Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրենք իրականությունը

Օգոստոս 19,2020 10:00

Ինձ թվում է, կա մի պարզ եւ անհերքելի ճշմարտություն. եթե ուզում ես առաջ գնալ, պետք է բաց աչքերով նայես իրականությանը: Եթե ես ցանկանում եմ վաղն ավելի լավ մարդ դառնամ, քան այսօր եմ, ապա անհրաժեշտ է, որ հասկանամ, թե ինչպիսին եմ հիմա, ինքս ինձ հետ անկեղծ լինեմ ու չհնարեմ ինձ համար ինչ-որ արդարացումներ: Նույնը՝ պետական մակարդակով. պետք է հասկանանք, թե որտեղ ենք գտնվում՝ ոչ թե ինչ-որ մեկին մեղադրելու կամ արդարացնելու համար, այլ՝ որ իմանանք, թե ինչն է մեզ պակասում:

Եվ այսպես, մենք ունենք օրինական ճանապարհով ընտրված իշխանություն, որն առայժմ մեր քաղաքացիների նյարդերի վրա չի ազդում այնքան, որքան ազդում էր նախորդ իշխանությունը: Դրան ավելացնենք այն, ինչ սովորաբար ասվում է՝ Սերժը չկա, Սաշիկը չկա, բյուջեն չի թալանվում, կոռուպցիա չկա, օլիգարխիա չկա: Թեեւ անձամբ ես վստահ չեմ, որ այդ բոլոր պնդումները բացարձակ ճշմարտություն են, բայց, ինչպես ասում են, կասկածի դեպքում «դեպքը» մեկնաբանենք ներկա իշխանության օգտին: Ի՞նչ գործնական հետեւանքների է այդ ամենը բերել: Մարդկանց դեմքերին ժպի՞տ է երեւացել: Երկու տարի առաջ նման բան կարելի էր ասել, այսօր, կարծում եմ՝ ոչ:

Բայց ժպիտները, համաձայնեք, անցողիկ երեւույթ են: Որեւէ մեկը կհերքի՞, որ մենք առաջվա պես ունենք մեծ մասամբ աղքատ բնակչություն, որը կքած է վարկերի տակ: Որ մենք ունենք կիսաամայի գյուղեր, որտեղ դեռեւս մնացած մարդիկ չգիտեն, թե ինչով զբաղեցնեն իրենց օրը, եւ պաշտոնյա կամ ընդհանրապես «քաղաքից մարդ» տեսնելով սկսում են բողոքել: Որ մենք առաջվա պես ունենք հազարավոր գործազուրկ տղամարդիկ, որոնց ուշքն ու միտքն արտագնա աշխատանքի գնալն է: Սրանք, կրկնեմ, մեղադրանքներ չեն, ընդամենը արձանագրումներ:

Հիմա փորձեմ ներկայացնել այն հակափաստարկները, որոնցով դրանց սովորաբար արձագանքում են:

1/ Ոչ, իրավիճակը նույնը չէ, գրանցվել է այսքան տոկոսանոց աճ, այսքան տոկոսով աշխատավարձի բարձրացում, գործազրկության եւ աղքատության կրճատում, միջազգային այսինչ գործակալությունը Հայաստանի վարկանիշը բարձրացրել է այսքան կետով:

2/ Բա ի՞նչ էիք ուզում, որ երկու տարում լինի:

3/ Ամեն ինչ լավ էր գնում, կորոնավիրուսը խանգարեց:

4/ Մինչեւ անցումային արդարադատություն եւ լյուստրացիա չլինի, մինչեւ բոլոր նախկինները չպատժվեն, մինչեւ պետության զավթման փաստը չարձանագրվի, ոչ մի բան չի դզվի:

Առաջարկում եմ ընթերցողներին ինքնուրույն գնահատել նման փաստարկների «զորությունը»: Իսկ դրանից հետո պատասխանել հետեւյալ հարցին՝ արդյոք մենք չե՞նք խուսափում իրավիճակի օբյեկտիվ գնահատականից:

…Իսկ որ երկու տարում շատ բան է փոխվել՝ այո, փոխվել է: Երկու տարի առաջ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիներին հետաքրքրում էր Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը: Հիմա, չնայած դատավարությունը շարունակվում է, դա գրեթե ոչ մեկին չի հուզում: Ի դեպ, երկու տարում այդպես էլ պարզ դարձա՞վ՝ այդ մարդը «տուշոնկա» գողացե՞լ է, թե՞ ոչ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    վերոգրեալ 4/որդ կէտի կապացութեամբ՝

    մէկդի դնելով՝ այդ «անցումային արդարադատություն» վիճելի բնորոշումները, ինչպէս նաեւ՝ երազուած վրէժխնդրութեան իրաւացի կամ հիմնաւորուած լինելու կամ չլինելու հարցը,
    որպէս ցայտուն օրինակ կացութեան մը, որ վստահաբար կ’արդարացնէր որոշ յետադարձ «արդարադատութիւն», յիշենք հետեւեալը՝
    ոչ թէ 3, այլ 30 տարիներ՝ բանտում նեղ խցիկի մը մէջ քարէ գետնի վրայ պառկելէ, բակում շղթայուած, քարեր կոտրելու տաժանակիր աշխատանքի ենթարկուելէ ետք, Նելսըն Մանտէլլան դարձաւ երկրին նախագահը.
    ի գին՝ իր կուսակցութեան հետ խզուելու, իր սեփական ընտանիքին կողմէ դրժուելու, նա երբեք ո՛րեւէ «հաշիւ չմաքրեց», անցեալի նկատմամբ. մէկ էական պատճառով՝ երկիրը չխորտակելու համար

    ահա նրա առաջին օրը նախագահի պաշտօնում, ներկայացուած կենսագրական ֆիլմի մը մէջ, որ իսկապէս կ’արժէ լրիւ դիտել ՝
    https://www.youtube.com/watch?v=GEcCwNzTYJM

  2. Քաղաքացի says:

    Հարգելի Արամ Աբրահամյան,
    Ձեր այս արտահայտությունը. “Եթե ես ցանկանում եմ վաղն ավելի լավ մարդ դառնամ, քան այսօր …..” շատ հուզիչ և անմիջական է հնշում: “Լավ մարդ” ամեն անձ յուրովի է հասկանում: Մարդիկ ծնվելու հաջորդ իսկ օրվանից ի վեր ընտրության երկու ճանապարհ ունեն՝ ծերանալ կամ աճել: ԱՃելու հիմքում ընկած է բարոյականությունը: Կարող ես դառնալ մեծահարուստ մեկը, հիանալի կրտություն և բազմաթիվ նվաճումներ ունենալ, փայփայելով քո ես-ը, սակայն այդ ամենը բոլորովին չի ապահովագրում խաթարված արժեհամակարգ ունենալուց: Այս երկու տարվա ընթացքում հասկացա ևս մեկ բան, բարոյականությունը դա ներքին մղում է դեպի արդարություն, որը հաշվի չի նստում ոչ շահի, ոչ ապահովության և ոչ էլ նպատակահարմարության հետ: Անցյալի համակարգը իր կառկառուն դեմքերով հանդերձ անբարոյականության մի պատկերավոր օրինակ է, որի մասին խոսելն այլևս ավելորդ է: Նրանց կարելի է միայն ցավակցել: Ձեր հարցերի պատասխանը, ըստ ինձ՝
    1. Փոփոխություններ չտեսնողները ծերության ճանապարհն են ընտրել այս կյանքւմ
    2. Բարոյականության տեսանկյունից (դեռ մի կողմ դրած հարցի նյութական մասը) հիմնահատակ ավերված երկիրը, այո, երկու տարվա ընթացքում վերականգնելը անիրական է: Բոլոր վրիպումներով և սխալներով հանդերձ այստեղ կարևորը ուղուց չշեղվելն է:
    3. Կորոնավիրուսը, բոլոր մարդկային (Աստված նրանց հոգին լուսավորի) և նյութական կորուստներով հանդերձ վերջնականապես պատռեց բոլոր դիմակները և դարձի բերեց տատանվողներին դեպի բարոյականություն
    4. Դատաիրավական համակարգը, այո, մեր երկրի ամենաթույլ տեղն է այսօր, որն առաջ շարժվելու ամենամեծ խոչընդոտն է: Թող մասնագետները լուծեն այս հարցը աշխարհում եղած փորձից ելնելով: Այս երկու տարվա կրկեսը, որը կոչվում է դատավարություն և շոուները, փաստում են, որ դատաիրավական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, իսկ Կառավարությունը, ի պատիվ իրենց, առաջնորդվում է որդեգրված մոտեցումներով: Որպես հասարակ քաղաքացի, կասկածներ ունեմ թե ինչքանով է դա նպատակահարմար մեր երկրի համար, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ում հետ գործ ունենք: Իսկ ինչ վերաբերվում է պատժին, նրանք բոլորը արդեն պատժված են, քանի որ Աստծո մեծագույն պարգևը, որը կոչվում է կյանք, այսպես տեսան և հասկացան:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31