Լրահոս
Օրվա լրահոսը

Ում եւ ինչու է վիրավորել Սամվել Ալեքսանյանի շքանշանը

Հուլիս 11,2019 23:44

Գործարար Սամվել Ալեքսանյանը «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում պարգեւատրվել է «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով: Մարդիկ զայրացած են, ու հատկապես՝ ֆեյսբուքում. ո՞նց թե ասպետ, ո՞նց թե մշակույթի բարեկամ կամ Մանթաշյան, դա խայտառակություն է, ամոթ եւ այլն: Շատերի մշակութային զգացմունքները վիրավորվել են, «Ոսկե ծիրանն» այլեւս «կույս» չէ:

Փաստորեն հայ մշակութասերի նամուսը չի կարող հանդուրժել Սամվել Ալեքսանյանի աջակցությամբ անցկացվող «Ոսկե ծիրանը», այն դեպքում, երբ պետությունը համարյա չի օգնում փառատոնին: Այսինքն` մարդիկ գոհ կմնային, եթե երկրի համար այցեքարտային համարվող, 16 տարի անցկացվող փառատոնը փակվեր, քան տվյալ գործարարը, որ արդեն «թավշյա» ու ընդունելիի համարում ունի, աջակցեր:

Շքանշանը Ալեքսանյանին հանձնած Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանն ասում է, որ մարդն ինքնակամ է ցանկացել օգնել, փառատոնն էլ ընդունել է աջակցությունը, բնականաբար իրենք ապերախտ չեն գտնվել եւ երախտագիտություն են հայտնել:

Ի դեպ, նույն գործարարը (նաեւ շատերը), որ նախկինում նախորդ իշխանությունների պահանջով կամ ցուցումով էր նվիրատվություններ անում, այսօր էլ նոր իշխանությունների տարբեր ձեռնարկներին ու հիմնադրամներին է աջակցում, դրանում շատերն արտառոց ոչինչ չեն տեսնում, կամ գուցե մտածում են, որ այժմ նրա նվիրաբերած փողերը մաքրագործվո՞ւմ են այդ հիմնադրամներում: Ուրեմն «Ոսկե ծիրանին» ուղղված աջակցությունն ինչո՞ւ է պարսավանքի արժանանում: Վակուումն ինչու է մարդկանց ավելի ձգում, քան գործն ու թափված ջանքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Իսկ որ նման խղճուկ սովետական ոճով մեդալ չտայիք ու ինչ որ ստանում էիք ստանայիք ու անցնեյիք առաջ, չէ՞ր լինի

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031