեն:

    • Հ.Շ. says:

      յարգելի Լուսինե, անհերքելի է որ, այս եւ նոյնանման դէպքերու ընթացքին, քաղաքական ուժեր կը ջանան շահագործել առիթը

      սակայն իրապէս սխալ ու ափսոս կը լինի ամէն անգամ, ամէն առիթով, եւ մանաւանդ՝ բացառապէս, ամէն բան վերագրել միայն այդ քաղաքական «խաղերուն»

      շատ մը այլ տեսանիւթերու մէջ ալ լաւապէս տեսանք անկեղծօրէն եւ խորապէս վրդոված, հոգեպէս վիրաւորուած անձեր, խեղճ քաղաքացիներ…

      որ «կողմից» ել որ լինէք, եթէ ժողովուրդին բազկերակը լաւապէս, անաչառ եւ անկողմնակալ կերպով, չնկատէք, կացութիւնը կրնայ միայն վատթարանալ, բոլորիս համար

      իսկ ձեր այդ ներկայացուցած տեսանիւթը սփռող լրատուական գործակալութիւնը բնաւ չէ արժանացած գոնէ իմ նման հայերու վստահութեան

      իրենց մտասեւեռումը նախկին իշխանութիւններն են… այդ հիման վրայ է որ, պարբերաբար, «կ’աջակցին» Փաշինյանի… իսկ երբ որ այդ ուղղութեամբ «վտանգ» չտեսնեն, կը սկսին չափազանցեալ քննադատութիւններ շպրտել վարչապետին դէմ

      շատ վտանգաւոր ժամանակներ կ’ապրինք

      իսկ Քոչարյանի նիւթով, որքա՞ն առողջ կը համարէք հիմնել «ժողովրդավարական» երկիր մը, երբ, առանց որեւէ դատավարութեան, բանտը կը պահուի միմիակ անձը որ կարող է քաղաքական ընդդիմութիւն հանդիսանալ

      • Հ.Շ. says:

        … որքա՞ն զօրեղ եւ տոկուն կրնայ համարուիլ, այսպիտի հանգամանքներու մէջ, իշխանութիւնը… երբ որ պէտք է բանտի միջոցաւ ջանայ լռեցնել, չէզոքացնել միակ ընդդիմութեան կարելիութիւնը իսկ…

        դեռ չխօսելու համար ազգային ահաւոր պառակտումին մասին, այս նոյն խնդրի պատճառով… երբ որ պատերազմի շեմին կը գտնուինք…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031