Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը պետք է ճկուն լինի, որպեսզի ողջ մնանք». չաշխատող բիզնեսից հարկ են ուզում

Ապրիլ 16,2020 21:12

Սփյուռքահայ գործարար Սեւակ Դավիդյանը վրդովված է, ասում է՝ անելանելի վիճակում է: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում ինչ հայտարարվել է արտակարգ դրություն, Սեւակն իր բիզնեսը դադարեցրել է, ավելի ճիշտ, պարերատան պահանջով ռեստորանը փակել է: Սկզբում մեկ ամիս էր՝ մարտի 16-ից ապրիլի 14-ն էր արտակարգ դրությունն ու դրանից բխող պահանջը, հետո այն երկարացվեց մինչեւ մայիսի 14-ը:

Aravot.am-ի հետ զրույցում Սեւակն ասում է՝ մեկ ամիս ռեստորանը չի աշխատել, բայց ՊԵԿ-ից ծանուցում է ստացել՝ 260 հազար դրամ հարկ պետք է վճարի.«Եթե ռեստորանը չի աշխատել, ինչպե՞ս պետք է հարկ վճարենք: Ես չեմ հրաժարվում հարկ վճարելուց, բայց կառավարությունը պետք է հասկանա՝ չաշխատող բիզնեսից պետք չէ հարկ պահանջել այս պահին ու այս իրավիճակում: Պետք է գոնե հնարավորություն տան, հետաձգեն հարկի վճարումը, մինչեւ կարողանանք շունչ քաշել, աշխատել, եկամուտ ստանալ: Չաշխատելու պայմաններում մենք հա՞րկ վճարենք, թե՞ երեխա պահենք»:

Սեւակը հեղափոխությունից հետո որոշեց Հայաստանում բիզնես սկսել, գործընկերոջ հետ «Pome Tree» ռեստորանը հիմնադրեցին, մոտ 120 հազար դոլարի ներդրում են կատարել, վստահեցնում է՝ դեռ եկամուտը ծախսերը չի փակել.«Մինչեւ արտակարգ դրությունն էլ այնպիսի սեզոն էր, որ էլի ռեստորանի գործերը լավ չէին, եկամուտը շատ քիչ էր, բայց մենք նման ռիսկերը հաշվի էինք առել»:

Մեր հարցին՝ արդյոք դիմել է կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման ծրագրերից օգտվելու համար՝ բիզնեսին արտոնյալ վարկերի տրամադրում, աշխատակիցների աշխատավարձի փոխահատուցում միջոցառումներին, Սեւակը պատասխանում է՝ աշխատողները դիմել են, որոշները՝ ստացել են.«Մեր խոհարարը 64 հազար դրամ է ստացել, արդյոք այդ 64 հազար դրամով նա կարո՞ղ է ապրել, ընտանիքը պահել, երեխա ունի: Ես իմ աշխատողներին չեմ ազատել աշխատանքից, բայց աշխատող ունեմ, Սիրիայից է եկել, տուն է վարձել, նա ինչպե՞ս կարող է այդ գումարով ապրել»:

Այսօրվանից Սեւակը սկսել է նաեւ առաքում իրականացրել, դեռ պատվեր չի ստացել, ասում է՝ ստիպված է անցել այդ ռեժիմին, մտածում է, որ առաքումով աշխատանքն էլ ծախսերը չի ծածկի, բայց, իր խոսքերով ասած՝ գոնե աշխատողների գումարը կհանի:

Գործարարը դիմել է կառավարության՝ բիզնեսին արտոնյալ վարկ տրամադրելու ծրագրից օգտվելու համար, բանկերից մեկին արդեն դիմում է ներկայացրել, դեռ ահագին ժամանակ կտեւի մինչեւ պարզեն՝ կարո՞ղ է շահառու դառնա, թե՞ ոչ.«Բյուրոկրատիան շատ է, թղթաբանությունը չի ավարտվել, երկար կտեւի, փաստաթղթերն ուսումնասիրեն, ու պատասխան տան: Բայց հարկայինն ասում է՝ հարկը պիտի մուծես: Ընդ որում, այդ ծրագրով պահանջվում է, որ բիզնեսը մեկ տարում 24 միլիոն դրամի շրջանառություն ունենա: Դեռ մեկ տարին մեր բիզնեսի չի լրացել, 24 միլիոնի շեմն էլ չեմ անցել: Հիմա ի՞նչ պիտի անեմ: Սնանկացման շեմին եմ, ու ոչ միայն ես, արդեն 4-5 ընկերներից, ռեստորանային բիզնեսի, լսել եմ, որ նույն վիճակում են, սնանկացման շեմին են, բիզնեսները չեն կարող դիմանալ, 1-2 ռեստորան չէ, շատ են: Կառավարությունը պետք է ճկուն լինի, որպեսզի ողջ մնանք, էս խնդիրներին մի քիչ ուրիշ ձեւ արձագանքեն, նրբություններին էլ ուշադրություն դարձնեն: Էլի եմ ասում՝ հարկերից չենք խուսափում, թողնեն վճարենք, երբ կաշխատենք: Կարծես մենք պատիժ ենք ստանում, չգիտենք՝ ինչի համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930