Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Այդ մարդիկ հիբրիդային պատերազմ են վարում ՀՀ-ի դեմ»

Հունիս 06,2019 15:40

Այսօր կառավարության նիստին, երբ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե կառավարությունը չի փոխհատուցում ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձերի 20%-ը, վարչապետ Փաշինյանը նրան ընդհատեց ու ԱԱԾ ղեկավարի ուշադրությունը հրավիրեց:

Բանն այն է, ինչպես Հարությունյանը պարզաբանեց, մամուլում գրվել է, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների եւ հերթապահություն իրականացրածների ուսման վարձի 20% -ի փոխհատուցումը նախարարությունը չեղարկել է. «Ըստ ընթացակարգի՝ այս գործընթացը տեղի է ունեցել մարտ ամսին, երբ մենք բոլոր դիմումները հավաքագրել ենք. փոխանցումները կատարված են: Այսինքն՝ մենք եթե նույնիսկ շատ էլ ցանկանայինք, չէինք կարող չեղարկել: Ըստ հրապարկումների՝ քաոսային վիճակ է բուհերում»: Ահա այս պարզաբանման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարին ընդհատեց ու ասաց, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են երկրում քաոսային վիճակ ստեղծել, եւ քանի որ չեն կարողանում, որոշում են, որ սոցիալական ցանցերում, մամուլում գրեն՝ քաոսային վիճակ է, լարված իրավիճակ է, ներքաղաքական անկայունություն է, պայթունավտանգ իրավիճակ է. «Ինչպե՞ս կարող է ընդհանրապես նման բան լինել: Դա էլ այդ թեզն է՝ ապրիլյան պատերազմի վարձերը չեն տալիս, չեն հարգում, հողերը ծախեցին, տվեցին… այդ նույն մարդիկ են, նույն շրջանակները: Սա արդեն իսկապես ազգային անվտանգության խնդիր է, պարո՛ն Վանեցյան: Այսինքն՝ հիբրիդային պատերազմ են վարում այդ մարդիկ կոնկրետ ՀՀ-ի դեմ եւ այդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի են: Հասկացանք՝ մեկ, երկու, երեք, չորս… այսինքն՝ այդ գող-ավազակները պետք է իրենց լա՞վ զգան այս երկրում. նրանք պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես: Սա ազգային անվտանգության խնդիր է եւ լրջորեն զբաղվեք այս հարցով»:

Նախարարը շարունակեց պարզաբանել՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների համար անգամ 2-րդ փուլ են սահմանել, որպեսզի ովքեր չէին հասցրել մասնակցեն՝ դիմեն, նրանց ընդառաջել են, որ նրանք եւս դիմեն: Արայիկ Հարությունյանի վստահեցմամբ՝ նախարարությունը նույնիսկ բողոք չի ստացել այդ խնդրի առնչությամբ: Եվ ըստ էության, նախարարն ասաց, որ մամուլի հրապարակումն իրականությանը չի համապատասխանում: Փաշինյանն էլ դրական գնահատեց, որ նախարարությունը ապրիլյանի մասնակիցների ուսման վարձերի փոխհատուցման չեղարկման որոշում չի կայացրել. «Պատկերացրեք վերնագիրը՝ «Կառավարությունը որոշել է կտրել ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձը»… մեկը մտածո՞ւմ է, որ սենց վերնագիր Հայաստանի հանրապետությունում հնարավոր է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930