Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը վերադարձրել է իր նախկին «տիտղոսը», նա կրկին ամենաշատ բացակայած պատգամավորն է, բայց ունի արդարացում՝ տարիքն առած է, կորոնավիրուսից է զգուշացել

Սեպտեմբեր 25,2020 13:40

Ազգային ժողովը 4-րդ նստաշրջանի ընթացքում շուրջ 2 անգամ ավելի շատ օրինագծեր է ընդունել, քան 3-րդ նստաշրջանում: Բայց 4-րդ նստաշրջանում ԱԺ-ն գործել է արտակարգ դրության պայմաններում ու այս կտրուկ աճը պայմանավորված է համավարակի կանխարգելման կառավարության նախաձեռնություններով: Այսօր «Մեդիա կենտրոնում» 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները ներկայացնելիս՝ այս մասին ասաց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը՝ ընդգծելով, որ նկատվում է օրենքների քանակն արհեստականորեն ավելացնելու միտում. «Մի շարք օրինագծեր ենք գտել, երբ նույն խմբակցության երկու տարբեր պատգամավորներ նույն օրենքում փոփոխություններ են նախաձեռնում, որոնք հաճախ քննարկվել են լիագումար նիստերի ընթացքում: Այսինքն, փորձել ենք օրենքների քանակական աճը դիտարկել մի քանի տեսանկյուններից»:

Թե օրենքների որ մասն է եղել խորհրդարանինը, որ մասը՝ կառավարությանը, այս նստաշրջանում կառավարության օրինագծերը կրկին գերակշռում են: Եթե նախորդ նստաշրջանում աննախադեպ ցուցանիշ էր՝ 30 տոկոսը պատգամավորների նախաձեռնությամբ էր, հիմա խորհրդարանի մասնաբաժինը շուրջ 17% է: Բայց սա չի նշանակում, թե պատգամավորները պասիվացել են, ընդհակառակը, ավելի շատ նախաձեռնություններ են դրել շրջանառության մեջ, պարզապես կառավարությունն է մեծ քանակի նախագծեր բերել ու այդ ֆոնի վրա ԱԺ-ի մասնաբաժինը փոքրացել է տոկոսային ցուցանիշով:

Եթե խմբակցություններին անդրադառնանք, «Իմ քայլը» 17 տոկոսով ավելի շատ օրենքներ է դրել շրջանառության մեջ, քան նախորդ նստաշրջանում, իսկ ընդդիմադիրները՝ 15%-ով պակաս:

Հիմա անցնենք պատգամավորների բացակայություններին. Գագիկ Ծառուկյանը վերադարձրել է իր նախկին «տիտղոսը», նա կրկին ամենաշատ բացակայած պատգամավորն է: Եթե նախորդ նստաշրջաններում գործուղման մեկնած պատգամավորները բացակայում էին ու հայտնվում բացակայողների ցուցակի հնգյակում, ապա վերջին նստաշրջանում կորոնավիրուսի պատճառով գործուղումներ գրեթե չեն եղել ու ինչպես Լուսինե Վասիլյանը նշեց, բացակայությունները իրական «մաքուր» վիճակի են եկել: Ամենաշատ բացակայած 5 պատգամավորներից 4-ը ԲՀԿ-ից են, մեկը՝ «Իմ քայլից», բայց վերջինիս պատճառը հարգելի է՝ ֆիզարձակուրդում էր: Խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորը Միքայել Մելքումյանն է, ամենաշատն է հարց տվել ու ելույթ ունեցել: 132 պատգամավորից 20-ը ելույթ չի ունեցել, հարց չի տվել:

Մելքումյանը, լսելով, որ Գագիկ Ծառուկյանն ամենաշատ բացակայած պատգամավորն է, արդարացրեց իր խմբակցության ղեկավարին՝ ասելով, որ կորոնավիրուսի պատճառով այդ բացակայությունները պայմանավորված են տարիքային ռեժիմով. «ԱԺ-ում ռեժիմ է սահմանված, որ ովքեր տարիքով բարձր են, կարող են դիմել ԱԺ նախագահին ու չմասնակցել, սրանով է պայմանավորված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930