Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու պատերազմ սանձազերծած երկրի պատասխանատուի հետ խոսելու միակ ճանապարհը

Մայիս 15,2019 12:00

Ղարաբաղյան կարգավորման պատմության փաստաթղթերով է միայն հնարավոր ցույց տալ, որ Ալիեւը խաղաղ բանակցությունների կողմնակից չէ ու չի եղել երբեք

Մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել ղարաբաղյան հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Նա ափսոսանք է հայտնել, որ հրադադարի կնքումից քառորդ դար անց այն «չի վերածվել խաղաղության»: Շեշտելով ժողովուրդներին հակամարտության խաղաղ կարգավորմանը նախապատրաստելու կարեւորությունը, Փաշինյանը հավելել է, որ՝ «հիմնախնդրի կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար»: «Առարկայական բանակցություններ եւ արդյունք հնարավոր են միայն այն դեպքում, երբ Արցախը կներգրավվի այն գործընթացում, որն ի վերջո որոշելու է նրա կարգավիճակն ու ապահովելու է այնտեղ ապրող մարդկանց անվտանգության երաշխիքները: Մենք վստահ ենք, որ եռակողմ համաձայնությունն այն իրական հիմքն է, որի հիման վրա հնարավոր է կառուցել երկարատեւ խաղաղություն եւ համագործակցություն», -նշել է նա:

Այնուհետեւ Փաշինյանն ընդգծել է, որ որպես ՀՀ վարչապետ, պատրաստ է երաշխավորել, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի պահպանման համաձայնագրի իրականացմանն ու ջանքեր ներդնել՝ հիմնախնդրի կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակով՝ շարունակելով լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը:

Մայիսի 12-ին հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն: «Հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ մեր խորը գնահատանքն ու երախտագիտությունն ենք վերահաստատում միջնորդների, հատկապես Ռուսաստանի Դաշնության ջանքերի համար, որը կարեւորագույն դեր ունեցավ այս համաձայնագրերի կնքման գործում։ Հետագայում այդ համաձայնագրերը եւ դրանց նշանակությունը գնահատվեցին եւ հավանության արժանացան միջազգային հանրության կողմից, մասնավորապես 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում»,- ասվում է հայտարարությունում։

Այնուհետեւ ԱԳՆ հայտարարությունում նշվում է. «Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների եւ մասնավորապես 2016թ. ապրիլին Արցախի դեմ ագրեսիայի լույսի ներքո 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը շարունակում են վավեր մնալ՝ ամուր հիմք հանդիսանալով ընդդեմ ուժի կիրառման եւ ռազմական գործողությունների վերսկսման, որը աղետալի հետեւանքներ է ունենալու տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2016թ. մայիսի 16-ի համատեղ հայտարարության մեջ վերահաստատեցին իրենց աջակցությունը 1994-1995թթ. Հրադադարի մասին համաձայնագրերին եւ պնդեցին դրանք հարգելու կարեւորության վրա»:

ԱԳՆ-ն եւս վերահաստատում է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերի տառին եւ ոգուն եւ հավելում է, որ այս համաձայնագրերը շարունակում են ծառայել որպես հիմնասյուն՝ ուժի կիրառումը մերժելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ միջազգայնորեն ճանաչված միջնորդության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում իրական առաջխաղացում ապահովելու համար:

Ապա ԱԳՆ-ն նշում է. «Հրադադարի ռեժիմը հարգելու մասին 2018թ. սեպտեմբերին Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները մատնանշում են քաղաքական կամքի կարեւորությունը զինադադարը պահպանելու եւ էսկալացիայի ռիսկը նվազեցնելու գործում: Վերջին ժամանակաշրջանում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնց արդյունքում ծանր վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի երկու եւ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մեկ զինծառայող՝ համապատասխանաբար շփման գծում եւ սահմանին: Այս ցավալի միջադեպերն ընդգծում են հրադադարի ռեժիմին եւ դրա ամրապնդմանը հավատարիմ մնալու կարեւորությունը։ Հատուկ միջոցները, մասնավորապես 2016թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները, պետք է կյանքի կոչվեն։ Հրադադարի ռեժիմի հաստատման 25-ամյակը վկայում է 1994-95թթ. համաձայնագրերի եռակողմ ձեւաչափի իսկության եւ կենսունակության, ինչպես նաեւ հակամարտության տեւական հանգուցալուծման նպատակով Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհրաժեշտության մասին»։

Պաշտոնական Երեւանը՝ մայիսի 12-ին տարածած զույգ հայտարարություններով, այսպիսով, միանշանակ ընդգծում է 1994թ. մայիսին կնքված զինադադարը, հիշեցնում է. 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովը եւ ամրագրում, որ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը ամուր հիմք են՝ ընդդեմ ուժի կիրառման եւ ռազմական գործողությունների վերսկսման:

Այս հայտարարություններով, պաշտոնական Երեւանը թե՛ միջնորդ պետություններին, թե՛ ադրբեջանական կողմին կարծես հիշեցնում է, որ հավատարիմ է ղարաբաղյան կարգավորման պատմությանը, դրանով իսկ ստանձնում է պատասխանատվություն նախորդ արձանագրումների համար, եւ միաժամանակ այդ արձանագրումների, պահանջների կատարման ճանապարհին հետեւողական է լինելու:

Արդյո՞ք պաշտոնական Երեւանին կհաջողվի ապագայում միջնորդների հայտարարություններում ունենալ 1994-1995թթ. Հրադադարի մասին համաձայնագրերը հարգելու պահանջի ներառում: Արդյո՞ք պաշտոնական Երեւանին կհաջողվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություններում ամրագրել 2016թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հրամայականը:

Հայկական դիվանագիտությունը պետք է շարունակի աշխատանքները նաեւ այդ ուղղությամբ, քանի որ ղարաբաղյան կարգավորման՝ փաստաթղթավորված պատմության որոշ դրվագները, այսպես ասած՝ կոնկրետության առումով պաշտոնական Բաքվին նեղը գցելու իրական ճանապարհ են, եւ այդ փաստերով է, որ փոքրանում են Ալիեւի «մանեւրելու» հնարավորությունները:

Նկատենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարությամբ է հանդես եկել՝ զինադադարի 25-ամյակի առթիվ: Այդ հայտարարությունում շեշտվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի ուղղակի միջնորդությամբ, որով դադարեցվել է զանգվածային արյունահեղությունը, եւ սկսվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով: «Այսօր էլ համաձայնագիրը շարունակում է մնալ հրադադարի պահպանման հիմքը»,- նշվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում։

Հայտարարությունում նշվում է, որ Մոսկվան տեսնում է հակամարտող կողմերի՝ խաղաղության հասնելուն ուղղված համատեղ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը։ Ըստ հայտարարության՝ դա են վկայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Վիեննայում կայացած վերջին հանդիպումը եւ երկու երկրների ԱԳ նախարարների՝ Մոսկվայում կայացած բանակցությունները:

Այնուհետեւ հայտարարությունում նշվում է, որ Մոսկվան փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելուն ակտիվ աջակցություն կցուցաբերի. «Ինչպես եւ նախկինում, մենք շարունակելու ենք մեր միջնորդական ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում՝ Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ միասին»:

Վստահաբար, դժգոհ լինելով Զինադադարի առիթով պաշտոնական Երեւանից, Արցախից հնչող հայտարարությունների բովանդակությունից, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի արձագանքից, պաշտոնական Բաքուն կոչ է արել Հայաստանին՝ «կառուցողական բանակցություններ սկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»:

«Հայաստանը պետք է հրաժարվի իր ժողովրդին եւ միջազգային հանրությանը խաբելու փորձերից, դադարեցնի ագրեսիայի եւ էթնիկ զտումների քաղաքականությունը, հետեւի իր միջազգային պարտավորություններին եւ կառուցողական ձեւով մասնակցի բանակցային գործընթացին հակամարտության արագ կարգավորման համար»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Բաքուն բնականաբար հիշեցրել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելու», «բռնի տեղահանվածներին սեփական բնակավայրեր վերադարձնելու» մասին: Միաժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, թե հրադադարի ռեժիմը նշանակում է ցանկացած տեսակի ռազմական գործողության դադարեցում. «Այսինքն, դա ոչ միայն զինադադարն է, այլեւ ռազմական ուժերի դուրսբերումը հակամարտության գոտուց»:

25 տարի առաջ կնքված Զինադադարի համաձայնագրի հիշատակումը Երեւանից եւ Ստեփանակերտից՝ արդեն իսկ հիմք հանդիսացավ, որպեսզի պաշտոնական Բաքուն հայկական կողմին մեղադրի «բովանդակային բանակցություններից հրաժարվելու» մեջ։ Ալիեւի պահվածքն արդեն իսկ բավարար է եզրակացնելու, թե որքան թույլ են նրա «հակափաստարկները», երբ առաջ են քաշվում իրական արժեք ունեցող փաստեր, որոնք հիշեցնում են Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները ու այն պատասխանատվությունը, որը նա կրում է ընդհանրապես թե՛ 90-ականներին ղարաբաղյան պատերազմը, թե 2016-ին քառօրյա պատերազմը սանձազերծելու համար:

Երկու պատերազմ սանձազերծած երկրի պատասխանատուի հետ պետք է խոսել բացառապես արձանագրված փաստերով՝ փաստաթղթերով: Այլ դաշտ մտնելը ձեռնտու է բացառապես Ալիեւին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  14.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031