Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կտան արտահերթ ընտրությունները

Մարտ 16,2021 10:00

Արժե՞ արդյոք մոտակա ամիսներին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ հարցին միանշանակ պատասխան չկա: Մի կողմից՝ հասարակության եւ պետության վիճակն այն չէ, որ կուսակցական գործիչների խմբերը գնան քաղաքացիների մոտ եւ սկսեն խոսել ինչ-որ ծրագրերից: Գումարած դրան` անկախ ընտրությունների արդյունքներից, վստահ չեմ, որ դրանցից հետո կրքերը հանդարտվելու են: Հասարակությունը չափից դուրս պառակտված է՝ ընտրությունների միջոցով կոնսենսուսի գալու համար:

Եթե կան տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք կարծում են, որ Փաշինյանը ազգի դավաճան է, որը պետք է ձերբակալվի, եւ կան մոտավորապես նույնքան կամ ավելի շատ մարդիկ, որոնք վստահ են, թե ներկայիս վարչապետն ազգի հերոս է, որը փրկում է ժողովրդին «թալանչիներից», ապա այդ երկու ծայրահեղ (եւ, իմ կարծիքով, սխալ) համոզմունքների տեր մարդկանց դժվար կլինի որեւէ ձեւով «բարիշացնել»:

Բայց մյուս կողմից՝ ինչպե՞ս կարելի է ստուգել՝ պե՞տք է արդյոք ներկայիս վարչապետը շարունակի իշխել, թե՞ պիտի հեռանա պաշտոնից: Ինձ թվում է՝ միայն ընտրությունների միջոցով:

Բայց բուն բանավեճն այսօր ոչ այնքան արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին է (այդ հարցում, կարծես թե, ընդհանուր համաձայնություն կա), որքան նրա մասին, որ ով է դրանք անցկացնելու: Ընդդիմադիրների մեծ մասն ասում է, որ եթե ընտրություններն անցկացվեն Փաշինյանի իշխանության օրոք, ապա դրանք կեղծվելու են: Նման պնդումների համար հիմքեր կան. դրա վկայությունն է, օրինակ, վարչական ռեսուրսի եւ օլիգարխիայի միջոցների համատարած օգտագործումը՝ այս տարվա մարտի 1-ին իշխանությանն աջակցող հանրահավաքը կազմակերպելու համար: Իշխանության «ստանդարտ վարքի» մեկ այլ դրսեւորում է ընդդիմադիրների վրա «գործեր կարելը»: Այդ հարցերում ներկայիս վարչապետն իրեն դրսեւորում է որպես երդվյալ «սերժառոբական»:

Բայց արդյո՞ք նույն կասկածներն իրավաչափ չեն, եթե ընտրությունների պահին իշխանության գլխին լինի «17+»-ը: Եկեք հիշենք, որ այդ դաշինքում կան կուսակցություններ, որոնց առանց չափազանցության կարելի է անվանել «ընտրակեղծիքների ճանաչված վարպետներ»: ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն  բազմիցս զբաղվել են այդ, պարզ ասենք, ազգակործան գործով, իսկ ՀՅԴ-ն բազմիցս օգտվել է դրա արդյունքներից: Ի դեպ, վերջերս սփյուռքահայ բարեկամներից մեկն ինձ հարցնում էր՝ «ինչո՞ւ Հայաստանում շատերն այնքան վատ են տրամադրված Դաշնակցության հանդեպ»: Իմ պատասխանը պարզ է՝ անկախ ՀՅԴ-ի՝ հայ ազգին մատուցած ծառայություններից, հայաստանցիների համար առաջնայինն այն է, որ այդ կուսակցությունը մաս է կազմել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությանը:

Իհարկե, մենք ունենք կուսակցություններ, որոնք արատավորված չեն ընտրակեղծիքներով: Բայց ի՞նչ երաշխիքներ կան, որ նրանք, զգալով իշխանության համը, իրենց ստանդարտ ձեւով չեն դրսեւորի: Հայաստանում ընդունված ստանդարտներով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ՀՅԴ-ն մաս չէր կազմեր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանութեանց, եթէ ՆԱԽԱՊԷՍ, անոնց Երեւան գալէն ԱՌԱՋ, զայն մերժած չլինէր Հայաստանի ժողովուրդը, ապա զայն այդտեղ չքանդէր Առաջին Նախագահը:

    Նախնական այդ վիճակին մատնուելէ ետք, ՀՅԴ-ն Հայաստանի մէջ քաղաքական գոյատեւման ուրիշ այլընտրանք չունէր: Կամ ետ դուրս կ’ելլէր Հայաստանէն, կամ կը համագործակցէր ղարաբացնիների վարչակարգերուն հետ:

    Ասիկա ժամանակագրական, անհերքելի իրականութիւն է:

    ՀՅԴի հանդէպ Հարաւային Կովկասի հայերուն կեցուածքը կապ չունի Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանութեանց հետ այդ կուսակցութեան համագործակցութեան հետ:

    Եթէ անկախացած Հայաստանի ժողովուրդը, ԱՌԱՋԻՆ օրերէն սկսեալ, մի քիչ աւելի քուէներ տար ՀՅԴաշնակցութեան, ապա վերջինս, ոչ՝ անցած վարչակարգների վախտ, ոչ ել՝ այժմ, չէր ստիպուեր քաղաքական անհաճոյ դաշինքներ փորձել, սրա կամ նրա հետ:

    Պարզաբանում (առարկայականօրէն անհերքելի փաստարկում) ՝
    «ՀՅԴ-ն միայն ժողովուրդին կա՛մքն է որ կատարեց Հայաստանի մէջ»՝
    https://haytougchamlian.blog/հյդ-ն-միայն-ժողովուրդին-կամքը-կատարեց/

  2. հայկ համբարձումեան says:

    “Ինձ թվում է՝ միայն ընտրությունների միջոցով:”

    ինչու՞ միայն. կայ արժանապատուութիւն ըսուած բան մը, կայ քաղաքական հաշուետուութիւն ըսուած բան մը։

    եթէ հայաստանը ձեր նկարագրածին պէս երկիր մն է, ուր խնդիրները քաղաքակիրթ ձեւով ընտրութիւններով կրնան լուծուիլ, ուրեմն պէտք է նաեւ պահանջել որ ձախողած պատասխանատու անձիք հեռանան՝ առանց յաջորդին մասին մտածելու, առանց նախապայմանի. ինչպէս ամէն քիչ թէ շատ քաղաքակիրթ երկիր։

    իսկ եթէ այդպիսի երկիր չէ՝ արդէն ընտրութիւններու կեղծ ժողովրդավարութիւնն ալ պէտք չկայ քարոզելու։

  3. Armen says:

    Իմ կարծիքով հայրենիքի ապագայով մտահոգ քաղաքական ուժերը պետք է միավորվեն և մեր հասարակությանը համոզիչ ներկայացնեն մեր պետության աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության անհրաժեշտությունը (ուսումնասիրման արժանի է Վրաստանի օրինակը), միայն նշված փոփոխության դեպքում կարելի կլինի դուրս գալ այս անորոշ և անհույս վիճակից:
    Ազգը միասնական եղել է 80-ականների վերջից մինչև 1-ին պատերազմի ավարտը, պարզապես բավական երկար մի ժամանակահատվածի ընթացքում այն առերևույթ չի արտահայտվել համակարգված վախի մթնոլորտի պատճառով (նույնիսկ մանկավարժն էր զրկվում աշխատանքից «ոչ ճիշտ» քաղաքական կողմնորոշման համար):
    Հարգանքով եմ վերաբերվում մեր պատմություն ունեցող կուսակցությանը, սակայն նույն պատմությունը բացահայտեց նաև ոչ վաղ անցյալի և ներկա ՀՅԴ-ի հայաստանյան վերնախավի քաղաքականության հիմնական դրույթը, այն է՝ կոմֆորտ զգալ երբ իշխանության մաս ես և ծայրահեղ ռեակցիոն ընդիմադիր՝ երբ զրկված ես իշխանությունից: Իշխանության մաս կազմելով ՀՅԴ-ից նախարարները ոչնչով չէին տարբերվում մյուսներից և հիմնականում զբաղված էին երկարաժամկետ կտրվածքով սեփական ընտանիքների ֆինանսական պայմանների ապահովմանը:

    • Ջորդանո Գալիլյան says:

      “աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության անհրաժեշտությունը (ուսումնասիրման արժանի է Վրաստանի օրինակը)”

      Այո, այո, իհարկե: Ինքնասպանության ուղին բռնած «հպարտ» քաղաքացիները հատկապես Աջարիայի օրինակն են ուսումնասիրում. «դուխով» չարչիները շտապում են համալրել թուրքահպատակների կուռ շարքերը…

      “Հարգանքով եմ վերաբերվում մեր պատմություն ունեցող կուսակցությանը, սակայն …”

      Լեւոնանիկոլական քիրվայական զանգվածը շատ մեծ «հարգանքով» է վերաբերվում. հարգելով արգելում է, հարգելով զրպարտում, հարգելով փնովում ու անպատվում: Իրականում այս պարտվողական չարչիները Դաշնակցությանը միշտ վերաբերվել են համարյա թե այնպես, ինչպես թուրքերը: Ի՞նչ կարելի է սպասել սրանցից, եթե պատրաստ են անգամ Ցեղասպանությունը մոռանալ ու հրաժարվել Հայ Դատից…

    • Հ.Շ. says:

      @Armen,
      տեսէք, որոշ ճիշդ բաներ ասում էք, սակայն չափազանցում էք (ոչ թէ ձեւական չափազանցութեամբ, ինչպէս որ ես al երբեմն կ’ընեմ, այլ՝ խորքային մակարդակի վրայ). եւ այդպէսով Ձեր լրիւ ասածը տուժում է.

      ես ինքս, որպէս նախկին շարքային դաշնակցական եւ Գաղափարականով յաւիտեան դաշնակցական, համաձայն եմ որ, ափսոս, Հայաստանի մէջ դաշնակցական նախարարները բաւարար չափով չարդարացուցին իրենց այդ բարձր պաշտօնները. յուսախաբեցին, առաջին հերթին՝ դաշնակցականներին. կարող էին եւ պարտաւոր էին շատ աւելի աշխատիլ, նշանակալից բաներ կատարել, իրագործել. իսկ եթէ ոչ, պէտք չէ որ ստանձնէին այդ պաշտօնները. այդ իմաստով, լայնօրէն պարապի տարին Դաշնակցութեան համագործակցութիւնը օրուայ վարչակարգերի հետ.

      այնուհանդերձ, ասել թէ նրանք «ոչնչով չէին տարբերվում մյուսներից», ճիշդ չէ. պարզապէս՝ սխալ հաստատում մըն է. եւ ի դէպ, Ձեր կողմանէ մեծ նուէր մըն է՝ այդ «միւսներէն» ոմանց, որոնց կը վերաբերի Ձեր ակնարկը.

      իսկ եթէ աշխարհի համայն դաշնակցականները ընդունեցին նիւթի առարկայ համագործակցութիւնը նախորդ վարչակարգերի հետ, քաղաքական կենսական հարկադրանքի ազդակէն զատ – որու մասին է վերեւ նշած յօդուածս -, այդտեղ կար նաեւ այն ըմբռնողութիւնը որ, յանուն ազգային շահերի, ի սէր Հայութեան ե՛ւ Հայաստանին, գործնական գետնի վրայ պէտք է որ տեղի ունենային սկզբունքային տեղատւութիւններ.

      մի կարեւոր բան ել արձանագրեմ այստեղ՝ այժմու վարչակարգը լաւագոյն փաստն է, որ Դաշնակցութիւնը վերջին հաշւուով ճիշդ բան կատարեց, համագործակցելով նախկին վարչակարգերուն հետ. այպնէս որ, այդ ուղղութեամբ «բարդոյթներ» չէք կարող սրսկել դաշնակցականների մէջ.

      յիշենք յատկապէս որ Դաշնակցութիւնը, որքան ատեն որ հնարաւոր էր, նաեւ համագործակցեցաւ Փաշինյանին հետ. եւ այդ ալ ըրաւ ոչ թէ «միւսներուն» պէս, տոտիներուն-մոտիներուն պէս, այլ՝ անկեղծօրէն եւ իսկապէս. ինք է որ չգիտցաւ օգտագործել այդ պատեհութիւնը, որու շնորհիւ թերեւս չէինք հատներ այս կէտին

      նաեւ յիշեցնեմ որ հակառակ Առաջին Նախագահի անասելի վերաբերմունքին ՀՅԴի դէմ, վերջինս անձնական որեւէ ոխ չպահեց նրա հանդէպ, եւ առիթներով, հանդիպումներ ունեցաւ իր հետ, տեսնելու համար եթէ, այդ ուղղութեամբ եւս, յանուն գերագոյն նկատողութիւններու, հնարաւոր է տակաւին իրարու հետ «լեզու գտնել»

  4. Ruben says:

    Ի՞նչ կտան արտահերթ ընտրությունները:
    Ոչինչ:
    «От перемены мест слагаемых сумма не меняется»

  5. Հ.Շ. says:

    երանի թէ վերԱնկախութենէն ետք, ՀՅԴաշնակցութիւնը այդքան արագ կերպով չվերադառնար – իր հիմնած – Հայաստան, կառոյց չստեղծէր այդտեղ. կը շարունակէր կատարել իր գործը – ինչպէս որ անում էր նոյնիսկ Սովետի վախտ, ի դէպ … յատկապէս Արցախի կապակցութեամբ… -, սակայն կը յետաձգէր՝ իր գրանցումը այդտեղ, որպէս քաղաքական կուսակցութիւն.
    այդ ձեւով, պարապ տեղը իր ուժն ու կարողութիւնները չէր վատներ, ի հեճուկս Սփիւռքին. եւ հաւանական է որ, աւելի ուշ, նրա հանդէպ ատելութեամբ լեզուած հայաստանցիներից շատերը անգամ, իրե՛նք պիտի աղաչէին որ նա գայ Հայաստան, ու այդտեղ դառնայ տեղական կուսակցութիւն.

    իսկ յաջորդ ընտրութիւններուն, նորէն պիտի շահագործեն ու մէկդի պիտի դնեն զայն. եւ դաշնակցականները նորէն պիտի ընդունին այդ վերաբերմունքը, յանուն Գաղափարի, եւ նաեւ «մահ իմացեալ, անմահութիւն է» ըմբռնողութեամբ.

    իրողութիւն է որ ռուսական եւ օսմանեան կայսրութիւնները, ապա Թուրքիան եւ խորհրդային Միութիւնը, չկարողացան տկարացնել Դաշնակցութիւնը. սակայն Հայաստանը, կարողացաւ ընել այդ. շնորհաւոր ըլլայ.

  6. Ruben says:

    Պետք է վերադառնալ 1990 թվական և սկսել սկզբից:
    1. Վերականգնել պետականությունը և դառնալ առաջին հանրապետության իրավահաջորդը:
    2. Ստեղծել ժամանակավոր կառավարություն աշխարհի խելացի հայերից:
    3. Ձերբակալել և դատի տալ բոլոր նախագահներին, նախարարներին, գործադիր ղեկավարներին, կուսակցական օլիգարխներին, վախկոտ զինվորականներին, համր ոստիկաններին, հետախուզության և հակահետախուզության անգործներին, կաշառակերներին, խարդախներին, բառիգներին, ծույլ գյուղացիներին, քաղաքի մակաբույծներին, դավաճաններին և լրտեսներին:
    4. Վերականգնել ԴՈՍԱԱՖ-ը, բոլոր բնակավայրերում ստեղծել զինված ստորաբաժանումներ, վերականգնել ֆիդայական շարժումը («կազակական» զորքեր):
    5. Դասալիքներին մահապատիժ:
    6. Վերականգնել ազգային, պետական գաղափարախոսությունն ու ազգային-ազատագրական պայքարը:
    7. Չեղարկել բոլոր քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները և ստեղծել մեկ պետական շարժում:

  7. Լավատես says:

    Առանց ռիսկի չկա առաջընթաց եւ ոչ մի բնագավառում, ռիսկը գիտակցականի ու անգիտակցականի, գիտության ու կրոնի շփման տիրույթում է, կարծում եմ, երբ մենք թամբենք ռիսկերի գիտական կառավարումը եւ ազգային կրոն ստեղծենք’ վերջինս էլ կսովորեցնի կառավարել մեր ռիսկերը անգիտակցականի, ինտուիցիայի, զգայականի մակարդակում եւ ռիսկով գործելը դառնա ազգային մշակույթ, այդ ժամանակ էլ մենք ազգովին կքաղենք մեր ազգային առաջընթացի քաղցր պտուղները:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031