Լրահոս
Օրվա լրահոսը

Գառան փարդա՝ տան պայմաններում

Հուլիս 07,2019 13:04

Խանութներում, սուպերմարկետներում այս սեզոնին վաճառում են «գառան կոմպլեկտ» անվամբ մթերք՝ գառան ներքին օրգանները (ենթամթերք)՝ մի ամբողջական կտորով: Իսկ ինչո՞ւ չպատրաստել շատ համեղ (իհարկե, պիտի խոստովանեմ, որ ոչ բոլորն են սիրում գառան կամ նույնիսկ տավարի, խոզի փորոտիքը, սակայն սիրողներն էլ քիչ չեն) եւ դելիկատես համարվող «գառան փարդան» (փարդա՝ պարսկերեն  վարագույր): Իհարկե, սննդի օբյեկտներում այն մատուցում են խորոված վիճակում, տան պայմաններում, եթե բաց կրակի հնարավորություն չկա, առաջարկում եմ պատրաստել «փարդա-կոտլետ» տարբերակը: Այս փորձարկումս շատ հաջող անցավ, իսկապես շատ համեղ էր ստացվել, այնպես որ՝ անպայման փորձեք:

Անհրաժեշտ մթերքները

Գառի ենթամթերքի հավաքածու- 1 հատ (քաշը չեմ նշում, որովհետեւ տարբեր է լինում, սակայն մոտավոր 1,5-2 կգ չափով)

Բուսական յուղ՝ 2 ճաշի գդալ

Աղ, սեւ եւ կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի

Համեմունքներ՝ ըստ ճաշակի (օրինակ` չորացրած ուրց)

Պատրաստման եղանակը

Գառի ենթամթերքի ամբողջական կտորով հավաքածուն պարունակում է սիրտ, թոք, լյարդ, երիկամներ, փայծաղ, մի փոքր կտոր միս եւ հենց ինքը՝ «փարդա» կոչեցյալը, որն իրենից ներկայացնում է ճարպային թաղանթ:

Առանձնացրեք այս հավաքածուն՝ ըստ տեսակների եւ շատ լավ լվացեք: Ապա հերթով մաքրեք եւ կտրատեք: Լյարդի վրայից հանեք արտաքին թաղանթը, սրտի մեջից՝ խոռոչները: Երիկամները նույնպես թաղանթից ազատեք: Կտրատեք բոլոր մսատեսակները երկար-բարակ կտորներով: Փարդան՝ քառակուսի մասերի բաժանեք, ավելցուկը նույնպես մանր կտրատեք:

Վերցրեք մի կտոր փարդա, մեջը շարեք ենթամթերքի տեսականուց, աղ, պղպեղ, համեմունք արեք եւ փաթաթեք:

Փարդայի ավելցուկը, որ մանր կտրատել էիք, լցրեք տաքացրած թավայի մեջ, ավելացրեք մի փոքր բուսական յուղ: Սպասեք, մինչեւ հնարավորինս հալվի ճարպը եւ դրա մեջ տապակեք փարդա-կոտլետները՝ երկու կողմից:

Մատուցեք թարմ կամ խորոված բանջարեղենի հետ:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031