Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյանը՝ գերության մեջ հայտնված հայ զինծառայողների եւ ադրբեջանական կողմի գերիների մասին

Հոկտեմբեր 14,2020 23:37

Ադրբեջանն օգտագործում է ԱԹՍ (անօդաչու թռչող սարք) դարձած «ԱՆ-2» տիպի ռմբակոծիչ ինքնաթիռներ, նման քանի՞ ԱԹՍ է խոցվել մինչ օրս՝ այս հարցին ի պատասխան Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Շատ հաճախ որպես ԱԹՍ կիրառվող «ԱՆ-2»-ները խոցվում են մինչեւ մեր սահմանին մոտենալը, եւ իրականում դժվար է հստակ նույնականացնելը, մանավանդ որ դրանք կարող են խոցվել տարբեր հեռավորություններից եւ բարձրությունների վրա»:

Իսկ ինչ նշանակություն ունեն ԱԹՍ-ները՝  մեր Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) տեղորոշման թիրա՞խ, թե հարվածային դեր: Այս հարցին էլ Արծրուն Հովհաննիսյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Հավատացեք երկուսն էլ: Մենք սկզբից հավաստանշել էինք, որ դրանք կիրառվում են, որպեսզի մեր ՀՕՊ համակարգի տեղորոշումները մատնեն, իսկ այլ փոքր ԱԹՍ-ները հարված հասցնեն, բայց ընդհանուր եղել են դեպքեր, երբ խոցելուց հետո դրանք պայթել են շատ մեծ ուժգնությամբ՝ մարտական մասերով լիցքավորված, ինչը նշանակում է, որ որպես հարվածային էլ են փորձել կիրառել»:

Լրագրողներին նաեւ հետաքրքրում էր, թե իրավիճակ է տիրում սահմանի ողջ երկայնքով:  ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ դեռ մարտեր են ընթանում, բայց ոչ այնքան ինտենսիվ, ինչպես եղել են առավոտյան: Իսկ արդյոք Վարդենիսում կատարվածից հետո, որտեղ ԱԹՍ-ի հարվածից 14-ամյա տղա էր վիրավորվել  թշնամին ստացե՞լ է պատասխան հարված: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ պետք չէ  բարձրաձայնել առանձին դետալները՝ պատասխան, մարտավարություն եւ ինչ-ինչ գործողություններ, միեւնույն ժամանակ հավաստիացրեց. «Միշտ իմացեք, որ թշնամու ցանկացած ոտնձգություն արժանի հակահարված ստանալու է՝ տեղին եւ ժամանակին»:

Ճեպազրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ ադրբեջանական կողմում գերության մեջ հայտնված երկու հայ զինծառայողներին: «Ցավոք, մեր տղաների մասին տեղեկություններ չեմ կարող ասել…Ադրբեջանական կողմը բացարձակապես նման բաներ չի ներկայացնում, Կարմիր Խաչի հետ չի աշխատում, ավելին ասեմ՝ նույնիսկ սեփական դիակները չի էլ փորձում հանել: Մենք վերջին շրջանում բախվում ենք ծայրահեղ անմարդկային վերաբերմունքի հետ՝ Ադրբեջանի կողմից իրենց սեփական կորուստների եւ դիակների նկատմամբ: Նման բան երբեւիցե չենք տեսել, անգամ իրենց կողմից նախկինում չենք տեսել: Սրանք ցուցիչներ են,որոնք եզրակացությունների տեղիք են տալիս:

Ինչ վերաբերվում է այն հարցին, թե մեզ մոտ գերիներ կան, թե ոչ, այո կան, բայց քանիսն են, որտեղ են եւ ինչ վիճակում, ես նման տեղեկությունների չեմ տիրապետում»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031