Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի դատապարտյալները կտեղափոխվեն Սևան ՔԿՀ, Գորիս ՔԿՀ-ն կապամոնտաժվի. Սրբուհի Գալյան

Օգոստոս 28,2019 16:58

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը «Մեդիա կենտրոնում» հայտարարեց, որ նախկինում քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ոլորտի ռազմավարություն չենք ունեցել: Այնուհետև տեղեկացրեց, որ փաստաթուղթը տեղադրված է e-draft կայքում և դրված է հանրային քննարկման. «Նախագծի նպատակներն են ունենալ միջազգային չափանիշներին համահունչ քրեակատարողական և պրոբացիոն համակարգ՝ քրեակատարողական ենթամշակույթից զերծ և չկոռումպացված, պատժի կրման հավասար պայմաններ: Չեն լինելու արտոնյալ խմբեր: Ռազմավարությունը նախատեսում է նաև օրենսդրական դաշտի կատարելագործում: Մենք խնդիր ունենք ընդունել նոր քրեակատարողական օրենսգիրք»:

Արդարադատության նախարարի տեղակալն ասաց, որ մյուս կարևոր ուղղություններից են անցումը պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման, դատապարտյալների պատժի կրման պայմանների բարելավումը, բժշկական պատշաճ սպասարկման ապահովումը. «Նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում, նորերի կառուցում: Նախատեսվում է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցում, որտեղ կտեղափոխվեն Նուբարաշեն ՔԿՀ-ում և Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալները: Նախատեսվում է ապամոնտաժել Գորիս ՔԿՀ-ն և նորը նախնական պլաններով կառուցել Խնձորեսկում՝ Գորիս քրեակատարողական հիմնարկ անվանմամբ: Հրազդանի ՔԿՀ-ի դատապարտյալները կտեղափոխվեն Սևան ՔԿՀ, քանի որ Հրազդանում պայմանները վատթար են»:

Սրբուհի Գալյանը նաև շեշտեց, աշխատանքներ են տարվում քրեակատարողական հիմնարկներում կրթական ծրագրերի իրականացման ուղղությամբ:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ նախագիծը միայն առաջին քայլն է. «Համապատասխան հիմնարկները, ողջ հասարակությունը հետագայում ունենալու է լուրջ խնդիր վերականգնողական արդարադատության կոնցեպտը կյանքի կոչելու առումով: Դա պահանջում է մտածողության, աշխատանքի սկզբունքների, մոտեցումների փոփոխություն: Մեր կարծիքով՝ օրենսդրության կարգավորումը պետք է լինի բոլոր գործողությունների հիմքը և առանձին որպես այդպիսին ուղղություն նախատեսելն այդքան էլ նպատակահարմար չէ: Ողջունելի է պահման պայմանների մասով փաթեթը: Առաջնահերթ Նուբարաշեն ՔԿՀ-ի հարցն է. պայմանները եղել են, կան և կմնան անմարդկային:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանն էլ նկատեց՝ ռազմավարությունը գենդերային զգայունության առումով դեռևս թերի է. «Իբրև առանձին խումբ մենք չենք տեսնում կանանց և առանձին քայլեր ազատազրկված կանանց իրավունքների բարելավման առումով: Բավականին խնդիրների են առնչվում օտարերկրյա քաղաքացիները և կրոնական փոքրամասնությունները քրեակատարողական հիմնարկներում»:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Վահե Հարությունյանը ողջունելի համարեց նման ռազմավարություն ունենալը և հայտնեց. «Կարևորում ենք ռազմավարության մեջ մարդու իրավունքների ապահովմանն ուղղված միջոցառումների ամրագրումը: Քրեակատարողական համակարգում շարունակում է լուրջ խնդիր մնալ տրամադրվող բժշկական ծառայությունների ծավալն ու առհասարակ բժշկական օգնությունը: Այս կապակցությամբ ռազմավարությունում տեղ են գտել միջոցառումներ կապված նաև խնամքի հետ»:

Վահե Հարությունյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է նաև բժշկական անձնակազմի ինստիտուտի և գործող անձնակազմի անկախության ապահովումը: Կարևոր է նաև անչափահաս անձանց և կանանց համար նպատակային զբաղմունքների տրամադրման առումով գործողությունների իրականացումը, ոչ բանտանման միջավայրի ստեղծումը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031