«Ես կադրեր տեսա, որտեղ ոստիկանությունը կանանց թեւերից քարշ տալով փողոցը բացում է: Կին պատգամավորների նկատմամբ ոստիկանական ուժի կիրառումն անընդունելի է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, կապ չունի, որ հավաքն իրականացվում է արտակարգ դրության պայմաններում. «Եթե մարդիկ ունեն կարիք բարձրաձայնելու, ուրեմն կապ չունի, երբ են դա անում: Մենք շատ լավ տեսնում ենք, որ ամբողջ աշխարհում իրականացվում են այդպիսի հավաքներ, բազմահազարանոց ցույցեր եւ որեւէ մեկը չի կարող արգելել գնալ խաղաղ հավաքի, այդ իրավունքը որեւէ մեկը չի փոխել, դա քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային կոնվենցիայով ամրագրված մարդու իրավունքի եւ ազատությունների շրջանակներում է»:
Զարուհի Հովհաննիսյանի համոզմամբ, այնտեղ որեւէ անթույլատրելի գործողություն չէր կատարվել. «Եթե, անգամ մի քանի րոպեով փողոցը փակվեր, ոչ մի սարսափելի բան չէր լինի, հատկապես՝ երբ արտակարգ դրություն էր, կիրակի օրով էլ փողոցում այդքան շատ ավտոմեքենա չկար»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, ինչի առիթով մի խումբ քաղաքացիներ, ԲՀԿ-ական պատգամավորներ ԱԱԾ շենքի հարակից տարածքում բողոքի ցույց են իրականացնում: Գագիկ Ծառուկյանն էլ ԱԱԾ-ում հարցաքննվում է:
Բողոքի ցույցի ժամանակ ինը տասնյակից ավելի քաղաքացիներ բերման ենթարկվեցին ոստիկանության բաժիններ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ