Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պաշտոնազրկվեց Գյումրու ավստրիական հիվանդանոցի տնօրենը․ Շիրակի մարզպետի պարզաբանումը

Մայիս 14,2021 21:40

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն իր պաշտոնավարման հարյուր օրն ամփոփելիս՝ անդրադարձավ նաև Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանի պաշտոնազրկմանն ու բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Երևանի պետական բժշկական համալսարանում տարբեր պաշտոններ զբաղեցրած Սամվել Ավետիսյանին մայրաքաղաքից հրավիրելուն ու այդ պաշտոնում նշանակելուն։

Հիշեցնեք, որ Շիրակի մարզի դատախազությունում էլ քրգործ էր հարուցվել Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 2020 թվականի ընթացքում պետպատվերի շրջանակում ձևական հիվանդ երեխաների գրանցելու, խարդախություն կատարելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ՝ շուրջ 7 միլիոն 984 հազար դրամ հափշտակելու կասկածանքով։

Ինչևէ, լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ժորժիկ Սերոբյանը խորհուրդ է տվել իրեն պաշտոնից ազատելու պատճառի մասին հարցնել մարզպետից, Հովհաննես Հարությունյանը մեկ անգամ ևս նշեց, որ պաշտոնազրկումը կապված չէ հարուցված քրգործի հետ։

«Ես տեղեկացա, ինձ էլ զեկուցեցին այն խնդիրների մասին, որոնք առաջացել էին Ավստրիական հիվանդանոցում, բայց այդ ամենը գտնվում է իրավական դաշտում, ես ի պաշտոնե իրավական գործընթացներին չունեմ իրավունք թե՛ միջամտելու, թե՛ հետևելու։ Քրգործի բովանդակության հետ ծանոթ եմ այնքանով, որքանով դուք եք ունեցել հնարավորություն ծանոթանալու՝ որպես լրագրողներ։

Ինչ վերաբերում է հարցի մյուս կողմին, չպետք է սա խառնել մյուս թեմայի հետ, տնօրենի փոփոխման հետ կապված ՓԲԸ-ների մասին օրենքով հստակ ֆիքսված են լիազորությունները, որն ունի հիմնադիրը և կարող է հայեցողական որոշում կայացնել տնօրենի փոփոխության։

Ես օգտվել եմ իմ՝ այդ որոշումը կայացնելու իրավունքից և որոշում եմ կայացրել փոխել տնօրենին։ Եվ այդ փոփոխման հետևանքները մենք պետք է ինչ-որ ժամանակ հետո սկսենք տեսնել, որովհետև իմ համար Ավստրիական հիվանդանոցի մանկական մնալը և զարգանալը կարելի է ասել՝ պատվի հարց է։

Ես չեմ ուզում այս պահին իմ ունեցած հստակ գնահատականն աշխատանքի վերաբերյալ բարձրաձայնել, դրանք միգուցե լինեն սուբյեկտիվ, իրականում դա ինձ օգնել է իրավիճակը գնահատելու, բայց կա մի որոշում, որը ես բարձրաձայն եմ ասում։ Այո՛, ես որոշումը կայացրել եմ և օգտվել եմ որոշում կայացնելու իմ հնարավորությունից՝ փոխել տնօրենին, որը և արել եմ։

Չեմ ուզի տնօրենի ազատման մասին խոսել, կուզենամ նշանակման մասին խոսել։

Ես որոշում եմ կայացել նշանակել այնպիսի մի մարդու, ով հավատաց իմ երազանքին, որ Գյումրի քաղաքը կունենա այնպիսի մանկական ծառայություն, որը ոչ մի բանով չի զիջի, Աստված տա մի քիչ ավելին լինի, քան Երևանում եղած մանկական ծառայությունները։

Այո՛, դա իմ համար մանկական երազանք է եղել։ Նեղ անձնական բան ասեմ, ես երբ նոր էի սկսել կարդալը, իմ ձեռքն ընկավ իմ փոքր եղբոր մահվան վկայականը, որը մահացել էր մի քանի ամսական հասակում՝ բժշկական սխալի հետևանքով։ Եվ այդ ժամանակ իմ մոտ մանկական երազանք առաջացավ դառնալ բժիշկ, թույլ չտալ, որ նման դեպքեր լինեն։

Ես որ ասում եմ Ավստրիական հիվանդանոցը պետք է զարգանա՝ որպես մանկական հիվանդանոց, ես իմ ասածին հավատում եմ և հույս ունեմ՝ այն քայլերը, որոնք որ այնտեղ իրականացվում են՝ նոր մասնագետների ներգրավման հետ կապված, այդ աշխատանքները իրենց պտուղը տալու են։

Տնօրենի առաջ կա դրված մի կարևոր խնդիր․ այն հիվանդները, որոնց բուժումը հնարավոր է կազմակերպել Գյումրիում, պետք է Գյումրիում բուժվեն, այլ ոչ թե մանկական հիվանդանոցը դառնա ընդամենը սորտավորման կենտրոն, կներեք բառի կոպիտ հնչելու համար։ Եվ երկար տարիներ, այո՛, այդ հիվանդանոցը նման ծառայություն է մատուցել»,- ասաց մարզպետը։

Նա նաև նշեց, որ այնտեղ արդեն իսկ կարդում են դասախոսություններ, որոնք բուժաշխատողների մեծ մասը վերջին անգամ լսել են համալսարանում՝ բուհում սովորելու տարիներին։

«Իմ այդ երազանքն իրագործելու համար ես խնդրեցի, որ Գյումրի գար և ինձ օգներ Սամվել Արծրունու Ավետիսյանը, որը բժշկական համալսարանի ախտաֆիզոլոգիայի ամբիոնի վարիչն էր, պրոֆեսոր։ Ինքն ամբիոնում մնացել է՝ որպես պրոֆեսոր, բայց ամբիոնի վարիչությունից դուրս է եկել, եկել է՝ հավատալով ինձ, որ մենք դա կարող ենք անել։

Իմ որոշման հիմքում այն է եղել, որ մենք ունենանք բազմաֆունկցիոնալ մանկական հիվանդանոց, մենք չպետք է ընդամենը վճարովի ծառայություններ իրականացնելու և դրամարկղը լցնելու համար ինչ ծառայություն կա աշխարհի տակ, բերենք և անենք մանկական հիվանդանոցում։ Դա իմ կողմից բացառվելու է։

Միգուցե տարբեր տնտեսական հարցերով՝ դեղատուն, նման տեսակի բաներ լինեն, որոնք կօգնեն, այսպես ասած, դրամարկղը լցնել ընթացիկ ծախսեր հոգալու, բայց չպետք է մանկահասակների հիվանդանոցը վերածենք մեծահասակների հիվանդանոցի, որպեսզի ընդամենը ցույց տանք դրամարկղում աճը»,- ասաց բժիշկ մարզպետը։

Նշենք, որ այս հիվանդանոցի շուրջ ծավալվող իրադարձությունների հանդեպ գյումրեցիները շատ զգայուն են․ 15 տարի շարունակ տնօրենի պաշտոնը զբաղեցրած դաշնակցական Աշոտ Կուրղինյանին Ժորժիկ Սերոբյանով էր փոխարինել նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որն էլ Գյումրիում դարձել էր բուռն քննարկման թեմա։ Պատճառն այն էր, որ Ժորժիկ Սերոբյանը նախկին մարզպետի թիմակիցն էր։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31