Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ սպասել G20-ի՝ աշխարհի խոշոր տնտեսություն ունեցող երկրների ղեկավարների հանդիպումից. նոր առաջնահերթություններ աշխարհում

Մարտ 30,2020 14:30

Ըստ Արմեն Վարդանյանի, եթե կորոնավիրուսի համավարակը վատ սցենարով տեւի մինչեւ մեկուկես տարի, ապա Մեծ քսանի ներդրած
5 տրիլիոն դոլարը
չնչին գումար կլինի:

Մարտի 26-ին տեղի ունեցավ G20-ի՝ աշխարհի խոշոր տնտեսություն ունեցող երկրների վեհաժողովը: Հանդիպմանը երկրների առաջնորդները եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները մասնակցեցին տեսակապի միջոցով: Վեհաժողովից ակնկալիքների եւ հետագա աշխարհաքաղաքական զարգացումների մասին «Առավոտը» զրուցեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանի հետ:

– Ի՞նչ ակնկալել G20 -ի՝ մարտի 26-ին կայացած վեհաժողովից: Միջազգային մամուլում, իհարկե, ակնկալիքները փոքր են: Կարծիքներ կան, որ սկսելու է COVID-19-ի պատվաստանյութի հայտնաբերման հետ կապված մրցավազք: Միեւնույն ժամանակ հայտարարության մեջ Մեծ քսանի երկրները վստահեցրել են՝ մենք կհաղթահարենք կորոնավիրուսի ճգնաժամը:

– Այժմ աշխարհի բոլոր երկրները մեծ ակնկալիք ունեն G20-ի՝ աշխարհի առաջատար տնտեսություն ունեցող երկրներից, քանի որ համաշխարհային խնդիրներին եւս մեկը ավելացավ: Եթե մինչեւ այժմ կային գլոբալ տաքացման, պարենի պակասի, պատերազմների եւ մարդկությանը հուզող այլ գլոբալ մարտահրավերներ, ապա կորոնավիրուսի համավարակի տարածումն ամբողջ աշխարհով մեկ առաջացրել է համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որը կբերի նաեւ այլ ճգնաժամերի: Աշխարհի առաջատար 20 երկրներն ամեն ինչ կանեն, որ մեղմեն այդ ճգնաժամի հետեւանքները: Ինչ վերաբերում է COVID-19-ի դեմ պատվաստանյութին, ապա շատ երկրներում են այժմ ինտենսիվորեն աշխատում այդ ուղղությամբ, որոշ երկրներ արդեն իսկ հայտարարել են, որ մոտ են դրա բուժման դեղամիջոցը հայտնաբերելուն:

– G20-ի երկրները ստանձնեցին հանձնառություն 5 տրիլիոն ԱՄՆ դոլար ներարկել համաշխարհային տնտեսություն: Ի՞նչ եք կարծում՝ սա որքանո՞վ կմեղմի ճգնաժամը:

– Շատ կարեւոր եւ առանցքային հարց է այն, թե ինչքան կտեւի այս համավարակի տարածումը: Եթե մոտ ժամանակներս հաջողվի դրա դեմն առնել, ապա կարծում եմ՝ այդ գումարները բավական են, որպեսզի ճգնաժամի հետեւանքները զգալիորեն վերացվեն: Բայց կան նաեւ վատատեսական սցենարներ, որ այն կարող է տեւել վեց ամսից մինչեւ մեկուկես տարի: Իսկ եթե այդ սցենարն իրականանա, ապա, բնականաբար, այդ հինգ տրիլիոն դոլարը չնչին գումար է լինելու, եւ հետեւանքներն ավելի աղետալի կլինեն:

– Մեծ քսանի հանդիպումը փակ էր լրատվամիջոցների համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս գաղտնիությունը:

– Այս քննարկումն աննախադեպ էր այն առումով, որ դեմ առ դեմ չեն հանդիպել համաշխարհային քսան առաջատար երկրների ղեկավարները, այլ նախընտրել են տեսակապով միմյանց հետ շփվել: Հավանաբար կան շատ սուր հարցեր, որոնք պետք է առանց մամուլի ներկայացուցիչների քննարկել: Այս առումով էլ, իրոք, այս հանդիպումն աննախադեպ էր:

– Համաճարակն ի՞նչ քաղաքական ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային ուժային կենտրոնների, տարբեր դերակատարների վրա: Կարծիքներ կան, որ Չինաստանն այս հարցում այժմ ունի շահեկան դիրքեր:

– Համավարակը նաեւ ցույց կտա համաշխարհային ուժային կենտրոնների դիմակայունության (resilience) աստիճանը, թե որքանով են նրանք պատրաստ դիմագրավել գլոբալ մարտահրավերներին, սպառնալիքներին: Դեռ վաղ է վերջնական եզրակացություններ անել, բայց, իհարկե, նկատենք, որ Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը լուրջ ճգնաժամի առաջ են կանգնած: Դա կարող է նրանց համար աղետալի հետեւանքներ բերել: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա ես չեմ կարծում, թե այդ երկիրը շահեկան դիրքերում է հայտնվել, ընդհակառակը, այժմ Չինաստանի՝ 18 տրիլիոնանոց տնտեսությունն ըստ որոշ տեղեկությունների՝ մոտ տասը տոկոսով կրճատվել է:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, թե կորոնավիրուսը կարող է անհետանալ մի հրաշքով, եւ ապրիլի 12-ից իրենք կվերադառնան բնականոն կյանք: Դրանից օրեր առաջ ԱՄՆ-ն սկսել է պատվաստանյութի փորձարկում կամավորների վրա:

– ԱՄՆ-ում էլ են շատ տարակուսում Թրամփի այդ հայտարարությունից, շատերը զարմանում են, թե որտեղից է նրա այդ լավատեսությունն այն դեպքում, երբ ԱՄՆ-ում նոր-նոր է սկսվում բռնկվել համավարակը եւ այն դեռեւս իր պիկին չի հասել: Տեսնում ենք՝ այն ԱՄՆ-ում շատ արագ տարածվում է եւ երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ կորոնավիրուսով վարակվածների թվով Միացյալ Նահանգներն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում. մեկ օրում 20 000-ից ավելի վարակման դեպքեր են գրանցվել: Շատ համաճարակաբանների կարծիքով՝ ԱՄՆ-ով մեկ այն մոլեգնելու է առնվազն երկու-երեք շաբաթ: Ուստի, զարմանալի է, թե ինչի՞ հիման վրա է Դոնալդ Թրամփն այդպիսի հայտարարություններ անում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031