Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարը՝ Փաշինյանին. «Ինչո՞ւ է հարկայինը մեզ ստիպում «կեղտաջրերի» միջով անցնենք»

Հունիս 19,2020 13:30

Գործարար Լեւոն Հակոբյանը, որքան էլ փորձում է հարկային դաշտում մաքուր աշխատել, իր կամքից անկախ, չի ստացվում: Այն խնդրին, որին հարկային դաշտում հանդիպում է գործարարը, տարիների պատմություն ունի: Այդ մասին գործարարը բարձրաձայնել է նախկին իշխանությունների օրոք, նախկինում «Առավոտ»-ը մի քանի անգամ գրել է այս մասին: Հակոբյանը հույս ուներ, որ գոնե հեղափոխությունից  հետո խնդիրը կշտկվի, մանավանդ, որ այդ մասին տեղյակ են վարչապետն ու էկոնոմիկայի նախարարը, վարչապետը նույնիսկ անցյալ տարի հանձնարարական էր տվել լուծումներ գտնել, բայց, ոչինչ չի արվել:

Հակոբյանը մոտ 20 տարի է մսի պահածոյի արտադրությամբ է զբաղվում, ասում է՝ ապրանքի պահանջարկը կա, այս տարիներին իր ապրանքը շուկայից չի կտրվել, բայց իրացման շղթայում հարկային դաշտի հետ կապված խնդիրներ  կան:

Մեզ հետ զրույցում գործարարը պատմում է՝ աշխատում է ԱԱՀ դաշտում, իր ապրանքն իրացնելու համար առեւտրի կետերի հետ պետք է հաշիվ-ապրանքագրով աշխատի, բայց շատ խանութներ հրաժարվում են հաշիվ-ապրանքագրով վերցնել ապրանքը: Այնպես չէ, որ խանութները օրենք են խախտում, օրենքը նրանց թույլ է տալիս առանց հաշիվ-ապրանքագրի էլ ապրանք ձեռք բերել, ինչպես օրինակ գյուղատնտեսական շուկայից, ենթադրենք, լոլիկ են գնում:

«Խանութին իրավունք է տրված, եթե նա ձեռքբերումներ ունի հաշիվ- ապրանքագրով, պետք է ՀԴՄ-ով աշխատի, եւ եթե չեմ սխալվում, պետք է վճարի  1,5% հարկ: Այդ  խանութը կարող է շուկայից ձեռք բերում անի, առանց փաստաթղթի, այդ դեպքում պետք է հարկ վճարի իր իրացման, կարծեմ,  3,5% -ը: Իմ ապրանքի վրա դրոշմապիտակ կա, որը ստանում եմ հարկայինից, եւ պարտավոր եմ դրա դիմաց հաշվետվություն տալ: Եթե  խանութն ապրանքը վերցնում եւ ինձ փաստաթուղթ չի տալիս, ապա այդ ապրանքը մնում է օդում կախված: Շատ խանութներ հրաժարվում են մեր ապրանքը հաշիվ-ապրանքագրով վերցնել, ուստի, որպեսզի ես կարողանամ իրացնել իմ ապրանքն ու  հարկայինին հաշվետվություն ներկայացնել, ես առանց փաստաթղթի եմ վաճառում եւ ստիպված իմ ՀԴՄ-ով (հատուկ այս գործարքի համար եմ ձեռք բերել) խփում եմ այնքան կտրոն, որքան ապրանք հանձնել եմ առանց հաշիվ-ապրանքագրի,  եւ  ես ցույց եմ տալիս, իբր թե խանութից գնել եմ ու վաճառել»,-ասում է Հակոբյանը:

Այս մեթոդով գործարարը պետությունից հարկ չի թաքցնում, ասում է՝ ամբողջ իրացումը ցույց է տալիս. բայց եթե հարկայինն առաքման մեքենան կանգնացնի, իսկ հարկայինը նման ռեյդեր անում է, ու այդ պահին տեսնի, ապրանքը  հանձնել են առանց փաստաթղթի,  տույժի են  ենթարկում: Գործարարը չի խուսափել նման տույժից, 200 հազար, 500 հազար տուգանքներ է վճարել, բայց խոշոր հաշվով ինքը մեղավոր էլ չի եղել:

«Ամբողջ խնդիրն այն է, որ ինձ նման հարյուրավոր, նույնիսկ հազարավոր արտադրողներ կան, որոնք ունեն ՀԴՄ սարք, երեկոյան երբ ճշտում են, թե որ  խանութներն են ապրանքը վերցրել եւ հաշիվ-ապրանքագիր չեն ուզել, ստիպված տարբերությունը ՀԴՄ կտրոններով են տպում, որպեսզի իրացման  քանակը հիմնավորեն: Սուրմալույում նմանատիպ օբյեկտները շատ- շատ են, որոնք բացվել են միայն նրա համար, որպեսզի ՀԴՄ դնեն եւ մաքրեն իրենց այդ իրացումները»,-ասում է գործարարը:

Նա պատմում է, որ հարկայինը փոխանակ օգնի, մի բան էլ խանգարում է. «Հարկայինի մի «խելոք» տեսուչ մի անգամ ինձ  ասել է՝ էդ դեպքում մի տվեք ապրանքը: Լավ, բա որտե՞ղ վաճառեմ ապրանքը, եթե չտամ, կիսով չափ կնվազի իրացումն ու արտադրությունը: Իսկ դա նշանակում է աշխատեղ կրճատել, ես համարվում եմ միջին բիզնես, այս ճգնաժամի պայմաններում ես աշխատող չեմ կրճատել նույնիսկ ավելացրել եմ, ես տարիներ շարունակ ձգտում եմ օրենքով աշխատել, բայց պետությունն ինձ չի օգնում: Ինչո՞ւ են մեզ գցում քացու տակ, ինչո՞ւ են ստիպում այս «կեղտաջրերի» միջով անցնենք»:

Իսկ խնդրի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացվել է անցյալ տարի օգոստոսին, մինչ այդ գործարարները, այդ թվում՝ Հակոբյանը, հանդիպել էին էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, ամենքն իր ոլորտի խնդիրն է ներկայացրել, հետո խնդիրներն, այսպես ասած, խմբավորվել եւ ներկայացվել են վարչապետին: Դրանից հետո, անցյալ տարի օգոստոսի վերջին, գործարարների մեծ խումբ Ծաղկաձորում հանդիպել է վարչապետի հետ: Լեւոն Հակոբյանն էլ ներկա է եղել. «Այդ ժամանակ մեր խնդիրն արդեն ներկայացվել էր վարչապետին: Նա նախարարին հանձնարարական տվեց երկու ամսում լուծումներ գտնել: Ու վերջ: Ոչինչ չեղավ: Արդեն անցել է 10 ամիս, որեւէ պատասխան չկա: Այդ հանդիպումից  հետո, նոյեմբերին նամակ եմ ուղարկել նախարարություն, ու հիշեցրել, դրանից հետո բազմաթիվ անգամ զանգել եմ իրենց, պատասխանում էին՝ նորություն չկա, տեսնենք, թե ինչ կարող ենք անել… Հետո ասացին՝ շատ ենք ծանրաբեռնված: Մի անգամ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ հանդիպում խնդրեցի, մերժեցին, ասացին՝ գրավոր ներկայացրեք: Ներկայացրեցի: Պատասխանեցին՝ դա է օրենքի պահանջը: Բայց չէ՞ որ խանութները օրենքի բացից օգտվում են, խաբում են պետությանը: Ես կտուժեմ, եթե միայն հաշիվ-ապրանքագրով աշխատեմ: Մեր մեքենան ասենք 100 հատ ապրանք է տանում Վանաձոր, մեծ ծախս է անում, բայց այնտեղ փաստաթղթով միայն 20 հատն են ուզում, ու այդպես շարունակ: Ի՞նչ անեմ, ստվերո՞ւմ աշխատեմ, չեմ ուզում այդպես»:

Գործարարն ասում է՝ այս խնդիրը հիմնականում մարզային խանութների ու մայրաքաղաքում փոքր խանութների հետ է ծագում, եւ եթե կառավարությունը չի ուզում այս ճգնաժամային շրջանում առեւտրի կետերին վնասի, ապա գոնե օրենսդրական փոփոխություն թող անի. «Եթե չեն ուզում  դաշտը կարգավորեն, փոքր խանութներին վնասեն, ուրեմն թող այդ տողով վերանայեն կարգավորումը, որով մենք կապված ենք փոքր խանութներ?ի հետ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930