«Մարզերում ապրող մարդիկ մեղավոր չեն: Մենք առաջարկում ենք, որ այդ խտրականությունը վերացվի. Գյումրիում, Վանաձորում, Կապանում երկրորդային շուկայից մարդիկ կարողանան գնել բնակարան և իրենց աշխատավարձից վճարված եկամտային հարկի՝ իրենց տոկոսները փոխհատուցվեն, ինչպես արվում է Երևանում կառուցապատողից գնելիս»,- ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի առաջին նիստին, ներկայացնելով ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի կարևորությունը` հայտարարեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա հիշեցրեց, որ ժամանակին այս օրենքը ընդունվել է, որ Երևանում զարգանա բնակարանաշինությունը: Բայց, փաստորեն, դուրս են մնացել մարզերում ապրող մարդիկ. «Փորձը ցույց է տալիս, որ այս օրենքից օգտվում են միայն Երևանում ապրողները. մարզերում ապրող մարդիկ չեն կարողանում այս մեխանիզմներից օգտվել իրենց քաղաքներում, ինչը տանում է կենտրոնացման: Մենք առաջարկում ենք, որ այս մեխանիզմը սկսի գործել մարզերի բնակիչների համար երկրորդային շուկայից բնակարան գնելու դեպքում»:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս նախագիծը մերժվել է ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովում: Կոչ արեց պատգամավորներին կողմ քվեարկել, որպեսզի այն քննարկվի ՀՀ ԱԺ լիագումար նիստում:
Կարդացեք նաև
ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ այս նախագծով խտրականություն է դրվում մարզերի և Երևանի՝ երկրորդային շուկայից բնակարան ձեռքբերողների միջև, որովհետև այն ընդունելու պարագայում` Երևանում ևս երկրորդային շուկայից բնակարան գնելու դեպքում եկամտահարկը պետք է վերադարձվի. «Առաջին հայացքից բարի նպատակ ունի այս նախագիծը, բայց դրա տակ թաքնված են բազում ռիսկեր, և այն չունի այն նպատակը, որը դրված էր սրա տակ: Ի սկզբանե դրա նպատակն էր տեղերում շատ բնակարաններ վաճառելը, կառուցապատմանը խթանելը: Եթե մենք սա ընդունենք, կստացվի, որ դա է խտրականություն: Երևանում ապրող մարդիկ էլ կան, որ ունեն խնդիրներ, և այնպես չէ, որ միայն մարզերում ապրողները խնդիրներ ունեն»:
Այնպես որ, ըստ Բաբկեն Թունյանի՝ այս նախագիծը լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու քննարկումը իզուր ժամանակը վատնում է այնպես, ինչպես այս օրինագիծն ընդունելու դեպքում վատնելու է հանրային ռեսուրսները:
Նախագիծը ձայների 36 կողմ, 74 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժվեց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































