Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննկատ չմնա. իշխող ուժը լիազորություններ եւ լծակներ է տալիս ընդդիմությանը». Արարատ Միրզոյան

Հունիս 17,2019 14:39

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորներն այսօր քննարկեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ներկայացրած՝ մի շարք օրենքներում փոփոխությունների նախագծերի ծավալուն փաթեթը: Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ փոփոխություններն առաջարկվում են՝ ելնելով խորհրդարանական կառավարման համակարգ ունենալու տրամաբանությունից. դրանք պայմանավորված են խորհրդարանի դերի, ինքնավար մարմինների ձեւավորման հարցում ԱԺ խմբակցությունների ներգրավվածության բարձրացման անհրաժեշտությամբ: Միրզոյանի փոխանցմամբ՝ առաջարկում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում եւ հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում ներդնել այդ կառույցների ձեւավորման հետեւյալ մեխանիզմը. «Հանձնաժողովների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահել կառավարությանը՝ վարչապետի փոխարեն: Սա, կարծում եմ, միահեծան կառավարման վերաբերյալ շրջանառվող մտահոգությունները փարատելուն ուղղված քայլ է»:

Ըստ օրինագծերում առաջարկվող փոփոխությունների՝ ՏՄՊՊՀ-ի եւ ՀԾԿՀ-ի անդամների թեկնածությունն առաջադրելու իրավունքը հերթականորեն վերապահվելու է՝ կառավարությանը, հետո՝ ԱԺ կառավարող խմբակցությանը, ապա՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին: «Սա հստակ ապացույց է, որ իշխող ուժն այս կարեւոր մարմինների անդամների թեկնածուներ առաջադրելու գործընթացում լիազորություններ եւ լծակներ է տալիս ընդդիմությանը: Սա չպետք է աննկատ մնա»,-համոզմունք հայտնեց Արարատ Միրզոյանը: Հիշեցնենք, որ օրինագիծը դեռ պետք է քննարկվի եւ քվեարկվի ԱԺ լիագումար նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930